«Ալաշկերտին» ոչ մի կերպ չի հաջողվում Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում միավոր վաստակել: Հայաստանի գործող չեմպիոնը շարունակեց իր անփառունակ ելույթները՝ 5-րդ խաղում էլ անհաջողության մատնվելով, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվելով ֆիննական ՀԻԿ-ին:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» 13-րդ խաղն անցկացնելով, 8-րդ պարտությունը կրեց: Ալաշկերտցիներն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 10 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 22 գնդակ:
2. Վերջին 3 հանդիպումներում ալաշկերտցիներին չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին՝ փոխարենը սեփական դարպասը բաց թողնելով 6 գոլ: Վերջին գոլն «Ալաշկերտը» խփել է սեպտեմբերի 30-ին Երևանում ՀԻԿ-ի հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրի խաղում: Հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին աչքի է ընկել Ալեքսանդր Գլիշիչը: Այնպես որ, եվրագավաթներում «Ալաշկերտի» մոտ 270 րոպե տևողությամբ գոլային երաշտ է:
3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտն» արդեն 7 խաղ է, ինչ չի վայելել հաղթանակի բերկրանքը՝ կրելով 6 պարտություն, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, խփելով ընդամենը 3 գոլ, բաց թողնելով 15 գնդակ: Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տոնել է օգոստոսի 12-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնելով «Կայրաթին»:
4. Եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտն» ընդհանուր առմամբ 36-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 18-րդ պարտությունը: Մյուս հանդիպումներից 10-ում «Ալաշկերտը» հաղթել է, 8-ում գրանցվել է ոչ-ոքի, խփել է 32 գոլ, բաց է թողել 57 գնդակ: Հայկական ակումբներից եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով «Ալաշկերտին» գերազանցում են միայն «Փյունիկն» (60) ու «Շիրակը» (39):
5. Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին 21 խաղ են անցկացրել: Մեր ֆուտբոլիստները 4 հաղթանակ են տոնել, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի, 12 անգամ պարտվել են: Հայկական ակումբները խփել են 19 գոլ, մրցակիցներին 38 անգամ է հաջողվել գրավել դարպասը:
Ընդհանուր առմամբ եվրագավաթներում անցկացրած 280 հանդիպումներում հայկական ակումբները 58 հաղթանակ են տոնել, 47 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 175 պարտություն, խփել են 216 գոլ, բաց են թողել 527 գնդակ: