Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Դուբլինում նվազագույն հաշվով պարտվեց իռլանդացիներին: 4 տուրից հետո ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարի F խմբում 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որը 3-րդն էր: Անցկացրած 4 հանդիպումներից 3-ում մեր ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Հայաստանի հավաքականը խփել է ընդամենը 2 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 9 գնդակ:
2, Արտագնա վերջին 5 հանդիպումներում հավաքականը 4 պարտություն է կրել (Վրաստան՝ 1-6, Կոսովո՝ 2-5, Հունգարիա՝ 0-2, Իռլանդիա՝ 0-1)՝ միակ ոչ-ոքին գրանցելով Չեռնոգորիայի ազգային թիմի հետ անցկացրած ընկերական խաղում (2-2):

3. Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 76-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 45-րդ պարտությունը: Այդ խաղերից միայն 14-ում է հաղթել մեր հավաքականը, 17 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 63 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 151 գնդակ:
4. Հայաստանի հավաքականն իր գոյության 33 տարիների ընթացքում 267-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 146-րդ պարտությունը: Մնացած խաղերից 66-ում մեր հավաքականը հաղթել է, 55-ում գրանցվել է ոչ-ոքի: Խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը մրցակիցների օգտին է՝ 483-272:
5. Հայաստանի հավաքականը վերջին 8 տարիներին շատ անհաջող է խաղացել հոկտեմբերին՝ անցկացրած 13 հանդիպումներում կրելով 8 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի, խփելով 8 գոլ, բաց թողնելով 22 գնդակ: Վերջին հաղթանակը հոկտեմբերին հավաքականը տոնել է 2018թ.՝ Ազգերի լիգայի մրցախաղում Երևանում 4 անպատասխան գնդակ ուղարկելով հյուսիսմակեդոնացիների դարպասը:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերին անցկացրած 54 հանդիպումներում ՀՀ հավաքականն ընդամենը 7 հաղթանակ է տոնել, 14 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 33 պարտություն, խփել է 48 գոլ, բաց է թողել 106 գնդակ:

6. Արդեն 35 խաղ է, ինչ հավաքականին չի հաջողվում դարպասն անառիկ պահել: Այդ հանդիպումներում մրցակիցները Հայաստանի հավաքականի դարպասն ընդհանուր առմամբ 77 գոլ են խփել: Միայն 6-ում է հավաքականը հաղթել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, 23-ում պարտվել է, որից 7-ը՝ խոշոր հաշվով, խփել է 36 գոլ: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի պատմության մեջ յուրօրինակ հակառեկորդ է:
Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղում (1-0), որում դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:
7. Իռլանդացիների հետ անցկացրած 6 հանդիպումներում ՀՀ հավաքականը 4-րդ պարտությունը կրեց՝ 2-րդ անգամ չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Նախկինում մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվել գրավել իռլանդացիների դարպասը մրցակցի հետ առաջին դիմակայությունում՝ 2010թ. սեպտեմբերի 3-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում պարտվել էին նվազագույն հաշվով:
ՀՀ հավաքականը 2 անգամ է հաղթել իռլանդացիներին, խփել է 6 գոլ, բաց է թողել 8 գնդակ: Գոլերից 3-ի հեղինակն Էդուարդ Սպերցյանն է, մեկական անգամ իռլանդացիների դարպասը գրավել են Հենրիխ Մխիթարյանը, Արտակ Դաշյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը:
8. Հայաստանի հավաքականը 3-րդ անգամ Դուբլինում մրցեց իռլանդացիների հետ ու կրկին խաղադաշտից պարտված հեռացավ: Հետաքրքիր է, որ այդ 3 խաղերում էլ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կարմիր քարտի են արժանացել՝ 4 անգամ հեռացվելով խաղադաշտից:
![]()
Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում 2011թ. հոկտեմբերի 11-ին կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի (1-2) 26-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել Ռոման Բերեզովսկին:
11 տարի անց՝ 2022թ. սեպտեմբերի 27-ին նույն մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խաղում, որում Հայաստանի հավաքականը պարտվել էր 2-3 հաշվով, 89-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էին Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը:
9. Կամո Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի կազմում 92-րդ խաղն անցկացրեց և հավասարվեց Վարազդատ Հարոյանին: 33-ամյա Հովհաննիսյանը կրկնեց հավաքականում անցկացրած խաղերի քանակով Հարոյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում հավաքականում բոլորից շատ խաղի էր մասնակցել:
10. Տիգրան Բարսեղյանը հավաքականում խաղալիս առաջին անգամ հեռացվեց խաղադաշտից:


