Logo

Փարիզ-2024. Մրցումների օրացույցը և տոմսերի արժեքը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:39 / 26.07.2022• ՍՊՈՐՏ
null

2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է քառամյակի գլխավոր մարզական փառատոնի օրացույցը և մրցումների տոմսերի գնի մասին առաջին տեղեկատվությունը, տեղեկացնում է ՄՕԿ-ի կայքը։

Խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 11-ը։ Այդ ընթացքում նախատեսված է 329 միջոցառում։ Առաջին մրցանակակիրները որոշվելու են հուլիսի 27-ին. այդ օրը խաղարկվելու են կանանց և տղամարդկանց հեծանվասպորտի, ձյուդոյի, սուսերամարտի, ջրացատկի, ռեգբիի, հրաձգության, լողի և սքեյթբորդինգի մրցումների առաջին մեդալները։ Լողի և աթլետիկայի բոլոր եզրափակիչները նախատեսված են բացառապես երեկոյան ժամերին։

Հատկապես հագեցած է լինելու օգոստոսի 3-4-ը։ Երկու օրում հայտնի են դառնալու թենիսի, սեղանի թենիսի, ձյուդոյի, սուսերամարտի, աթլետիկայի, նետաձգության, հրաձգության, հեծանվասպորտի, գոլֆի, ձիասպորտի, ակադեմիական թիավարության, սպորտային մարմնամարզության, բադմինթոնի և լողի որոշ մրցաձևերի հաղթողներն ու մրցանակակիրները։

Հատուկ ուշադրություն է դարձվելու գենդերային հավասարությանը։ Այդ սկզբունքի պահպանման նպատակով մրցումների ծրագիրը կազմվելու է այնպես, որ կանանց և տղամարդկանց մասնակցությամբ եզրափակիչները հաջորդեն միմյանց։ Օգոստոսի 11-ին հատուկ ուշադրություն է դարձվելու կանանց սպորտին. տեղի են ունենալու ըմբշամարտի, ծանրամարտի, հեծանվասպորտի ամփոփիչ մրցումները և բասկետբոլի մրցաշարի եզրափակիչը։ Իսկ փակման արարողությունից ժամեր առաջ նախատեսված է կանանց մարաթոնյան վազքը, որով ավարտվելու է աթլետիկայի մրցումների ծրագիրը։

Թեպետ տոմսերի վաճառքը պաշտոնապես մեկնարկելու է այս տարվա դեկտեմբերին, սակայն արդեն իսկ հասանելի է որոշակի տեղեկատվություն դրանց գների մասին։ Ավելի քան 1 միլիոն տոմս վաճառվելու է 24 եվրոյով։ Տոմսերի մոտ 50 տոկոսի արժեքը լինելու է 50 եվրոյի սահմանում և շուրջ 30 տոկոսինը՝ 100 եվրո կամ մի փոքր պակաս։ Տոմսերի մոտ 15 տոկոսի արժեքը լինելու է մինչև 950 եվրո (բացման և փակման արարողությունների տոմսերը վաճառվելու են առանձին)։ Վաճառքում լինելու են նաև տոմսերի փաթեթներ (սկսած 72 եվրոյից), որոնք հնարավորություն կտան ներկա լինել մինչև 3 մարզաձևի մրցումների։ Ընդհանուր առմամբ՝ իրացվելու է ավելի քան 10 միլիոն տոմս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ