Գիրք բոլորի, ամեն ինչի մասին ու համար…
Մի վայր, որտեղ հրաշքներն ու անհանավանականը հնարավոր են՝ «Գինեսի ռեկորդների գիրք»: Հենց այստեղ կյանքի են կոչվում այնպիսի անբացատրելի ու մեզ համար գուցե անհասկանալի ռեկորդներ, որոնք միանգամայն իրական են:
Իսկ դու ի՞նչ գիտես այս գրքի մասին:
1. «Գինեսի ռեկորդների գրքի» միտքը ծագել է «Գինես» անունը կրող հրատարակչության տնօրեն Հյու Բիվերի մոտ, երբ վերջինս մի բանավեճի մեջ է մտել: Նա ու ընկերները փորձում էին հասկանալ, ո՞րն է որսի ամենաարագ թռչունը: Սակայն Գինեսի ռեկորդների գիրքն էլ չի պատկանում Բիվերին, դրա տերն է Ջիմ Փեթիսոն ընկերությունը: Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955թ.-ի օգոստոսի 27-ին՝ դառնալով ամենաընթերցվող գրքերից մեկը։
2. «Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
3. 1974 թվականին հենց ինքը՝ «Գինեսի ռեկորդների գիրքը», գրանցվել է այստեղ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ներկա պահին այն նաև համարվում է «Ամեն տարի լույս տեսնող՝ աշխարհի ամենաշատ վաճառված գիրքն» ու «Գրադարաններից ամենահաճախ գողացվող գիրքը»:
4. Ռեկորդ գրանցելու համար դիմած մարդկանց 92%-ն ամեն տարի հիասթափություն է ապրում, երբ բացասական պատասխան ստանալով հասկանում է, որ նա միակը կամ առաջինը չէ: Ամեն տարի մոտ 50,000 հայտ է ներկայացվում, սակայն միայն 1,000-ին է հաջողվում անցնել հաջորդ փուլ:
5. «Գինեսի ռեկորդների գրքում» ամենաշատ ռեկորդներ ունի ամերիկացի Աշրիտա Ֆարմենը: 2017թ.-ին նա սահմանել էր 600 ռեկորդ, իսկ այս պահի դրությամբ ունի 226-ը: Նա ռեկորդներ է սահմանում 1979թ.-ից և վերջին ռեկորդը գրանցել է սեփական փորի վրա 1 րոպեում 26 ձմերուկ կտրելով:
6. Ամենահաճախ փոփոխվող ռեկորդներից է «Աշխարհի ամենածեր ողջ մարդը»: Ներկա պահին այս ռեկորդը պատկանում է 116 տարի և 232 օր ապրած ճապոնացի մի կնոջ՝ Կանե Տանակային: Ռեկորդը գրանցվել է 2019թ.-ի մարտի 9-ին:
7. Նախագահ Բարաք Օբաման «Գինեսի» գրքում ռեկորդակիր է եղել՝ ընդամենը 2 շաբաթով: Օբամայի՝ 2015թ.-ին բացված թվիթերյան էջը կարողացել էր դառնալ առաջին թվիթերյան էջը, որն ընդամենը 4 ժամ 52 րոպեում 1մլնից ավելի հետևորդ էր հավաքել. այդ ռեկորդը նախկինում պատկանում էր դերասան Ռոբերրտ Դաունի կրտսերին: Սակայն Օբամայի ռեկորդակիր լինելը երկար չտևեց: Նրա ցուցանիշը 2 շաբաթ անց գերազանցեց օլիմպիական նախկին չեմպիոն, Քայլի և Քենդալ Ջեներների հայր, տրանսգենդեր Բրյուս/Քեյթլին Ջեները՝ 49 րոպեում հասնելով 1մլն հետևորդի:
8. Միշել Լոտիտո անունով մի ֆրանսիացի գրանցված է ռեկորդների այս գրքում որպես առաջին ու միակ մարդը, որ կարողացել է մի ամբողջ ինքնաթիռ ուտել: Նա հայտնի էր որպես Պարոն Ամենակեր ու ուտում էր այն ամենն, ինչն ուտելիք չէ:
9. 2008թ.-ին «Գինեսի ռեկորդների գրքին» դատի է տվել «Ամենադատամոլական մարդը»: Ջոնաթան Լի Ռիչեսը դատի է տվել ու տալիս բոլորին՝ բառի բուն իմաստով: Նա դատական հայց է հարուցել Ջորջ Բուշի, Էյֆելյան աշտարակի, Պլատոնի, Վիագրայի, Մինգ դինաստիայի, Պլուտոն մոլորակի, Վուփի Գոլդբերգի, Google-ի, Նոստրադամուսի դեմ և ցանկը դեռ շարունակվում է: Ամեն ինչ այնքան անհեթեթ էր, որ 2010թ.-ին ԱՄՆ-ի նահանգային դատարանն արգելել է նրան նման հայցեր ներկայացնել: Սակայն մինչ այդ արգելքը նա հասցրել էր դատական հայց ներկայացնել «Գինեսի ռեկորդների գրքի» դեմ, երբ լսել էր, թե պատրաստվում են իրեն այնտեղ ընդգրկել որպես «Աշխարհի ամենադատամոլական/ամենաշատ դատական հայց ներկայացրած մարդ»: Սակայն «Գինեսի» ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ նա ռեկորդակիր չի դիտվում և ամենադատամոլական մարդուն ընտրելով նրանք նույնիսկ չեն զբաղվել:
10. «Գինեսի ռեկորդների գիրքը» ամեն տարի լույս է տեսնում 100 երկրում՝ 23 լեզվով: 2018թ.-ի տարբերակում կա ավելի քան 3,000 նոր ու թարմացված ռեկորդ:

