Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայում ընթացող United Cup մրցաշարում Սերբիայի հավաքականի կազմում պարտվել է ավստրալացի Ալեքս Դե Մինաուրին։ 1 ժամ 34 րոպե տևողությամբ մրցախաղում Դե Մինաուրը հաղթել է 6-4, 6-4 հաշվով։
Հունվարի 2-ին Ջոկովիչը մարզման ժամանակ ստացել էր դաստակի վնասվածք, ինչը զգալ է տվել հանդիպման ընթացքում։ Մրցախաղի ընթացքում նա նաև ունեցել է բժշկական օգնության կարիք։
«Որքան շատ եմ խաղում, այնքան ցավն ուժեղանում է»,- հանդիպումից հետո ասել է 36-ամյա Ջոկովիչը։
2018 թվականից հետո առաջին անգամ սերբ թենիսիստը պարտվել է Ավստրալիայում։ Նախորդ պարտությունը նա կրել էր Australian Open-2018-ի չորրորդ շրջանում՝ ճանապարհը զիջելով կորեացի Հեն Չոնին։ Այս ընթացքում սերբ թենիսիստը 43 անընդմեջ հաղթանակ էր տարել ավստրալական կորտերում։


