
«Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր». հենց այս խոսքերն է գրել Զապել Եսայանի մասին ամերիկյան Refinery29 կայքը՝ ներգրավելով կնոջը աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում:
Զապել Եսայան
20-րդ բարդ դարաշրջանի դեպքերի ականատեսն ու անմասն չմնացած կինն է Զապել Եսայանը: Կին, որի անունը 40 տարի շարունակ հայտնվեց բազում գրքերի կազմերին: Նա պնդում էր, որ գրականությունը պերճանք չէ, այլ՝ զենք: Զենք՝ նրա նուրբ կանացի ձեռքերում: Նա գրական ասպարեզ մտավ 19-րդ դարի վերջում, երբ հասարակական ու քաղաքական պայմանները չէին կարող շրջանցել նրա գրականությունը: Նա ոչ միայն գրող էր, այլև գրական գործիչ, կուսակցական գործիչ, ուղղակի գործող կին:
Զապելը ծնվել է Պոլսի Սկյուտար թաղամասում, հայրը կարողացել է ապահովել ընտանիքի բարեկեցիկ կյանքը, ծննդավայրի վարժարանում ուսանելու տարիներին աղջիկն արդեն աչքի էր ընկնում իր տաղանդով ու ունակություններով:
Առաջին անգամ Զապելը տպագրվում է «Ծաղիկ» հանդեսում՝ ներկայացնելով ընթերցողին իր «Երգ առ գիշեր» բանաստեղծությունը. Զապելը ընդամենը 17 տարեկան էր:
«Եկո՛ւր, ով գիշեր. եկո՛ւր քու սև քղանցքներովդ աշխարհը ծածկէ՛, քու զովութեանդ մէջ մարէ՛ վերջալոյսին յետին շունչը, ծածկէ՛ աշխարհը քու դամբանական մութիդ մէջ»:
Այդ տարիներն Պոլսում թափ էին առել քաղաքական ճնշումները, 1895 թվականին Զապելը հեռանում է Փարիզ, որտեղ էլ ծանոթանում է բազմաթիվ մտավորականների հետ, այդ թվում՝ անվանի հայերի: Աղջիկը հնարավորություն է ստանում ուսանել Սորբոնի համալսարանում, որտեղ էլ ուսումնասիրում է գրականություն ու փիլիսոփայություն՝ չդադարելով ստեղծագործել: Հենց այս տարիներին Զապելը հանդիպում է նկարիչ Տիգրան Եսայանին, նրանք շուտով ամուսնանում են:
1908 թվական, երիտթուրքական հեղափոխություն
Զապել Եսայանը վերադառնում է Պոլիս: Արդեն 1909 թվականին պարզ էր՝ երիտթուրքերի եղբայրության մասին վանկարկումները սուտ էին: Ադանայի ջարդերին զոհ է դառնում ավելի քան 25.000 մարդ: 1911 թվականին այդ դեպքերն իրենց արտացոլանքն են գտնում Զապելի «Ավերակներու մեջ» վեպում: Զապելը գրում էր նաև ֆրանսիական հասարակության ու նրանց կեցաղի մասին: «Կեղծ հանճարները» քննադատում են փարիզաբնակների դատարկ կյանքը, երիտասարդության հետաքրքրությունները: «Ծաղիկ»-ում շարունակվում են տպագրվել կնոջ հոդվածները, որնք առանձնանում էին մաքուր ֆեմինիստական գաղափարներով, պատմում հասարակության մեջ կնոջ դերի և վերջինիս մասին հեղինակի պատկերացումների մասին:
«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»…
Ասում են՝
1915-ի երիտթուրքերի սև ցուցակում, որտեղ ընդգրկված էին այն հայերը, ում պետք էր չեզոքացնել կար նաև մի կնոջ անում՝ Զապել Եսայան:
Սակայն Կնոջը հաջողվում է փրկվել, նա ապաստան է գտնում Բուլղարիայում, հետագայում մեկնում Թիֆլիս: Այս ընթացքում Զապելը կարևոր գործունեություն է իրականացնում հայ տարագիրներին ապաստան տալու համար: Իսկ գրական ճակատում շարունակում է խոսել քաղաքական ու սոցիալայկան խնդիրներից, որոնք մի ամբողջ ազգի համար դատավճիռ էին դարձել:
Բացի ազգային ցավից առջևում էր Զապելի անձնական, կանացի դրաման. մահանում է նրա ամուսինը՝ Տիգրան Եսայանը: Կինը վերադառնում է Հայաստան՝ Խորհրդային Հայաստան. տպավորությունները հուսադրող էին, Զապելը հեղինակում է «Պրոմեթէոս ազատագրուած» գործը, իսկ ավելի ուշ հաստատվում հայրենիքում: Այստեղ գրողի վերադարձը ողջունում են, նա սկսում է դասավանդել Պետական համալսարանում ու, իհարկե, գրել:
1936 թվական, սովետական մսաղաց
Խորհրդային կարգերը չէին կարող մարսել Զապելը ընդգծված հայրենասիրությունը, ուստի գրողների միությունում իր ելույթին հաջորդում է դռան անսպասելի թակոցը, ինչն այդ տարիներին կարող էր մի բան նշանակել. Զապելին ձերբակալում են: Իր կյանքի մնացյալ տարիները կինը ստիպված է լինում անցկացնել Բաքվի բանտում. բանտարկյալի նամակները հուշում են՝ նա չի կորցնում իր կամքն ու խիզախությունը:
Հայ գրող, հրապարակախոս, հայ կին, երկու երեխաների մայր, հայրեննվեր ու մարդասեր Զապել Եսայանի մահվան մասին հանգամանքները հայտնի չեն մինչ օրս: