Logo

10 բան, որ գուցե հաշվի չեք առնում ֆիլմ նայելուց առաջ

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 27.02.2020ՄՇԱԿՈՒՅԹ
0bfc72c85b6a0159e7e3268e65884a26 - 10 բան, որ գուցե հաշվի չեք առնում ֆիլմ նայելուց առաջ

Շատ հաճախ ծանր աշխատանքային օրվանից հետո մեզ անհրաժեշտ է լիցքաթափել ուղեղը և դիտել ժամանցային կինոարտադրություն, համացանցային հարցազրույցներ, պոդքաստեր կամ անգամ զավեշտալի պռանկեր, որպեսզի կտրվենք առօրյա հոգսերից և ռեստարտ տանք ծանրաբեռնված գլուխը: Սակայն նմանատիպ թեթև արտադրանքը երբեմն կարող է ունենալ անցանկալի էֆեկտ, կիրառել վնասակար ծանրաքարի դեր, ինչի պատճառով հետագայում ուղեղը «մարզել» չի հաջողվում:

Մենք կազմում ենք բազմաթիվ կինոցուցակներ և օգնում կողմնորոշվել ֆիլմերի ընտրության հարցում, սակայն այս անգամ Ձեր ուշադրությանն ենք առաջարկում նաև 10 խորհուրդ-հուշում, որոնք կհեշտացնեն ֆիլմերի հարցում ճիշտ կողմնորոշվելն ու մասամբ կլուծեն ընտրածի պարագայում միանգամից չհիասթափվելու խնդիրը:

 

maxresdefault 11 960x540 - 10 բան, որ գուցե հաշվի չեք առնում ֆիլմ նայելուց առաջ

 

  • Աշխատեք չպիտակավորել ֆիլմերը ըստ ռեժիսորների և դերասանների հայտնիության և մասսայականության. շատ հաճախ կոմերցիան նպատակ հետապնդող ֆիլմերը կարող են հիասթափեցնել, իսկ փառատոնային՝ Ձեզ համար նորահայտ ռեժիսորի ֆիլմերը հաճելիորեն զարմացնել:

 

  • Դիտեք համացանցում տեղադրված արվեստագետների դասախոսություն-վիդեոները. պարտադիր չէ սկսել կինոգետներից. արվեստաբանները, գրականագետները և փիլիսոփաները շատ հաճախ խոսում են նույնքան կարևոր մասնագիտական հիմքերի մասին, որոնց վրա մասամբ կառուցված է կինոյի արվեստը:

 

  • Եթե կողմնորոշվելու համար Ձեզ բարդ է տերմիններից խուսափելը, ասենք, որ մեյնսթրիմն ու արտհաուսը կարող են ունենալ կոմպրոմիսային ոսկե միջին. հետևեք «արտ-մեյնսթրիմ»-ի տակ որակավորված հեղինակներին:

 

  • Եթե Ձեզ սպասվում է բարդ՝ շերտավոր և սիմվոլիզմով լի ստեղծագործություն, կարող եք ընթերցել ֆիլմի սինոփսիսը: Այնուամենայնիվ, դիտումից առաջ խուսափեք սփոյլերներից, սակայն եթե նայելուց հետո մնան հարցեր՝ փնտրեք համացանցում կինոգիտական և կինոքննադատական վերլուծությունները, ռեժիսորի՝ ֆիլմի մասին պատմող մեկնաբանությունները և հարցազրույցները:

 

  • Հեղինակային կինոյի ռեժիսորները իրենց ստեղծագործությունների մեջ շատ հաճախ խոսում են ենթագիտակցաբար, պատկերում որոշակի դրվագներ և կերպարներ ինքնաարտահայտվելու կամ մթնոլորտը խտացնելու համար: Մի փնտրեք թաքնված իմաստ յուրաքանչյուր դետալի մեջ: Ինչպես ասում են հայտնի անեկդոտի մեջ՝ երբեմն բանանը պարզապես բանան է:

 

  • Եթե ֆիլմը դիտելիս միայնակ չեք, այլ ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, աշխատեք չքննարկել սյուժեն դիտման արանքում: Կենտրոնացեք պատմության վրա և առհասարակ աշխատեք դիտել կարևոր ֆիլմերը կինոն սիրողների հետ:

 

  • Եվս մեկ տեխնիկական խորհուրդ. անջատեք բջջային հեռախոսի և այլ գաջեթների ձայնը, ձանձրույթից դրդված մի մտեք սոցցանցեր: Եթե ֆիլմը «չի գնում»՝ մի տանջվեք, կտրամադրվեք և կդիտեք մեկ այլ անգամ, կարևորը՝ մոտ 30-40 րոպե ֆիլմին «շանս տալն է»:

 

  • Եթե Ձեր քաղաքում կազմակերպվում են կինոփառատոներ՝ այցելեք դրանք, դիտեք ֆիլմերը հեղինակների հետ միասին. չէ որ դիտումից հետո կկարողանաք քննարկել դրանք:

 

  • Եթե ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոնում՝ մի ալարեք և մի ափսոսացեք գումարը, դիտեք այն մեծ էկրանին: Այդ կերպ դուք կնպաստեք բազմատեսակ, իսկ երբեմն նաև հեղինակային ֆիլմերի տարածման խթանմանը:

 

  • Եթե լեզվի իմացությունը թույլ է տալիս՝ դիտեք ֆիլմերը բնօրինակով, մի վախեցեք ենթագրերից: Բազմաթիվ արժեքավոր ասիական, եվրոպական և այլ՝ ավելի նեղ շրջանակներին հասանելի ֆիլմեր պարզապես չեն կրկնօրինակվել հայերեն և ռուսերեն: Իսկ ենթագրերին բարդ չէ սովորելը:

 

 

Մաղթում ենք Ձեզ բարի դիտում:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ