Շատերն են Զարուհի Բաթոյանին ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, բայց գուցե քչերն են ծանոթ նրա գրականությանը: Զարուհի Բաթոյանը մասնագիտությամբ լրագրող, լուրջ հասարակական գործիչ, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան լինելով՝ նաև բանաստեղծություններ է գրում, որոնք իրական բացահայտում կարող են լինել ընթերցողի համար:
Մենք առանձնացրել ենք նրա ստեղծագործություններից մի քանիսը…
—
Երբ այլևս չլինեմ
քեզ ոչ ոք չի պատմի այդ մասին.
դու բոլորից թաքուն ես սիրում ինձ…
—
Բոլոր զանգերին պատասխանում եմ,
դուռը թակողներին՝ բացում,
բոլոր նամակները կարդում եմ,
որ հանկարծ բաց չթողնեմ քեզ…
—
Ամեն իրիկուն
ես բարձրանում եմ կտուրները
տեսնելու այն աստղը,
որ քո պատուհանից է երևում…
—
Հեշտ է ապրելը,
երբ մեկը քեզ հիշում է,
երբ հիշում է քեզ մեկը…
Բա որ մոռանա՞…
—
Մի օր
ես կմեռնեմ առանց քեզ,
բայց դրա մեջ ոչ մի տխուր բան չկա.
ամենատխուրը
առանց քեզ ապրելն էր…
—
Արդեն քանի տարի է
ուզում եմ՝ գլուխս շոյես։
Շա՞տ բան եմ ուզում…
—
Ի՜նչ տխուր օրեր են
իրար պի՛նդ գրկելու
միմյանց ոչ մեկին չտալու օրեր են:
—
Մի սիրուն երգ գրեմ,
գա նստի այտիդ,
թրաշդ շոյի,
խուտուտ տա,
գնա:
—
Սիրում եմ քեզ.
ասում եմ
այսօրվա
վաղվա
և մյուս օրերի համար,
թե չհանդիպենք…
—
Ամեն իրիկուն
մտքով քեզ մոտ եմ գալիս,
որ հարցնեմ՝ ո՞նց ես,
չես պատասխանում։
—
Ես սիրում եմ նրան,
ով չի հավատում իմ տխրությանը
և չի սիրում բանաստեղծություններս:
—
Պարզ ճշմարտություն
Բժիշկս ասում է՝
որ մեջքդ չցավի
աթոռի՛ն հենվիր,
հենարան է պետք…
Այս պարզ ճշմարտության համար
գնացել էի բժշկի…
Աղբյուրը՝ Գրանիշ
Կարդացեք նաև՝

