Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ VNews Culture-ն ամեն օր կներկայացնի տվյալ օրվա ֆիլմացանկը։
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԿԱՊՈՒՅՏ ԴԱՀԼԻՃ
Յամաբուկի / Yamabuki
ռեժ.՝ Սիմոն Լերենգ Վիլմոնթ

Արևմտյան Ճապոնիայի սարերում՝ Մանիվա փոքրիկ քաղաքում, բնակվում է Չանսուն՝ Հարավային Կորեայի ձիավարների օլիմպիական հավաքականի նախկին մարզիկը: Նա կքած է հոր ձախողված բիզնեսի պարտքերի տակ և աշխատում է քարհանքում: Ապրում է Մինամիի և նրա մանկահասակ դստեր հետ. Մինամին յոթ տարի առաջ փախել է ամուսնուց և նրա ընտանիքից: Դպրոցական Յամաբուկին, որ կորցրել է մորն ու ոստիկան հոր հետ է ապրում, ինքնաբուխ բողոքի լուռ ցույցեր է սկսում մի խաչմերուկում՝ մտածելով օվկիանոսի մյուս կողմում գոյություն ունեցող խնդիրների մասին: Չանսուի, Յամաբուկիի և քաղաքի մյուս բնակիչների կյանքի ուղիները կամաց-կամաց սկսում են խաչվել:
Ժամը՝ 16:00
Ռիմինի / Rimini
ռեժ.՝ Ուլրիխ Զայդլ

Ռիչի Բրավոն, որ ժամանակին հաջողակ փոփ աստղ է եղել, սառնաշունչ Ռիմինիում խամրած փառքի հետքերով է գնում: Նա իր շվայտ կյանքի և խաղամոլության համար միջոցներ է հայթայթում բազում զբոսաշրջիկների առաջ համերգներ տալով և երկրպագուհիներին սեռական «լավություններ» անելով: Ռիչիի աշխարհը սկսում է կործանվել, երբ չափահաս դուստրը ներխուժում է նրա կյանքը և երբեք չստացած փող պահանջում: Իսկ Ռիչիի ծեր հայրը, որ տառապում է թուլամտությունից, անվերջ պտույտներ է տալիս ավստրիական ծերանոցում:
Ժամը՝ 22:00
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃ
Ես լակիտ չեմ / I’am Not Lakit
ռեժ.՝ Մարի Սուրաե

Իսլամական բառարանի համաձայն՝ լակիտն ապօրինածին լքված երեխա է։ Ըստ լիբանանյան օրենսդրության՝ նա լիովին իրավազուրկ է։ Սալեհը ոչ կրթվելու իրավունք ունի, ոչ ճանապարհորդելու։ Նա զրկված է առհասարակ անձնագիր կամ որեւէ փաստաթուղթ ստանալու իրավունքից։ Մի քանի անգամ հայտնվել է բանտում՝ փաստաթղթեր չունենալու պատճառով։ Պետությունը պատժել է Սալեհին հենց միայն ծնվելու համար։
Ժամը՝ 19:30
Չայկովսկու կինը / Tchaikovsky’s Wife
ռեժ.՝ Կիրիլ Սերեբրեննիկով

Ֆիլմը Պյոտր Չայկովսկու ամուսնության պատմությունն է՝ նրա կյանքի շրջադարձային դրվագներից մեկը: Կյանքը փոխելու և ասեկոսեներին վերջ դնելու համար ամուսնությունը լուրջ ճգնաժամի է մատնում կոմպոզիտորին: Երբ նա ի վերջո բաժանվելու որոշում է կայացնում, դա կոտրում է երիտասարդ կնոջը և ի վերջո խելագարության հասցնում:
Ժամը՝ 21:30
ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ
Խադիգա / Khadiga
ռեժ.՝ Մորադ Մոստաֆա

18-ամյա Խադիգան, որ երիտասարդ մայր է, մենակ է ապրում երեխայի հետ, ամուսինը մեկնել է հեռավոր քաղաքում աշխատելու: Մի սովորական օր կինը Կահիրեի աղմկոտ փողոցներով գնում է այցելությունների և իրեն շատ անհարմար զգում:
Ժամը՝ 17:00
ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆ
Քաոս / Chaos
ռեժ.՝ Լաերտ Վաղարշյան

Բաքու, 20-րդ դարի սկիզբ: Նշանավոր նավթատեր Մարկոս Ալիմյանը ամբողջ կարողությունն ու սեփականությունը ժառանգում է ավագ որդուն՝ Սմբատին: Ազնիվ և պարկեշտ Սմբատը գործի մեջ է մտնում և մոռացության տալիս բոլոր վեհ ձգտումները՝ փողի համն առնելով: Իսկ միջնեկ որդին՝ շռայլասեր և հարբեցող Միքայելը, փոխվում է Շուշանիկի սիրո շնորհիվ: Ալիմյանի՝ անուշադրության մատնված փեսան՝ Ղալումյանը, փորձում է իր բաժինը պոկել՝ օգտագործելով Ալիմյանի փոքր որդուն՝ անչափահաս Արշակին:
Ժամը՝ 18:00


