Օրերս Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացավ Շանհայի համագործակցության կազմակերպության կինոփառատոնը, որը կազմակերպել էր Հնդկաստանը՝ մի շարք գիտակրթական և մշակութային միջոցառումների շարքում՝ ՇՀԿ նախագահությունը ստանձնելու նպատակով, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Կինոփառատոնին Հայաստանից մասնակցում էին ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» և ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմերը։ «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն ընդգրկվել էր «Ռեժիսորական ֆոկուս» ծրագրում, իսկ «Լույսի կաթիլներ»-ը՝ «Երկիրը կիզակետում, ռեժիսորը կիզակետում» ծրագրում։
Կինոփառատոնի շրջանակում Հնդկաստանի կինոյի զարգացման ազգային կորպորացիայի (NFDC) կազմակերպած «Ռեժիսորների հաղորդակցություն» պանելային քննարկման բանախոսներից մեկը հայ ռեժիսոր Հայկ Օրդյանն էր։
Հիշեցնենք, որ «Զուլալի» և «Լույսի կաթիլներ» ֆիլմերը ստացել են պետական ֆինանսական աջակցություն:



