Logo

Ստի դետեկտորը. «Պոկեր ֆեյսը» հայտարարում է՝ դետեկտիվ ժանրը բոլոր ողջերից էլ ողջ է

Հեղինակ
Արման Գասպարյան
16:55 / 31.03.2023• Վերլուծություն
Բացառիկ
null

Մինչ վերջերս դետեկտիվ ժանրը կինոյում ապրում էր ոչ լավագույն ժամանակները։ Ագաթա Քրիստիի դասական գործերի երկու միջակ էկրանավորում Քենեթ Բրանայից (հերթական էկրանավորում), պլյուս մի քանի անցողիկ գործ։ Դետեկտիվը սպասում էր իր փրկչին, իսկ փրկիչն այդ ընթացքում զբաղված էր «Աստղային պատերազմների» հերթական, գերթանկարժեք մասով։ Սակայն մեծ Սագայի հերթական մասն առաջացրեց երկրպագուների դժգոհությունը, իսկ ռեժիսոր Ռայան Ջոնսոնն իրեն գտավ հենց դետեկտիվ ժանրում։

2019-ին ցուցադրված «Հանել դանակները» (Knives Out) կիսակատակերգական պսևդոդետեկտիվը, չնայած կիլոմետրերով հեռու էր խորամանկ ու հնարամտորեն կառուցված «իսկական» դետեկտիվից ու շատ լուծումներ հիմնված էին զուտ պատահականության ու «օդից վերցրած» լուծումների վրա, կարողացավ հագեցնել կինոդիտողի դետեկտիվային ծարավը կոլորիտային կերպարների ու լավ հումորի շնորհիվ։ Նախորդ տարի դուրս եկած սիքվելը շարունակեց դետեկտիվ Բենուա Բլանկի արկածները` զգալիորեն զիջելով օրիգինալին դետեկտիվային էլեմենտների առումով, սակայն պահպանելով հումորը։ 

Այդուհանդերձ, Ջոնսոնը, կարծես, վերջապես իրեն գտավ կինեմատոգրաֆում` նեոնուարից, ժամանակային ճամփորդության մասին գիտական ֆանտաստիկայից ու տիեզերական օպերայից հետո։ Ու ամրապնդեց դետեկտիվ ժանրի փրկչի իր կոչումը` հիասքանչ «Պոկեր ֆեյս» (Poker Face) սերիալով։ Մենք դիտել ենք սերիալի առաջին եթերաշրջանն ու ներկայացնում ենք տպավորությունները․

Չառլի Քեյլը միջին տարիքի կին է, նա մատուցող է խոշոր կազինոյում։ Չառլին յուրահատուկ տաղանդ ունի. նա ստի ամենաճշգրիտ դետեկտորի նման անմիջապես ֆիքսում է, երբ դիմացինն իրեն ստում է։ Այս տաղանդի, կամ անեծքի շնորհիվ, Չառլին անընդհատ հայտնվում է իր կյանքի համար վտանգավոր իրավիճակներում։ 

Առաջինը, ինչ պետք է իմանալ, այն է, որ Ռայան Ջոնսոնը լեգենդար «Կոլոմբո» (Colombo) սերիալի կատաղի երկրպագու է։ Դրանից էլ բխում է այն, որ «Պոկեր ֆեյսը» ծայրից ծայր հնարամիտ հարգանքի տուրք է Պիտեր Ֆալկի մարմնավորած կերպարին ու սերիալին. սկսած տիտրերի գունավորումից ու կառուցվածքից, դետեկտիվի գլխիվայր շրջված ստրուկտուրայից, երբ սկզբում ցույց են տալիս հանցագործությունը, իսկ հետո` թե ինչպես է այն բացահայտվում, մինչև Չառլիին մարմնավորած անկրկնելի Նատաշա Լեոնի` անդադար Ֆալկի շարժումներն ու անգամ ձայնի ինտոնացիան կրկնելը։ Վստահաբար, կարելի է ասել, որ Չառլին Կոլոմբոյի ալտեր էգոն է 2020-ականներից։ 

Միաժամանակ, հմտորեն օգտագործելով սուտը տեսնելու Չառլիի տաղանդը, Ջոնսոնը հենց դրա շուրջ է կառուցում հանցագործության կծիկը քանդելու ամբողջ պրոցեսը։ Եթե Կոլոմբոյի մոտ դա հանցագործին լքելու պահին պատահաբար ինչ-որ բան հիշելն էր, Չառլին միշտ ամեն ինչ սկսում է Bullshit արտահայտությունից` վայրկենական ֆիքսելով սուտը։ 

Ընդ որում, սա միաժամանակ թե՛ հորիզոնական, և թե՛ ուղղահայաց սյուժետային ստրուկտուրայով սերիալ է։ Հորիզոնական, որովհետև ամբողջ եթերաշրջանը Չառլիի` պատժից փախչելու մասին է, իսկ ուղղահայաց, որովհետև փախուստի ընթացքում յուրաքանչյուր էպիզոդում Չառլին բախվելու է նոր հանցագործության ու դրա բացահայտման անհրաժեշտությանը։ Հանցագործներն ու զոհերն էլ ամենատարբեր սոցիալական շերտերի ու մասնագիտությունների տեր մարդիկ, ներկայացված են հայտնի աստղերի կամեոներով, իսկ թե՛ հանցագործությունները, թե՛ դրանց բացահայտումը խելացի գլուխկոտրուկներ են` շատ ավելի մոտ դասական դետեկտիվին, քան Ջոնսոնի նախորդ գործերը։ 

Կարևորը, սակայն, «Պոկեր ֆեյսում» պատիժն է։ Ի տարբերություն Կոլոմբոյի, Չառլին ոստիկան չէ, ավելին` լինելով փախուստի մեջ, չի կարող ոստիկանություն դիմել։ Սակայն արդարության ուժեղ զգացումն այս դեպքում ստիպում է գլխավոր հերոսուհուն հորինել ևս մի գլուխկոտրուկ. ոճիրի համար ոճրագործին պատժելու իր սեփական եղանակը։ 

fastnews-ads-banner