«Ֆուլ հաուս» ներկայացման ետնաբեմը տարբերվում էր մեր տեսած շատ ներկայացումների ետնաբեմերից: Չնայած, որ հուզմունքն ու վազքն անպակաս էին, հումորն ու բարձր տրամադրությունը նույնպես մասն էր այնտեղ տիրող տաք օդի:
Դերասանների մի մասը շտապում էր պատրաստվել, մի մասն արդեն պատրաստ էր ու փորձում էր դիմանալ հուլիսի 27-ի շոգին, ոմանք էլ նկարվում էին իրենց փոքրիկ երկրպագուների հետ կամ կատակում արդեն ընտանիք դարձած անձնակազմի հետ:
Այս խառը անցուդարձի ընթացքում ՎիվառոՆյուզը կարողացավ մի փոքր ժամանակ «գողանալ» և զրուցել «Ֆուլ հաուս»-ի հեղինակների ու դերասանների հետ:
Առաջինն, ում հետ զրուցեցինք, հեռուստասերիալի ու ներկայացման սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանն էր, որն իրեն հատուկ կերպով կատակեց ու հարցազրույցից առաջ ներկայացավ նաև իր ծննդյան թվով ու վայրով՝ 1984թ., Երևան «գավառ»: Սցենարիստ-դերասանն այնուհետ մեզ հետ խոսեց «Ֆուլ հաուս» ներկայացման գաղափարի ու հաջողությունների մասին:
– Ներկայացում բեմադրելու գաղափարը համանուն հեռուստասերիալի սկզբից էլ արդեն ունեինք: Նախատիպը վերցրել էինք «Երևան» անունը կրող ներկայացումից, որը բազմաթիվ անգամներ բեմադրել ենք ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Եվրոպայի մի շարք երկրներում: «Ֆուլ հաուս» ներկայացումներ սկսել ենք բեմադրել հեռուստասերիալի առաջին եթերաշրջանից հետո: Դրա շրջանակներում կրկին եղել ենք Եվրոպայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հայաշատ վայրերում, դե իսկ հայաստանյան հանդիսատեսին անտեսել չէինք կարող: Մինչ այսօր 11 ներկայացում ենք ունեցել Երևանում, ու բոլորն էլ հաջողված են եղել: Ինչ վերաբերում է այս 3 օրվա ընթացքում՝ հուլիսի 26-ին, 27-ին ու 28-ին բեմադրվող «Ֆուլ հաուս» ներկայացմանը, կարող եմ ասել, որ բոլոր տոմսերն արդեն սպառվել են: Հունիսի 26-ի ներկայացումը շատ լավ անցավ, նորից կարողացանք կատարելագործել ինքներս մեզ ու ավելի լավ ներկայանալ հանդիսատեսին:
-Իսկ որտե՞ղ է ներկայացումն ունեցել ամենամեծ թվով հանդիսատեսը:
– Կարծում եմ Երևանում: Երևանյան հանդիսատեսի թիվը մոտավորապես 8.000-ի էր հասնում:
Այստեղ հարցազրույցը հաճելի կերպով ընդհատվեց Մարջան Ավետիսյանի՝ նույնը ինքը Թամարայի զվարճալի բղավոցով, որից հետո Գրիգոր Դանիելյանը ծիծաղեց ու շարունակեց:
-Իսկ ԱՄՆ-ում ընդհանուր հաշվով ունեցել ենք մոտ 12.000 հանդիսատես, որն էլի բավականին լուրջ թիվ է:
Մեր հարցին, թե արդյոք «Ֆուլ հաուսի» այս ներկայացումը նման է ներկայացումներին, որ ունեցել են նախկինում, նա պատասխանեց.
– Այս մեկը միանգամայն նոր նախագիծ է, ու սցենարային գիծն էլ շատ տարբեր է: «Ֆուլ հաուսի» անձնակազմը ներկայանում է լռիվ այլ ձևաչափով ու հանդիսատեսն այս երեք օրվա ընթացքում կտեսնի այն, ինչն էկրաններին չի կարող տեսնել: Տեղյակ եմ, որ եղել են մարդիկ, որոնք ներկայացման երկու օրն էլ եկել ու դիտել են, և դա շատ է ուրախացնում բոլորիս: Հաճելի է իմանալ, որ մարդիկ գալիս են ներկայացում դիտելու, ու դրա ավարտից հետո չեն փոշմանում, որ ժամանակը դրան են տրամադրել:
-Թերություններ ներկայացման մեջ ինքներդ նկատե՞լ եք:
-Տեխնիկական թերություններ, իհարկե, կարող են պատահել: Դա գրեթե բոլոր ներկայացումներում անխուսափելի է: Սակայն միանգամից շտկումներ են լինում ու ամեն ինչ ուղղվում է տեղում: Սցենարայինի մասին էլ նույնը կարող եմ ասել: Բայց դրանք այնպիսի բաներ են, որ հանդիսատեսը չի նկատում, զգում ենք միայն մենք:
ՎիվառոՆյուզի հաջորդ զրուցընկերը նախագծի պրոդյուսեր ու դերասան Արմեն Պետրոսյանն էր՝ Մենչը: Նրա հետ արդեն խոսեցինք «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի մասին:
-Ինչպիսին է «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի ներկան:
-Հեռուստասերիալի ներկայից շատ գոհ ենք: Կարծում ենք՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվել ու ստացվում: Մանրակրկիտ աշխատել ենք, ու արդյունքը ստացել: Սա գուցե միակ հեռուստասերիալն է, որի վարկանիշը բարձր է եղել սկզբից մինչև վերջ: Սակայն բարձ վարկանիշը մեզ համար ոչ միայն թվերն են, այլև հանդիսատեսի արձագանքը: Այն ինչը տեսել ու զգացել ենք երեկ՝ հուլիսի 26-ին, այսօր ու վաղը:
– Երկրպագուներից մի քանիսը լսել են, որ հեռուստասերիալում նոր տաղավարներ են լինելու: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը (Նախքան նախադասությունս ավարտելը Արմեն Պետրոսյանը թափահարում է գլուխը):
– Նոր տաղավարներ չեն լինելու, ԲԱՅՑ լինելու է նոր դերասան՝ Մկոն: Այս առիթով բոլորս շատ ուրախ ենք:
-Իսկ ինչպիսի՞ն է լինելու «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի ապագան:
-Ապագան դեռ հստակ չէ: Ավարտում ենք հեռուստասերիալը, քանի որ չափազանց շատ ենք սիրում այն ու չենք ուզում «քամել»: Սակայն ասել, որ 7-րդ եթերաշրջանը հեռուստասերիալի եզրափակումն է լինելու՝ հարաբերական է: Գուշակումներ անելն, իհարկե, սխալ է ու այդ պատճառով, չեմ էլ կարող ասել, որ շարունակություն կունենանք: Մի բան հաստատ է, հաջորդ տարի նոր «Ֆուլ հաուս» չի լինելու, բայց թե ինչ կլինի մեկ տարի հետո, դեռ պարզ չէ: Գուցե շարունակվի, կամ գուցե նույն կերպարներով ուրիշ պատմություն լինի: Չեմ կարող հստակ բան ասել: Բայց ինչ էլ, որ լինի, հուսով եմ՝ լավ գույների մեջ կլինի:
-«Գահերի խաղը» հայնտի հեռուստասերիալի կարգախոսն է «Ձմեռը մոտ է»: Ո՞րն է «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի կարգախոսը:
-Մեր դեպքում՝ «Ավարտը մոտ է» (ծիծաղում է):
Հերթը Մարջան Ավետիսյանինն էր. դերասանուհի, որը բազմիցս ապացուցել է, որ կարող է մարմնավորել ցանկացած կերպարի: Նրան միանգամից հարցրինք, թե այս երկար ճանապարհն անցնելուց հետո, երբ հեռուստասերիալն ավարտվի, ի՞նչ է իր հետ տանելու դերասանուհին:
-Տանելու եմ լավ ընկերներ, փորձ, որը տվեց հեռուստանախագիծը: Սրա շնորհիվ ապագայում այս տեսակ պրոեկտներին էլ կասկածով չեմ մոտենա, քանի որ իսկապես լավ ժանր է: Ժանր, որում կարողացա բացահայտել ինքս ինձ:
«Ֆուլ հաուսի» ներկայացմանն էլ անդրադառնալով դերասանուհուն խնդրեցինք 3 բառով նկարագրել այն:
-Ամենասիրելի, ամենաանսպասելի, ամենա-ամենա:
Այնուհետև ՎիվառոՆյուզը ետնաբեմից ուղևորվեց հանդիսատեսով լի դահլիճ: Ներկայացման ընթացքում կերպարների ծիծաղելի իրավիճակներից ու կատակներից բացի հնարավորություն ունեցանք նաև վայելել դերասան-երաժիշտների երաժշտական կատարումները ու տեսնել հանդիսատեսի բուռն արձագանքը:
Զրուցեցինք նաև հանդիսատեսից մի քանիսի հետ ու պարզեցինք, որ հարցվածներից բոլորը մեծ բավականություն էին ստացել:
Մի երկրպագու, պարզվում է, արդեն երկրորդ անգամն է դիտում ներկայացումը, իսկ հարցին, թե ինչն է այդքան շատ գրավում նրան թե՛ ներկայացման, թե՛ հեռուստասերիալի մեջ, տղան պատասխանեց.
-Սիրեմ գը, երբ Մուշեղը բեխերը դնե գը, մազերը սպիտակցնե գը, ու կուգա Թամարայի հետ կռիվ կենե:
Այսքանից հետո էլ ոչինչ չի մնում, բացի «Ֆուլ հաուսին» ու նրա դերասանական կազմին հաջողություն մաղթելուց: Իսկ վերջում հիշեցնենք, որ թե՛ «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի, թե համանուն ներկայացման գլխավոր հովանովորն է «Վիվառո» ընկերությունը:
- 8









