Անգլիական «Քրիստալ Փելասի» ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետայի գլխին 25 կար է դրվել, ինչից հետո ֆուտբոլիստը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ Ժան-Ֆիլիպ Մատետան երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ ստացել է մասնագիտացված բուժում և 25 կար ձախ ականջի հատվածում՝ պայմանավորված ծանր վերքով: Նա հիմա լավ է:
Մատետան կհանգստանա, իսկ նրա ապաքինումը կվերահսկի ակումբի բժշկական անձնակազմը»,- գրված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Մատետան շնորհակալություն էր հայտնել աջակցության համար:
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Քրիստալ Փելաս» - «Միլուոլ» հանդիպման (3-1) 8-րդ րոպեին Մատետան գնդակի համար պայքար էր մղել, երբ մրցակցի դարպասապահ Ռոբերտսը գնդակը հեռացնելիս ոտքով հարվածել էր նրա գլխին ու լուրջ վնասվածք պատճառել (տեսանյութ), ինչից հետո Մատետան հոսպիտալացվել էր: