Logo

13 դերասանուհի, որոնք անձնական օրինակով ապացուցում են՝ 40-ից հետո կարիերան նոր թափով վերսկսվում է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:03 / 15.07.2022ՄՇԱԿՈՒՅԹ
40+ դերասանուհիներ

Հեշտ չէ կինո մտնել և հասնել համընդհանուր ճանաչման, բայց ավելի դժվար է պահպանել հանդիսատեսի սերն ու պահանջարկը երկար ժամանակ։ Որոշ դերասանուհիներ տարիների ընթացքում միայն թափ են հավաքում, բայց կան և այնպիսիք, որոնք ընկնում են Օլիմպոսից, որպեսզի ավելի մեծ տարիքում նորից բարձրանան։ VNews Culture-ը վստահ է, որ տարիքն ամենևին էլ խոչընդոտ չէ կարիերայի նոր փուլի համար, և շատ դերասանուհիներ դա ապացուցում են իրենց օրինակով:

Ռենե Զելվեգեր

Ռենե Զելվեգեր

Ռենե Զելվեգերը բազմակողմանի զարգացած դերասանուհի է, որը հիանալի է խաղում ինչպես կատակերգությունում, այնպես էլ դրամայում: Նրա հանրաճանաչության գագաթնակետը եղել է 2000-ականների սկզբին. այն ժամանակ նա խաղացել է «Բրիջիթ Ջոնսի օրագիրը», «Չիկագո», «Սառը լեռ» ֆիլմերում։ Բայց դրանից հետո ֆիլմերը, որոնցում հրավիրվում էր Զելվեգերը, դառնում էին ավելի ու ավելի անցողիկ, իսկ դերերը՝ ավելի քիչ հիշվող։

40 տարեկանին մոտ դերասանուհին ամբողջովին դադարեց նկարահանվել ֆիլմերում։ Այդ շրջանը տևեց ամբողջ 6 տարի և վերածվեց աստիճանական վերածննդի։ Եվ 2015 թվականից նա խաղաց 5 ֆիլմում և 2 մինի սերիալում, իսկ 2019-ին «Օսկար» ստացավ «Ջուդի» կենսագրական դրամայում դերակատարման համար։

Ռոուզ Բիրն

Ռոուզ Բիրն

Ռոուզ Բիրնը 40-ն անց է, և նրա կարիերան շարունակում է վերելք ապրել: Ճանապարհի սկզբում Ռոուզը ձգտում էր դրամատիկ դերերի, բայց 2010-ին եկավ կատակերգական ժանր ու, կարելի է ասել, մի քայլ առաջ գնաց։ 

«Ես երազում էի լուրջ դերասանուհի լինել, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ինձ մոտ ավելի լավ են ստացվում զվարճալի դերերը»,- ասել է Բիրնը:

Վերջերս դերասանուհին աչքի ընկավ հիշարժան դերով «Կյանքի ռիթմում» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է տանջված տնային տնտեսուհու, որը հետաքրքրվում է շեյփինգով և փոխում իր կյանքը։ Այժմ նա զբաղվում է պրոդյուսերությամբ և պատրաստվում նկարահանվել ևս մի քանի նախագծերում։

Պենելոպա Կրուս

Պենելոպա Կրուս

Պենելոպա Կրուսը կինոարդյունաբերության մեջ է ավելի քան 30 տարի և ունի մի քանի տասնյակ գլխավոր դերեր: Դերասանուհին նկարահանվում է մի շարք ֆիլմերում՝ կատակերգություններից և վեսթերններից մինչև թրիլերներ և ծանր դրամաներ:

Վերջերս Կրուսն ավելի քիչ է հայտնվում խոշոր նախագծերում, քանի որ այժմ ավելի շատ տարված է իր անձնական կյանքով։ Այդուամենայնիվ, 2021 թվականին նա ստացավ մի շարք դրական արձագանքներ և առաջադրվեց «Օսկար»-ի՝ «Զուգահեռ մայրեր» դրամայում դերակատարման համար։

Ջեսիկա Չեսթեյն

Ջեսիկա Չեսթեյն

Ջեսիկա Չեսթեյնն իր դեբյուտը կինոյում կատարել է 31 տարեկանում՝ խաղալով «Ջոլին» դրամայում։ Այդ ժամանակվանից դերասանուհին շատ ակտիվ է նկարահանվում՝ տարեկան մինչև 4-5 ֆիլմ։ Միևնույն ժամանակ, նրա խաղացած ֆիլմերը պարբերաբար հայտնվում են ամենատարբեր վարկանշային ցուցակներում: Մնում է միայն հիշել այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Mom», «Interstellar», «Crimson Peak»:

«Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում նկարահանվելով՝ Չեսթեյնն իր առաջին «Օսկար»-ը ստացավ 45 տարեկանում։ Ըստ երևույթին, դրանից հետո նա դարձավ է՛լ ավելի պահանջված դերասանուհի, և առաջիկա տարիներին կթողարկվի ևս 4 ժապավեն։

Լորա Դերն

Լորա Դերն

Իր երիտասարդության տարիներին Լորա Դերնը գրեթե դարձավ հեղինակային կինոյի խորհրդանիշ՝ նկարահանվելով Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» և «Սրտով վայրի» ֆիլմերում: Դրանից քիչ անց դերասանուհին նկարահանվեց «Յուրայի դարաշրջանի այգին» և «Հոկտեմբերյան երկինքը»: Այդուամենայնիվ, 2000-ականների սկզբից Դերնը դադարեց նկարահանվել խոշոր նախագծերում։

Նրա վերածնունդը սկսվեց 2014 թվականին, երբ դերասանուհին առաջադրվեց «Օսկար»-ի՝ «Վայրին» դրամայում դերակատարման համար։ Դրան հաջորդեցին մի շարք հիշարժան ելույթներ էկրանին, և արդեն 2020-ին Դերնը ստացավ գլխավոր կինոմրցանակը «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար։

Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպեսն իր սերնդի ամենահաջողակ երգչուհիներից է, պահանջված դերասանուհի և տաղանդավոր գործարար, բայց նրան էլ միշտ չէ, որ հետապնդել է հաջողությունը։ Կար մի շրջան, երբ երաժշտության մեջ ժողովրդականության անկումը համընկավ ֆիլմերի անհաջողությունների հետ։ «Ջիլի» ֆիլմի քննադատությունից հետո դերասանուհին խոստովանել է, որ ընկճված է. «Ես կորցրի ինքնագնահատականս և կասկածեցի մասնագիտությանս ընտրությանը։ Պարզապես այն պատճառով, որ ամեն ինչում ձախողեցի»:

Այժմ Լոպեսը բավականին հաջող շրջան ունի իր կարիերայում։ 2022 թվականին թողարկվեց «Առաջին հանդիպածը» ռոմանտիկ կատակերգությունը դերասանուհու հետ, որով զբաղվել է իր ընկերությունը։ Առաջիկա տարիներին պատրաստվում են ևս 4 նմանատիպ նախագծեր, որոնցում Լոպեսը հանդես կգա ինչպես պրոդյուսերի, այնպես էլ գլխավոր հերոսի դերում։

Մեգի Ջիլենհոլ

Մեգի Ջիլենհոլ

90-ականների սկզբին Մեգի Ջիլենհոլի դեբյուտը եղավ մեծ էկրանին՝ հոր նկարահանած ժապավեններում փոքրիկ դերերով։ Ավելի ուշ նա հայտնվեց «Դոնի Դարկո» կուլտային դրամայում, որտեղ նրա եղբայր Ջեյքը խաղաց գլխավոր դերը։ Այդ ժամանակվանից դերասանուհին դարձել է որակի յուրահատուկ երաշխավոր, նրա հետ ֆիլմերը գործնականում չեն ձախողվում։

2021 թվականին Ջիլենհոլն իրեն փորձեց որպես ռեժիսոր «Անծանոթ դուստրը» հոգեբանական դրամայում, որի սցենարը նա ինքն է գրել։ Հենց որպես սցենարիստ էլ  առաջադրվեց «Օսկար»-ի։

Միշել Պֆայֆեր

Միշել Պֆայֆեր
Միշել Պֆայֆերը համարվում է 1980-90-ականների ամենահաջողակ դերասանուհիներից մեկը։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ իր կարիերայի սկզբնական փուլում ամեն ինչ այնքան էլ լավ չէր։

«Ես նոր-նոր կինոարվեստ էի սովորում, ուստի ավելի շատ հիմարների էի խաղում և օգուտ քաղում իմ արտաքինից»,- ասել է նա։ 

Հմտությունն, իսկապես, ավելացավ, և Պֆայֆերը դերեր ստացավ այն ժամանակվա հիթերում. «Սպիով դեմքը», «Վտանգավոր կապեր», «Բեթմենը վերադառնում է»:

Դերասանուհին հաճախ էր ընդմիջում անում աշխատանքից՝ երեխաների դաստիարակությանը ժամանակ տրամադրելու համար։ Նա մի քանի տարի չէր կարողանում էկրաններին հայտնվել, բայց վերադառնալուն պես անմիջապես ստանում էր նոր բարձրակարգ դեր։ Նրա վերջին նախագծերից է «Առաջին տիկին» սերիալը։ Այժմ Պֆայֆերը պատրաստվում է նկարահանվել մի քանի ֆիլմերում և նույնիսկ չի հերքում Կատու-կնոջ կերպարին վերադառնալու հավանականությունը։

Սանդրա Բուլոք

Սանդրա Բուլոք

Սանդրա Բուլոքը վառ օրինակ է դերասանուհու, որի ոսկե տարիները, կարծես, երբեք չեն անցնում: Նա արդեն 57 տարեկան է, բայց ամեն ինչ այնպես է երևում, կարծես թե Բուլոքը դեռ թափ է հավաքում, և նրա մասնակցությամբ ևս մեկ հզոր ֆիլմ կարող է նկարահանվել ցանկացած պահի։ 

Ինչ ասել, Սանդրա Բուլոքն իր առաջին և առայժմ միակ «Օսկար»-ը ստացել է 45 տարեկանում՝ «Չերևացող կողմը» ֆիլմի համար։ Իսկ հետո՝ 2010 և 2014 թվականներին, նա դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, և մինչ այժմ շարունակում է նկարահանվել ֆիլմերում։

Էմմա Թոմփսոն

Էմմա Թոմփսոն

Մեզանից շատերը ճանաչում են Էմմա Թոմփսոնին բազմաթիվ դասական ստեղծագործությունների էկրանավորումից, «Հարի Փոթեր» ֆիլմաշարից և սուրբծննդյան հիթ «Իրական սեր»-ից: Գլխավոր դերեր դերասանուհուն ոչ այնքան հաճախ են բաժին հասնում, սակայն հատկանշական է, որ տարիքի հետ դրանք շատանում են։

Ինչ դերասանուհին դարձել է 60 տարեկան, նա նկարահանվել է 3 ֆիլմում և 1 հեռուստասերիալում։ Դրանք և՛ 2021-ի հիթ «Կրուելան» է, և՛ «Ուղիղ եթերում» ու «Սեր՝ զանգովl» հիշարժան կատակերգությունները։ Այժմ Էմմա Թոմփսոնը 63 տարեկան է, և դատելով առաջիկա նախագծերից՝ նա դեռ հեռուստադիտողին զարմացնելու բան ունի։

Ջիլիան Անդերսոն

Ջիլիան Անդերսոն

Թերևս, մեզանից շատերը դիտել կամ գոնե լսել են «Գաղտնի նյութեր» սերիալի մասին, որում խաղում էր Ջիլիան Անդերսոնը: Առաջին 9 սեզոնները հեռարձակվել են 1993-ից 2002 թվականներին, և  այդ ժամանակ դերասանուհին, կարծես, իր ժողովրդականության գագաթնակետին էր։ Դրանից հետո նա սկսեց հետին պլան մղվել և գործնականում դադարեց գլխավոր դերեր ստանալ։

Նույն «Գաղտնի նյութերն» էլ նպաստեց դերասանուհու վերածննդին։ Սերիալը վերսկսվեց 2016 թվականին, երբ Անդերսոնը կրկին դարձավ Սքալի գործակալը։ Այդ ժամանակվանից նա տեսադաշտում է, իրեն փորձում է տարբեր դերերում ու փայլում էկրաններին։  Առանձնակի պետք է նշել նրա ներդրումը «Թագ» և «Առաջին տիկին» սերիալներում։

Քեմերոն Դիաս

Քեմերոն Դիաս

90-ականներին Քեմերոն Դիասի մասնակցությամբ հայտնվեցին մի շարք կատակերգություններ. «Դիմակը», «Լավագույն ընկերոջ հարսանիքը»։ Իսկ 26 տարեկանում հանրության սիրելին նկարահանվել է «Բոլորը խենթանում են Մերիի համար» ֆիլմում և արժանացել քննադատների գովասանական արձագանքներին։ Այդ ժամանակից ի վեր նրա անունը պարբերաբար հնչում էր մինչև 2014 թվականը, երբ դերասանուհին երկար ընդմիջում վերցրեց, իսկ ավելի ուշ հայտարարեց ընդհանրապես կարիերայի ավարտի մասին։ Այսպիսով, 42 տարեկանում Դիասը փաստացի լքեց կինոն:

Ինչպես պարզվեց, Քեմերոն Դիասը հեռացավ, որ 49 տարեկանում վերադառնա «Դարձյալ գործի մեջ» մարտաֆիլմ կատակերգությամբ։ Դերասանուհու գործընկերն է լինելու Ջեյմի Ֆոքսը, որն էլ, ինչպես պարզվել է, համոզել է նրան վերադառնալ։

Ջոդի Ֆոսթեր

Ջոդի Ֆոսթեր

Ջոդի Ֆոսթերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 3 տարեկանից՝ որպես մանկական մոդել։ Արդեն 6 տարեկանում նա նկարահանվել է սիթքոմում, իսկ հետո դարձել դեռահասների կուռքը: Սակայն դերասանուհին իր առաջին լուրջ դերը ստացավ միայն 26 տարեկանում՝ «Մեղադրյալները» դրամայում։ Իհարկե, մեզանից շատերը Ֆոսթերին ճանաչում են շնորհիվ նրա կերպարի՝ Քլարիս Սթարլինգի՝ «Գառների լռությունը» ֆիլմից:

Շլացուցիչ հաջողությունից հետո դերասանուհին հիմնել է պրոդյուսերական ընկերություն, սակայն 2000-ականների սկզբին նրա կարիերան սկսեց անկում ապրել, և ստուդիան ստիպված էր փակվել: Այդ ժամանակից ի վեր Ջոդի Ֆոսթերը խաղացել է ևս մի քանի հիշարժան դերեր, բայց սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ռեժիսուրային։ Վերջերս հայտնի դարձավ, որ Ֆոսթերը գլխավոր դեր է խաղալու «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ սեզոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ