Հունիսի 10-ին հայ թատրոնի և կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկի, ասմունքի և կրկնօրինակման վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի ծնունդն է: Անդավաճան սունդուկյանցին կդառնար 83 տարեկան:
Ժենյա Ավետիսյանը թատրոնով տարվեց 10 տարեկանում: «Կյանքի մի էջ» ներկայացման համար ռուսական արտաքինով աղջնակ էին փնտրում: Բեմադրիչները հավանեցին շեկ մազերով, կապույտ աչքերով Ժենյային և հենց նրան տվեցին այդ էպիզոդիկ դերը: Դրանից հետո Ժենյան սիրահարվեց թատրոնին: Ընդունվեց Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը:
Ավարտելուց անմիջապես հետո Վարդան Աճեմյանը նրան հրավիրեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Ժենյա Ավետիյանը Մայր թատրոնի բեմում հայտնվեց այնպիսի մեծանուն դերասանների կողքին, ինչպիսիք էին Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը: «Ճիշտ է, նրանք մեծագույն ուսուցիչներն են եղել, սակայն դերասանը պետք է ունենա անհատականություն, պետք է վերցնի այն, ինչ տալիս է ռեժիսորը, բայց և ավելացնի իրենը: Թատրոնը դրանով է հետաքրքիր, որ խաղդ օր օրի կարող ես հղկել, մշակել, դարձնել կատարյալ: Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում անցյալի վրա, զարմանում եմ, թե որքան բան եմ սովորել արվեստի մեծերից, որքան երջանիկ եմ, որ ապրել եմ նրանց կողքին», - տարիներ անց խոստովանել է դերասանուհին:
Առաջին իսկ դերից դերասանուհու համար առաջնային դարձավ զգացմունքն ու զգացմունքայնությունը: Այդ մոտեցմամբ նա ազգային ակադեմիական թատրոնում կերտեց 50 դեր: Առանձնահատուկ էին Բիանքան` Շեքսպիրի «Օթելլո», Ինկեն Պետերսը` Գ. Հաուպտմանի «Մայրամուտից առաջ», Սալոմեները` Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» և «Քանդած օջախ», Էփեմիան` «Պեպո», Նադինկան` «Կտակ», Լիդոչկան` Ա. Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», Վարդուհին` Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Որմիզդուխտը` Պ. Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը», Վալյան` Ժ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», Ժենյա Կամիլկովան` Բ. Վասիլևի «Արշալույսներն այստեղ խաղաղ են» և ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրը դերասանուհու անհատականության դրոշմն ունի իր վրա: Մոտ կեսդարյա բեմական ճանապարհի ահռելի հատվածը Ժենյա Ավետիսյանն անցավ իր վաղամեռիկ ամուսնու` տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի հետ:
«Զգացմունքային մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ ապրել ու խաղալ կանոններով: Չէ´, չեմ սիրում, ես իմպրովիզի դերասան եմ, բեմում սիրում եմ անակնկալներ: Էլ ի՞նչ դերասան, որ երևակայություն չունենա: Չեմ սիրում, երբ ռեժիսորը դերդ մանրակրկիտ մատուցում է քեզ, էլ ո՞ւր մնաց շնորհքդ, հոգուդ ու կամքիդ ազատությունը, քո՞նը ուր մնաց: Ես պետք է ազատ խաղամ: Սա քմահաճույք չէ, այլ ինքնադրսևորում: Գուլակյանն ասում էր. «Թատրոնը շատ խոչընդոտներ ունի, զգո´ն եղեք, ճի՛շտ պահեք ձեզ թատրոնում»: Այդ խոսքերն առ այսօր հնչում են իմ ականջներում: Ե՛վ նա, և՛ Ղափալանյանը մեր մեջ տեսան ինչ-որ լավ ու կարևոր բան: Ես շատ անմիջական էի, դրա համար էլ շահեցի նրանց վստահությունը, սերն ու համակրանքը: Տառապել, ապրել ու ապրեցնել. ահա դերասանի առաքելությունը» - նշել է դերասանուհին:
Անվանի դերասանուհու ստեղծագործության գործունեության կարևոր մասն են կազմում ասմունքն ու կինոկրկնօրինակումները: Ժենյա Ավետիսյանը ասմունքի արվեստում հոգևոր ուսուցիչ ընդունեց Մետաքսյա Սիմոնյանին, սակայն աստիճանաբար հեռանալով` ստեղծեց սեփական դպրոցը, որտեղ ցանկացած գրական ստեղծագործություն վերածվում է յուրատեսակ դրամատիկական մենախոսության` երբեմն խոսքին միահյուսելով երգը: Ազգային կինեմատոգրաֆում ևս ահռելի ներդրում ունի Ժենյա Ավետիսյանը: Նրա ամենացայտուն կինոկերպարը Նատոն է Սերգեյ Իսրայելյանի «Գիքորը» ֆիլմում: