Logo

5 ֆիլմ + 5 գիրք. Լուսինե Երնջակյան

Հեղինակ
Նելլի Վահանյան
17:08 / 02.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
Լուսինե Երնջակյան

VNews Culture-ի զրուցակիցն այս անգամ Երևանի կամերային պետական թատրոնի տնօրեն,ռեժիսոր Լուսինե Երնջակյանն է: Մենք խնդրեցինք Լուսինեին առանձնացնել իր ամենասիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակը, բայց թատրոնի տնօրենը որոշեց տրամադրել ոչ թե ամենասիրելիների ցանկը, այլ իր ֆավորիտ գրական գործերից ամենաթեթև կարդացվողները, իսկ ֆիլմերից՝ զվարճալի սյուժե ունեցողները՝ ընթերցողի համար հաճելի երեկո ապահովելու համար:

Եվ այսպես, մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքի այսօրվա հյուրի ցանկը հետևյալն է․


Ռեժիսորի սիրելի ֆիլմերը՝ 

«Հռոմեական արձակուրդներ» (1953)

Ռեժիսոր՝ Ուիլյամ Ուայլեր

Ֆիլմի հերոսուհին եվրոպական երկրներից մեկի արքայադուստր է՝ Աննան, որն ապրում է թագավորական ճոխ կյանքով։ Սակայն ամեն օր պլանավորվող հանդիպումներն ու ծանր օրակարգը հոգնեցնում են գեղեցկուհի Աննային: Խիստ ռեժիմին դիմանալու համար արքայադուստրը հաճախ հանգստացնող ու քնաբեր դեղեր է ընդունում։ Մի անգամ էլ, երբ նա ուղևորվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու բարձրաստիճան անձանց պարահանդեսին, չի դիմանում լարված մթնոլորտին ու գիշերով թաքուն փախչում է: Հռոմում միայնակ զբոսնելը նրան շատ է դուր գալիս: Զբոսանքի ժամանակ Աննան հոգնում է ու թմրում քնաբերի ազդեցությունից և քնում է հենց մայթեզրին, ինչից հետո նրան գտնում է ամերիկացի լրագրող Ջո Բրեդլին և կիսաքուն վիճակում ստիպված իր բնակարան տանում նրան։ Աննայի, Ջոյի ու իր ընկեր լուսանկարիչ Իրվին Ռադովիչի զավեշտալի արկածները Հռոմում կապահովեն հեռուստադիտողի հաճելի երեկոն:

Կարող եք կարդալ նաև՝ 

Մի ռոմանտիկ հեքիաթի պատմություն. «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմը 70 տարեկան է

«Ջազում միայն աղջիկներ են» (1959)

Ռեժիսոր՝ Բիլի Ուայլդեր

Կատակերգության սցենարը ստեղծվել է 1951 թվականին: Ֆիլմը պատմում է երկու երաժիշտների արկածների մասին, որոնք ստիպված են հագնել կանացի հագուստ՝ իրենց հետապնդող գանգստերներից փախչելու համար։ Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում։ Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը ֆիլմը հայտարարել է ԱՄՆ-ում բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունը, իսկ ֆիլմում հնչած I Wanna Be Loved by You երգը ձեռք է բերել մեծ ժողովրդականություն։

Կարող եք կարդալ նաև՝

«Ջազում միայն աղջիկներ են». ֆիլմի նկարահանումները՝ մի առանձին կինո

«Պատմություն մեր մասին» (1999)

Ռեժիսոր՝ Ռոբ Ռայներ

Բենն ու Քեթին տասնհինգ տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության եզրին են։ Նրանք ամեն կերպ փորձում են փրկել իրենց հարաբերությունները, քանի որ հեռանալն այնքան էլ հեշտ չէ, երբ այդքան տարիներ միասին են ապրել։ Բայց, այնուամենայնիվ, տարիների ընթացքում  միմյանց նկատմամբ կուտակած պահանջները սկսում են դուրս թափվել։ Միգուցե ելքը պարզապես միմյանց սիրե՞լն է` այնպիսին, ինչպիսին կան:

«Գահերի խաղը» սերիալ (2011)

Ստեղծող՝ Դ. Բ. Ուայս և Դևիդ Բենիոֆ

Սերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակներ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, որոնք գալիս են ձմռան հետ։

«Մևերիկ» (1994)

Ռեժիսոր՝ Ռիչարդ Դոններ

Բերթ Մևերիկը պրոֆեսիոնալ խաղաթուղթ խաղացող է, պատրաստվում է պոկերի առաջնության, մասնակցության համար անհրաժեշտ է 25 000 դոլար հավաքել, և նրան չի բավարարում ընդամենը երեք հազար։ Ճամփորդության ընթացքում, կես միլիոն դոլար շահելով, նա պատրաստվում է իր հին ծանոթներից հետ վերցնել պարտքերը և ստանալ անհրաժեշտ գումարը։ Մևերիկը հավատում է, որ գերբնական ուժի է տիրապետում և անհրաժեշտ պահի կարող է պահանջված քարտը վերցնել։ Պոկերի մրցաշարում, որն անց է կացվում շոգենավում, եզրափակիչ սեղան է հասնում չորս հոգի՝ Մևերիկը, Անգելը, Անաբելը և կոմանդոր Դյուվալը։ 


Անցնելով գրքերի ընտրությանը՝ ռեժիսորը նշեց, որ հեղինակների բոլոր գործերին է ծանոթ, բայց ընտրում է ամենասիրելիները․

«Հաղթական կամար», Էրիխ Մարիա Ռեմարկ

Հաղթական կամար-Էրիխ Մարիա Ռեմարկ

Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում՝ 1938-1939 թվականներին։ Ռավիկը Առաջին աշխարհամարտի մասնակից էր, գերմանացի վիրաբույժ, որն անլեգալ ապրում էր Փարիզում և վիրահատում հաճախորդներին: Նա մեկն էր այն ներգաղթյալներից, որ չունեին անձնագիր և ուրիշ փաստաթղթեր ու անընդհատ գտնվում էին ձերբակալման և արտաքսման մշտական վտանգի տակ։ Հայրենիքում նա օգնել էր փախչել երկու անմեղ մարդկանց, որից հետո տանելով համակենտրոնացման ճամբարի տանջանքները ու սիրած աղջկա մահը` կարողանում է հասնել Ֆրանսիա, որտեղ ներգաղթյալների համար ամենահեշտն էր ապրելը։ Նա պատահաբար ծանոթանում է իտալացի դերասանուհի Ժոան Մադուի հետ և սիրային կապի մեջ մտնում։ Սիրահարները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ` հաշտվում։ Վեպի վերջում սկսվում է պատերազմը:

Գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, որն առաջին անգամ տպագրվել է Միացյալ Նահանգներում 1945 թվականին, Գերմանիայում տպագրվել է 1946 թվականին։ Կային բազմաթիվ ենթադրություններ, որ գլխավոր հերոսուհու՝ Ժոանի նախատիպը Մառլեն Դիտրիխն է, ում հետ Ռեմարկը սիրավեպ է ունեցել Փարիզում ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։

«Դա Վինչիի ծածկագիրը», Դեն Բրաուն

Դա Վինչիի ծածկագիրը-Դեն Բրաուն

Գիրքը հրատարակվել է 2003 թվականին։ «Դա Վինչիի ծածկագիրը» դարձավ Բրաունի՝ 2000 թվականին լույս տեսած «Հրեշտակներ և դևեր» վեպի շարունակությունը։

Ըստ գրքի բովանդակության` գլխավոր հերոսը` դոկտոր Ռոբերտ Լանգտոնը, Հարվարդի համալսարանի կրոնական պատկերագրության պրոֆեսոր է։ Նա պետք է բացահայտի Լուվրի հսկիչ Ժակույ Սաուիներեի սպանությունը։ Սաուիներեի մարմինը գտել են Լուվրի ներսում` մերկացված և տեղադրված հենց այնպես, ինչպես Լեոնարդո Դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» հայտնի նկարում` իրանի վրա կոդավորված գրությամբ։ Այդ գրությունը վկայում է, որ սպանության բանալին պետք է փնտրել Դա Վինչիի հայտնի նկարների մեջ։ Լեոնարդոյի «Մոնա Լիզա» և «Խորհրդավոր ընթրիք» ստեղծագործությունների վերլուծությունը բավականաչափ օգնում է այս հանելուկի լուծման գործում։

Վեպը գրված է ինտելեկտուալ դետեկտիվ ժանրով։ Այն կարողացավ արթնացնել մեծ հետաքրքրություն դեպի Սուրբ գավաթի լեգենդը և Մարիա Մադգաղենացու դերը քրիստոնեության մեջ։

«Անուղղելի լավատեսների ակումբ», Ժան-Միշել Գենասիա 

Անուղղելի լավատեսների ակումբ- Ժան-Միշել Գենասիա 

Գործողությունները կատարվում են 1960-ականների սկզբին՝ Փարիզում։ Վեպի հերոսը տասներկու տարեկան է, որը գտնվում է անցումային բարդ տարիքում: Միշել Մարինին ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից՝ բացառությամբ լուսանկարչության հանդեպ ունեցած կրքի և ընթերցանության նկատմամբ ունեցած անձնուրաց սիրո։ Նա նաև գաղտնի թաքստոց ունի փարիզյան բիստրոներից մեկի ետնամասում գտնվող սենյակում, որտեղ տարօրինակ մարդիկ, որոնք փախել են ազատ աշխարհից «երկաթե վարագույրով» բաժանված երկրներից, վիճում են, տխրում, կարոտում, շախմատ խաղում՝ սպասելով իրենց ճակատագրի որոշմանը։

Զարմանալի է, բայց հենց այստեղ՝ «Անուղղելի լավատեսների ակումբ» կոչվող սենյակում են հատվում դարաշրջանի ուժային գծերը։

«Էրքյուլ Պուարո», Ագաթա Քրիստի 

Էրքյուլ Պուարո-Ագաթա Քրիստի 

Էրքյուլ Պուարոն անգլիացի գրող Ագաթա Քրիստիի գրական կերպարն է, մասնավոր դետեկտիվ՝ ծագումով բելգիացի:

 Նա ցածրահասակ է, ձվաձև գլխով, բեղերով և սև մազերով։ Նրա հագուստը միշտ լավ արդուկված է, կոշիկները՝ խնամված։ Կարգապահության հանդեպ կրքոտ սերը նրան օգնում է հանցագործություններ բացահայտելիս։ Պուարոն շատ ճշտապահ է, իր մոտ գրպանի ժամացույց է պահում։ Նա միշտ իր բանկային հաշվին պահում է 444 ֆունտ 4 շիլլինգ 4 պենս։

Էրքյուլ Պուարոն իր համեստությամբ աչքի չի ընկնում և բացահայտ իրեն կոչում է աշխարհահռչակ մարդ։ Հետաքննությունը նա փորձում է ավարտել դրամատիկ ձևով, երբեմն նույնիսկ թատերական տարրեր է մտցնում։

«Մի քիչ արև պաղ ջրի մեջ», Ֆրանսուազ Սագան

Մի քիչ արև պաղ ջրի մեջ-Ֆրանսուազ Սագան

Վեպը ներկայացնում է երիտասարդ աղջկա մտահոգությունները, որն ուղղակի ուզում է հաճույք ստանալ կյանքի բոլոր դրսևորումներից։ Վաղ տարիքում զրկվելով մորից՝ նա երկար ժամանակ անց է կացնում եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ Վերադառնալով հոր մոտ, որը հայտնի հեդոնիստ և կանանց սիրահար էր, Սեսիլը ամբողջությամբ ընկղմվում է բոհեմական կյանքի մեջ, որտեղ չկային ո′չ կանոններ, ո՛չ պատասխանատվություն: Սակայն մի օր նրանց կյանքում հայտնվում է Սեսիլի մոր ընկերուհին՝ Աննան, որը գեղեցիկ և խելացի կին էր, սակայն ուներ բռնապետի հակումներ։ Վեպում իշխում է տագնապը անհատի ճակատագրի համար բուրժուական հասարակարգում, որը մարդու մեջ սպանում է ստեղծագործական միտքը, անկեղծ զգացմունքները։ Սագանի արձակն աչքի է ընկնում սեղմ ու արտահայտիչ գրելաձևով, հոգեբանական նուրբ նկարագրություններով։

Կարող եք կարդալ նաև՝

5 ֆիլմ + 5 գիրք. Գրիգոր Խաչատրյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ