Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիրը քառորդ եզրափակիչում 14-3 հաշվով վաղաժամ հաղթանակ տարավ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սփենսեր Լիի դեմ գոտեմարտում:
Հարությունյանը մեկնարկում 10-0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին, իսկ 1/8 եզրափակիչում ծանր պայքարում 13-8 հաշվով առավելության էր հասել Մոնղոլիան ներկայացնող Մունխա Բատխույագի դեմ պայքարում:
Կիսաեզրափակիչները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:30-ից: «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


