Logo

2026 թվականին Հայաստանը կընդունի 3 խոշոր մրցաշար

20:13 / 09.12.2025Այլ մարզաձևեր
null

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, նաև մի շարք պետական կառույցների և մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

2026 թվականին Հայաստանում 3 խոշոր մարզական միջոցառում է անցկացվելու․

  • Փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին, նախնական տվյալներով, կմասնակցեն շուրջ 45 երկրի ավելի քան 500 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի փետրվարի սկզբին։ Մրցումները կկայանան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։
  • Ապրիլի 10-13-ը Երևանը կընդունի Սամբոյի աշխարհի գավաթը։ Այս փուլում մասնակցությունն արդեն հաստատել է 25 երկիր, իսկ ընդհանուր առմամբ սպասվում է 35-40 երկրի շուրջ 350 մարզիկների մասնակցություն։
  • Նոյեմբերին Հայաստանում կկայանա սպորտային պարերի մեծահասակների աշխարհի առաջնությունը։

Մի քանի մարզաձևերի ուղղությամբ միջազգային մրցաշարեր հյուրընկալելու հարցով էլ ներկայում բանակցություններ են ընթանում:

Նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների կազմակերպչական հարցերը, որոնք վերաբերել են մրցաշարերի վայրերի ընտրությանը, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերմանը, այդ նպատակով մրցութային գործընթացների կազմակերպմանն ու ժամկետների ճշտմանը։ Անդրադարձ է կատարվել նաև երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծմանը, մարզաձևերի հանրահռչակման և մասսայականացման ուղղություններին, մրցաշարերի հեռարձակմանը, ինչպես նաև տոմսերի վաճառքի գործընթացին։

Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և համագործակցային աշխատանքի համար՝ նմանօրինակ մասշտաբային մրցաշարերի հաջող կազմակերպման հարցում կարևորելով միջգերատեսչական ջանքերի ներդրումը։ Նրա խոսքով՝ միայն միասնական և կազմակերպված աշխատանքը հնարավորություն կտա մրցաշարերն անցկացնել բարձր, միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակով։

Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ Ներքին գործերի, Առողջապահության նախարարություններից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, Երևանի քաղաքապետարանից, Հայաստանի սամբոյի, հրաձգության, սպորտային պարերի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերությունից և մի շարք այլ կառույցներից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ