Ամերիկյան սպորտի յուրահատկությունը նրանում է, որ բոլորը հնարավորություն են ստանում ուժեղ թիմեր կառուցել և դրա համար հարկավոր չէ գումար ծախսել: Դրաֆտի համակարգը գործում է ի օգուտ ամենաթույլ թիմերի, որոնք հնարավորություն են ստանում ամերիկյան քոլեջների լավագույն խաղացողներին ընտրել: Ակումբներին մնում է ընդամենը ճիշտ մենեջմենթ կառուցել, ինչի շնորհիվ ստանում են չեմպիոնության հավակնորդի:
2021-ին NBA-ում չեմպիոնության համար պայքարում է երկու թիմ, որոնք հենց դրաֆտերի միջոցով են ամուր հիմք ստեղծել, այնուհետև ճիշտ թրեյդերի (տրանսֆեր) և ազատ գործակալների հետ պայմանագրերի շնորհիվ չեմպիոնական մակարդակի թիմեր կառուցել: Հատկապես տպավորիչ է «Ֆինիքս Սանզի» վերելքը, որը 10 տարի փլեյ-օֆֆում չէր խաղացել, սակայն այժմ չեմպիոնության գլխավոր թեկնածուն է:
VNews.am-ը պատմում է, թե ինչպես վերջին տասնամյակի հետնապահը հանկարծ վերածվեց չեմպիոնության գլխավոր թեկնածուի և ինչը նպաստեց դրան:
Ամենագրավիչ խաղը ցուցադրող թիմից մինչև ծաղրի առարկա
2000-ականների կեսերին գրեթե անհնար էր չհամակրել «Ֆինիքսին», նույնիսկ եթե այլ թիմի էիր երկրպագում: Մայք Դ’Անտոնիի գլխավորած թիմը գերհարձակվողական բասկետբոլ էր ցուցադրում, ինչով հիացնում էր այդ մարզաձևի սիրահարներին:
Թիմի գլխավոր զարդը խաղարկող Սթիվ Նեշն էր, որին արիզոնացիները դեռ 1996-ին ընտրել էին դրաֆտի 15-րդ համարով, այնուհետև ուղարկել «Դալաս», ապա 2004-ին՝ վերադարձրել: Հենց կանադացու վերադարձից սկսվեց «Ֆինիքիսի» տպավորիչ ելույթները: Մինչև այդ փլեյ-օֆֆում չհայտնված թիմը 2004/05 մրցաշրջանում անմիջապես դարձավ Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն, իսկ փլեյ-օֆֆում հասավ կոնֆերենցիայի եզրափակիչ: Այդ մրցաշրջանի արդյունքով Նեշը ճանաչվեց NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP): Մյուս տարի կրկնվեց լրիվ նույն սցենարը. կոնֆերենցիայի եզրափակիչ, Նեշի՝ MVP, սակայն կրկին անհաջողություն մեծ եզրափակիչի վերջին քայլից առաջ:
Վերջին «խաչակրած արշավանքը» «Սանզը» գրանցեց 2010-ին, երբ նորից վերջին կանգառը դարձավ կոնֆերենցիայի եզրափակիչը:

Հուսահատված արիզոնացիների ղեկավարները որոշեցին թիմի վերակառուցումը սկսել: Նեշը տեղափոխվեց «Լեյքերս», իսկ «Սանզը»՝ մրցաշարային աղյուսակի անդունդ: Երկար ու տանջալի 10 տարի «Ֆինիքսը» չէր կարողանում նույնիսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել: Այդ ընթացքում ակումբում մի քանի անգամ ղեկավար կազմի փոփոխություն կատարվեց, գլխավոր մենեջերները այնքան ձախողումներ ունեցան, դրաֆտերից ստացած տաղանդավոր խաղացողներին կորցրին, իսկ ուրիշներին՝ անհիմն փոխանակումների միջոցով «նվիրեցին» մրցակիցներին: Այդպես արիզոնացիները դարձան ամբողջ NBA-ի ծաղրի առարկան և մամուլում հիմնականում հիշատակվում էին միայն հերթական սկանդալի պատճառով:
Անսպասելի վերելք
2018 թվականին թիմի նոր գլխավոր մենեջեր նշանակվեց ոչ վաղ անցյալի բասկետբոլիստ Ջեյմս Ջոնսը, որը գլխավոր մարզիչ նշանակեց նախկինում որևէ լուրջ հաջողությունների չհասած Մոնտի Ուիլյամսին: Այդ մարզչին երբեք լավ պայմաններ չէին ստեղծել հաջողության հասնելու համար: «Սանզում» Ուիլյամսը հնարավորություն ստացավ աշխատել գերտաղանդավոր երիտասարդների հետ:
Հարձակվող Դևին Բուքերին «Սանզը» դրաֆտում ընտրել էր 13 համարով, երբ նա ընդամենը խոստումնալից երիտասարդ էր, և «հրաշքով» կարողացել էին նրան թիմում պահել: Բուքերն առաջին իսկ մրցաշրջանում կարողացավ հայտնվել նորեկների խորհրդանշական հավաքականում, 2018-ին լավագույնը դարձավ հեռահար նետումների մրցույթում, իսկ այժմ արդեն NBA լիարժեք աստղ է ու երկու անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի» խաղին:
Ներկայիս հաղթանակների համար մյուս կարևոր դեմքը դարձավ կենտրոնական Դեանդրե Էյթոնի ընտրությունը 2018-ի արդեն լեգենդար դարձող դրաֆտում: «Ֆինիքսն» առաջինն ընտրելու հնարավորություն ուներ և նախապատվությունը տվեց Էյթոնին, չնայած նրան, որ թեկնածուների թվում էր Լուկա Դոնչիչը, որը, ամենայն հավանականությամբ, դառնալու է NBA 2020-ականների լավագույն խաղացողը: Նույն դրաֆտում «Ֆինիքսը» կարողացավ փոխանակումների միջոցով ձեռք բերել Միկել Բրիջեսին:

Այսպիսով, երիտասարդ ու տաղանդավոր խաղացողների՝ Բուքերի, Էյթոնի և Բրիջեսի միջոցով «Ֆինիքսը» լավ հիմք էր ստեղծել ուժեղ թիմ ունենալու համար, սակայն ակումբին հարկավոր էին նաև փորձառուներ, առանց որոնց հատկապես փլեյ-օֆֆում որևէ թիմ անելիք չունի: Եվ հանկարծ Ջեյմս Ջոնսը կարողացավ համաձայնեցնել Քրիս Փոլի հետ պայմանագիր: Սուպերխաղարկողի դիմաց «Սանզը» «Օկլահոմային» տվեց 4 բասկետբոլիստի ու 1 դրաֆտ-պիկ:
Ակումբի ղեկավարությունը հասկանում էր, որ 21-րդ դարի լավագույն խաղարկողներից մեկը, որը երբեք չեմպիոնի տիտղոսը չի նվաճել, մեծ մոտիվացիա կունենա այդ նվաճմանը հասնել ցանկացած թիմում, որը նրա համար լավ պայմաններ կստեղծի: Բացի այդ, «Սանզի» մարզիչ Մոնտի Ուիլյամսը Քրիսի մոտ ընկերն է, այնպես որ թիմի նոր առաջատարի ու մարզչի միջև կատարյալ փոխըմբռնում կար, ինչը միշտ հսկայական նշանակություն ունի:
Ինչ փոխեց Փոլի թրեյդը
Նոր խաղարկողն անմիջապես գրոհների կառավարումն իր վրա վերցրեց: Այլևս չկար այզո-բասկետբոլ, որին հաճախ հակվում էր Բուքերը: Իհարկե, լինում էին խաղեր, երբ նա միայնակ հաղթանակ էր բերում, նույնիսկ 70 միավոր վաստակում, ինչպես Բոստոսնի հետ խաղում էր, բայց դա հազվադեպ էր լինում և թիմին զրկում էր կայունությունից: Իսկ Փոլը բերեց հենց կայունություն:
Նա նույնիսկ կարողացավ Դևինին խելացի բասկետբոլ խաղալ սովորեցնել և պատահական չէ, որ Բուքերն այժմ նրան «պատմության լավագույն առաջատար» է անվանում:
Մեր ընտրանին
-
«Ժամանակն է կանգ առնենք և հասկանաք՝ նա ինչ է անում». Մրցակիցներն ու վիճակագրությունը չեն դիմանում Քարիին
-
Մարզաձև, որը կփոխի կյանքը. ինչու ու որտեղ զբաղվել բասկետբոլով
-
Ի՞նչ գիտեք բասկետբոլի մասին. VNews-ի Quiz-ը
Բայց նույնիսկ այդ երկուսով լուրջ հաջողությունների չէին կարող հասնել, եթե «Ֆինիքսն» ամուր պաշտպանություն չունենար: Իսկ դա ապահովում է Էյթոնը: Հենց կենտրոնականն է ընթացիկ մրցաշրջանում ամենամեծ քայլը կատարել իր խաղը զարգացնելու գործում և հիմա հավակնում է ամբողջ լիգայի լավագույններից մեկը համարվելուն: Էյթոնը իր շարժունակության, ճիշտ որոշումների ու փոխօգնությունների շնորհիվ գրեթե միայնակ կարողանում է փակել օղակի տակի ամբողջ հատվածը, ինչը թիմակիցներին թույլ է տալիս կենտրոնանալ իրենց անմիջական մրցակիցների վերահսկողության վրա: Պատահական չէ, որ Փոլը հենց Էյթոնին է համարում թիմի ամենակարևոր բասկետբոլիստը:
Դեանդրեից հետո պաշտպանությունում խաղով առանձնանում է նաև ևս մեկ նորեկ՝ Ջեյ Կրաուդերը, որը նաև հիանալի դիպուկահար է հեռահար նետումների ժամանակ:
Պատահական չէ, որ ընթացիկ մրցաշրջանում ամբողջ NBA-ում ամենաարդյունավետը հենց Փոլ-Բուքեր-Բրիջես-Կրաուդեր-Էյթոն հնգյակն է: Երբ նրանք միասին խաղադաշտում են, հաղթանակների տոկոսն ամենաբարձրն է լիգայում:
Ուշագրավ է նաև, որ «Ֆինիքսն» այդքան էլ նման չէ «ժամանակակից թիմին», այսինքն, հեռահար նետումների մոլուցք չունի: Բնականաբար, դրա պատճառը Քրիս Փոլն է, որը «հին դպրոցի» խաղացող է, սիրում է հաշվենկատ կոմբինացիայի միջոցով թիմակցին լավագույն դիրք դուրս բերել, այլ ոչ թե նետում կատարել, երբ դրա կարիքը չկա: Մյուս դեպքերում Փոլն ունակ է ինքնուրույն ավարտել գրոհը, հատկապես եթե իր սիրելի 2-միավորանոց նետման դիրքում է գտնվում:

ԱՄՆ-ում մեծ քննարկում է առաջացրել երկու ոչ խոշոր շուկաների (քաղաքների) թիմերի եզրափակիչում հայտնվելը: Նրանց նման մյուս ակումբները հույս ունեն, որ դա նրանց հնարավորություն կտա որպես օրինակ ցույց տալ և իրենց թիմերում պահել գլխավոր աստղերին:
Ամերիկայի նոր սիրելին
Նրանց հակառակորդները շոուի սիրահարներն են, որոնք ուզում են բազում աստղերի տեսնել եզրափակիչում և որ այն պարտադիր 7-խաղյա դիմակայությամբ լինի: Բայց մեկ հարցում գրեթե բոլորը փոխհամաձայնության են եկել: Նրանք ուզում են, որ Քրիս Փոլը վերջապես չեմպիոնի կոչումը նվաճի, նույնիսկ, եթե նրա մրցակիցը արդեն կրկնակի MVP Յանիս Ադետոկումբոն է և զգալիորեն ուժեղացած «Միլուոկի Բաքսը»:
Փոլի երկրպագուների բանակին է միացել նաև Լեբրոն Ջեյմսը, որի «Լեյքերիսն» պայքարից դուրս է թողել հենց «Ֆինիքսը»: Նա հաղթանակների հետհաշվարկ է տանում մինչև Քրիսի չեմպիոնությունը: Այժմ մնացել է ընդամենը երկու հաղթանակ, որովհետև եզրափակիչի հաշիվը 2:1 է:
Եթե նույնիսկ NBA գլխավոր աստղն է հանկարծ դարձել «Ֆինիքսի» երկրպագու, ապա դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ կկատարվի, երբ Փոլի թիմը դառնա չեմպիոն: Այդ իրադարձությանն իսկապես արժի սպասել: Բասկետբոլին հարկավոր է ևս մեկ ֆենոմենալ կարիերայի գեղեցիկ ավարտ:

