Ծաղիկներ Էլջերնոնի համար
հեղինակ՝ Դենիել Քիզ
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» (Flowers for Algernon), Դանիել Քիզի գիտաֆանտաստիկ պատմվածքն է։ Սկզբնապես հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Ստացել է «Հյուգո» մրցանակը՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։
Հետագայում Քիզը լրացրեց պատմվածքը՝ դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որ ստացավ «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։
Վեպի գաղափարը ձևավորվել է 14 տարի շարունակ և անընդհատ թեման զարգացել է Քիզի կյանքում կատարվող տարբեր իրադարձություններով։ Ամեն ինչ սկսվել է 1945 թվականին՝ ծնողների հետ վեճից հետո․ նրանք ցանկանում էին, որ իրենց որդին գնա բժշկության մասնավոր դասերի, մինչդեռ որդին պարզապես ցանկանում էր գրող դառնալ…
Սյուժե
Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։
Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի։
Պատմվածքը գրված է Չառլիի անունից ներկայացվող հաշվետվություններից։ Ինտելեկտուալ ունակությունների ավելացմանը զուգահեռ տեքստում աստիճանաբար պակասում են ուղղագրական և կետադրական սխալները, բարդացվում է ոճը։
IQ անցկացված թեստի արդյունքում Չառլին արագորեն աճում է՝ 68-ից մինչև 200 (վեպում՝ 185)։ Հաշվետվություններում Չառլին նշում է իր փոփոխված ընկալումները շրջապատում կատարվող իրադարձությունների վերաբերյալ. նա սկսում է հասկանալ մարդկանց վերաբերմունքը իր նկատմամբ, նոր գիտելիքներ է ստանում։
Չառլին հատուկ կապվածություն է զգում Էլջերնոնի նկատմամբ՝ հասկանալով, որ Էլջերնոնը միակն է, որ ունի իր պես ճակատագիր։ Փորձի ամենասկզբից Էլջերնոնը և Չառլին մրցում էին լաբիրինթոսի անցկացման խաղում. մուկը պիտի անցներ տուփը, մարդը՝ թուղթը։ Սկզբում Էլջերնոնը անընդհատ հաղթում էր, ինչը Չառլիին նյարդայնացնում էր. բայց վերջապես Չառլին կարողացավ հաղթել Էլջերնոնին։ Դրանից հետո Չառլին աշխատում էր ընկերանալ մկան հետ։
![5 բեսթսելլեր Էպիստոլյար ժանրից [Ուրիշների նամակներ կարդալ կարելի է] Ծաղիկներ Էլջերնոնի համար - 5 բեսթսելլեր Էպիստոլյար ժանրից [Ուրիշների նամակներ կարդալ կարելի է]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/07/%D4%BE%D5%A1%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80_%D4%B7%D5%AC%D5%BB%D5%A5%D6%80%D5%B6%D5%B8%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80.jpg)
Միայնությունը Ցանցում
հեղինակ՝ Յանուշ Վիշնևսկի
«Միայնությունը Ցանցում»-ը («[email protected]ść w Sieci») լեհ հայտնի գրող Յանուշ Վիշնևսկու առաջին վեպն է։ Գրվել է 2001 թվականին։ Բաղկացած է 11 անվերնագիր գլուխներից (որոնք նշված են «@» հատուկ նշանով) և վերջաբանից։
Վեպի գրությունը համընկել է «հաջողության դեպրեսիվ շրջանի» հետ․ Յանուշ Վիշնևսկու՝ քիմիայի դոկտորի աստիճան ստանալու ժամանակ նա բաժանվել է կնոջից։ Հեղինակի պնդմամբ․
Ես ուղղակի տխուր էի․․․ Ես որոշեցի, որ նման պատմություն գրելն ավելի էժան կլինի, քան հոգեթերապևտին դիմելը:
Սյուժե
Վեպի գործողություններն ընթանում են 20-րդ դարի 90-ականների կեսերին։ Գլխավոր հերոսները ծանոթանում են համացանցում, էլեկտրոնային փոստի և ICQ-ի շնորհիվ։ Նրանք շփվում են, սիրահարվում, վերապրում։ Հեղինակը նաև նկարագրում է յուրաքանչյուրին «ցանցից դուրս»՝ ընկերներին, ընտանիքը, աշխատանքը, երաժշտական նախապատվությունը։ Երկարատև առցանց շփումից հետո հերոսները հանդիպում են Փարիզում, իսկ շուտով բախվում են փորձություններին, որոնք էլ կարևոր դեր են խաղում նրանց հարաբերություններում և կյանքում։
Վեպի հիմնական մասը զբաղեցնում է գլխավոր հերոսների էլեկտրոնային նամակագրությունը (հեղինակը անվանում է տվել միայն գլխավոր հերոսին՝ Յակուբ, գլխավոր հերոսուհին այդպես էլ մնում է անանուն)։
«Այն ամենից, որը հավերժ է, ամենակարճ ժամկետն ունի սերը»․ հենց այսպես են համառոտ բնութագրում այս աշխատանքը՝ փորձելով մաքսիմալ ճշգրիտ փոխանցել դրա բովանդակությունը։
Վեպը ստացել է խառը արձագանքներ ընթերցողների կողմից և մինչև այսօր էլ համարվում է ակտիվորեն քննարկվող ստեղծագործություն զանազան ֆորումներում։
![5 բեսթսելլեր Էպիստոլյար ժանրից [Ուրիշների նամակներ կարդալ կարելի է] Միայնությունը Ցանցում - 5 բեսթսելլեր Էպիստոլյար ժանրից [Ուրիշների նամակներ կարդալ կարելի է]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/07/%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8_%D5%91%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս
հեղինակ՝ Մերի Շելլի
«Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս»-ը անգլիացի գրող Մերի Շելլիի վեպն է, որը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշտեյնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Շելլին սկսել է գրել վեպը՝ երբ նա դեռ 18 տարեկան էր և առաջին անգամ վեպը տպագրվել է 1818 թվականին Լոնդոնում, սակայն այդ հրատարակության վրա չի եղել հեղինակի անունը։ Շելլիի անունը, որպես հեղինակ, առաջին անգամ հայտնվել է 1823 թվականին Ֆրանսիայում լույս տեսած գրքի երկրորդ հրատարակության մեջ։
Շելլին ճամփորդել է Եվրոպայով 1814 թվականին, Հռենոս գետի շուրջ ճամփորդելիս նա եղել է նաև Գերնշեյմում, որը միայն 17 կիլոմետր է հեռու Ֆրանկենշթեյն դղյակից, որտեղ 2 դար առաջ մի ալքիմիկոս կատարել է իր փորձերը: Հետագայում նա եղել է Ջենեվայում, որտեղ էլ տեղի են ունենում վեպի հիմնական գործողությունները, այստեղ նրա և իր ուղեկիցների՝ Պերսի Բիշի Շելլիի, Ջորջ Բայրոնի և Ջոն Պոլիդորիի միջև եղել են բազմաթիվ զրույցներ գալվինիզմի և նմանատիպ օկուլիստական թեմաների շուրջ, նրանք վիճել են թե իրենցից ով կգրի լավագույն սարսափ պատմությունը։ Մի քանի օր թեմայի մասին մտածելով Շելլին ի վերջո երազում տեսել է մի գիտնականի, ով կյանք է տվել մի արարածի, և սարսափել է իր արածի ահավորությունից, Շելլի երազը հետագայում ծնունդ տվեց վեպի հիմնական սյուժեին։
Վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից մեկը։ Վեպը լայնածավալ ազդեցություն է թողել ինչպես գրական աշխարհում, նաև դրա շրջաններից դուրս և վեպի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Վեպը հիմնականում ներկայացված և գրված է նամակների տեսքով։
Վեպի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը ստեղծվել է 1910 թվականին «Ֆրանկենշթեյն» անվան ներքո, և նրա տևողությունը 16 րոպե է։
![5 բեսթսելլեր Էպիստոլյար ժանրից [Ուրիշների նամակներ կարդալ կարելի է] Frankenstein.1831.inside cover - 5 բեսթսելլեր Էպիստոլյար ժանրից [Ուրիշների նամակներ կարդալ կարելի է]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/07/Frankenstein.1831.inside-cover.jpg)

