Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» տրանսֆերային խնդիրները շարունակվեցին նաև հունվարյան տրանսֆերային պատուհանի վերջին պահին: Այս անգամ, սակայն, այդ խնդիրները ոչ թե ֆինանսական էին, այլ տեխնիկական...
«Կամպ Նոուում» տրանսֆերների վերաբերյալ տարօրինակ իրադարձությունների պակաս արդեն վաղուց չի զգացվել: Արդեն փակված տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբը փորձում էր կիսապաշտպան ձեռք բերել (այս դեպքում Սոֆիան Ամրաբատին), բայց խնդիրների բախվեց այն առումով, որ վարձակալությամբ որևէ ֆուտբոլիստի թիմ հրավիրելուց հետո չէր կարողանալու հետագայում հիմնական պայմանագիր կնքել նրա հետ:
Այդ նույն ժամանակահատվածում ամենախոստումնալից ֆուտբոլիստներից Գավին ստիպված էր սպասել այնքան, մինչև ակումբը կարողանար գրանցել նրան որպես հիմնական թիմի խաղացող: «Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի» հրաժարագինն այդ ընթացքում շարունակում էր կազմել 50 միլիոն եվրո:
Իսպանացի կիսապաշտպանին ի վերջո դատարանի որոշմամբ թույլատրեցին նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, սակայն կատալոնացիները կարողացան թեպետ մեկ այլ, բայց գործարք ձախողելու նոր մեխանիզմ «գտնել»:
Ի՞նչ է եղել
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» ջանք էր գործադրում՝ ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիից» մեքսիկացի պաշտպան Խուլիան Արաուխոյին ձեռք բերելու համար: Ակումբը նույնիսկ համաձայնության էր եկել MLS-ը ներկայացնող թիմի հետ:
Չնայած թվում էր՝ ամեն ինչ կարգին է, ու գործարքը կկայանա, այնուհանդերձ պարզվում է, որ խնդիրներ կան, ու թիմերը ստիպված են սպասել ՖԻՖԱ-ի որոշմանը: Ամբողջ խնդիրն այն է, որ տրանսֆերը ձևակերպվել է վերջնաժամկետից հետո, ավելի կոնկրետ՝ 18 վայրկյան անց: Պատճառը համակարգչային սխալն է:

Ի՞նչ է ասվել
«Ժամանակին չհասցրինք համակարգչային սխալի պատճառով. 18 վայրկյան ուշացանք։ Մենք պետք է սպասենք ու տեսնենք՝ ՖԻՖԱ-ն ինչ կորոշի»,- պարզաբանել է «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին:
Արդյոք ամեն ինչ այսքան պա՞րզ է
Իսպանական Sport.es-ը, անդրադառնալով այս գործարքին, այնուամենայնիվ ուշադրության կենտրոնում է պահել ակումբի ֆինանսական խնդիրներ ունենալու հանգամանքը, ինչը, ըստ ամենայնի, ուղղակի թե անուղղակի կերպով ազդել է գործընթացի վրա:
Տրանսֆերի ձևակերպման գործընթացը երկար ժամանակ է պահանջել, քանի որ տվյալ պայմանագիրն ինքնին բարդություններ է առաջացրել՝ ելնելով ներառված տարատեսակ կետերից:
«Բարսելոնան», ըստ այդ պայմանագրի, 21-ամյա Խուլիան Արաուխոյի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսի համար ձմռանը պետք է վճարեր 2 միլիոն եվրո, ևս 2 միլիոն եվրո՝ ամռանը՝ 40 տոկոսի համար, իսկ 10 տոկոսը շարունակելու էր պատկանել ֆուտբոլիստի ներկայիս թիմին՝ «Լոս Անջելես Գելեքսիին»:
Եթե խաղացողը չհարմարվեր թիմին, ու ակումբը չցանկանար ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը, ապա ամռանը Խուլիան Արաուխոն պետք է վերադառնար «Լոս Անջելես Գելեքսի», իսկ այս գործարքն ինքնըստինքյան կվերածվեր վարձակալական պայմանագրի:
«Կապտանռնագույնների» համար աջ պաշտպանի դեֆիցիտը շարունակվում է, հատկապես հիմա, երբ Էկտոր Բելյերինը վարձավճարով տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»՝ լրացնելու Լոդնոնի «Տոտենհեմի» շարքը համալրած Պեդրո Պորոյի բացը:


