Հուլիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Ներկայացնում ենք մրցանակակիրների ամբողջական ցանկը.
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։ Արծաթե ծիրան է ստացել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։
Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։ FIPRESCI մրցանակ է ստացել Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։ Արծաթե ծիրան է ստացել Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել Ահմադ Սալեհի «Գիշերը»։
FIPRESCI մրցանակը տրվեց Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը» կինոնկարին:
«Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ» ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» (լավագույն հայկական կարճամետրաժ) կինոնկարը: Համբարձումյանը բեմ բարձրացավ և ժպիտով ասաց, որ ժամանակին զբաղված է եղել հայկական ֆիլմերը քննադատելով, այժմ ինքն է կինոնկար նկարահանում և սպասում է քննադատությունների:
«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։ Մրցանակը հանձնեց 2019 թվականին «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր եզդի իրավապաշտպան, գրող և ակտիվիստ Միրզա Դինային:
Մրցանակաբաշխության ավարտին բեմ բարձրացավ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի ժյուրիի անդամներին, հյուրերին, հանդիսատեսին:
Հիշեցնենք, որ այս տարի կինոփառատոնն անցկացվեց հուլիսի 10-17-ը, որի ընթացքում ցուցադրվեց 100-ից ավելի ֆիլմ: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացվեցին ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից:
Փառատոնն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Նյութի լուսանկարը՝ Արմենպրեսից


