10-ամյա հայազգի Անիտա Աբգարյանն այս տարի ներկայացնելու է Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթում։ Նա հաղթել է երկրի ազգային ընտրական փուլում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Անիտան ճանաչում է ձեռք բերել «Ռանինա» հեռուստաշոուի ութերորդ եթերաշրջանում հաղթանակից հետո։ Համաձայն նախագծի կանոնների՝ շոուի հաղթողն է դառնում երկրի ներկայացուցիչը միջազգային մրցույթում։
Անիտայի մրցութային երգը՝ «Shine Like a Star», գրել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն, իսկ բառերի հեղինակներից է «Candy» խմբի նախկին անդամ Մարիամ Գվալաձեն՝ 2011 թվականի մանկական «Եվրատեսիլի» վրացի հաղթողը։
Տեսահոլովակը նկարահանել է Վրաստանի Առաջին ալիքի անձնակազմը։ Ռեժիսորն է Թեմուր Կվիրկվելիան։


