28 տարի առաջ այս օրը՝ 1994 թվականի օգոստոսի 17-ին, Զինեդին Զիդանը նորամուտն է նշել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Այդ ժամանակ ֆրանսիական «Բորդոյում» խաղացող 22-ամյա կիսապաշտպանը 63-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Չեխիայի հավաքականի հետ ընկերական խաղում և դարձել դուբլի հեղինակ։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ Մինչև Զիդանի՝ խաղադաշտ դուրս գալը ֆրանսիացիները պարտվելիս են եղել 0-2 հաշվով։
When Zinedine Zidane made his debut for France he scored twice as a substitute! pic.twitter.com/LZSpDvXtFd
— 90s Football (@90sfootball) November 19, 2018
Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականում վերջին հանդիպումն անցկացրել է 2006 թվականին։ Ազգային թիմի կազմում նա մասնակցել է 108 հանդիպման ու դարձել 31 գոլի հեղինակ։ Ֆրանսիայի հավաքականի հետ լեգենդար կիսապաշտպանը դարձել է աշխարհի (1998) ու Եվրոպայի չեմպիոն (2000), Եվրո-1996-ի բրոնզե մեդալակիր ու ԱԱ-2006-ի փոխչեմպիոն։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Զիդանը խաղացել է ֆրանսիական «Կանում» (1988-1992), «Բորդոյում» (1992-1996), Թուրինի «Յուվենտուսում» (1996-2001) և Մադրիդի «Ռեալում» (2001-2006)։ Կարիերան ավարտելուց հետո ֆրանսիացին անցել է մարզչական աշխատանքի և 2016-2018-ին ու 2019-2021-ին գլխավորել է «Ռեալը», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, ՈւԵՖԱ-ի կրկնակի սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն։


