Logo

Ուրուգվայում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

21:03 / 27.06.2024Լուրեր
null

Հունիսի 25-ին Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացած այս համերգին Հայկ Մելիքյանը՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին նաև Արամ Խաչատրյանի հանրահայտ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝ «Դիմակահանդեսի» վալսը, «Զանգեզուրի քայլերգը», «Գայանե» բալետից հատվածներ և այլն:


Ուրուգվայում ՀՀ դեսպանության հրավերով՝ համերգին ներկա էին նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Համերգին հաջորդած ընդունելության ընթացքում դեսպան Մարիամ Գևորգյանը շնորհակալագրերով է պարգևատրել դաշնակահար Հայկ Մելիքյանին և դիրիժոր Ալվարո Հակոբյանին՝ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունն Ուրուգվայում լավագույնս ներկայացնելու համար: 


Այս բացառիկ համերգի շրջանակներում ՀՀ դեսպանությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ գործակցությամբ, Սոլիս թատրոնում ներկայացրեց նաև Արամ Խաչատրյանի՝ 1957 թվականին Ուրուգվայ կատարած այցի լուսանկարների ցուցահանդես:

 

fastnews-ads-banner