Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հոկտեմբերի 18-ին պայքարի մեջ մտան Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ, որոնք պարտություն կրեցին։
Տիգրան Մինասյանը (60 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 3-8 հաշվով պարտվեց վրացի Իրակլի Ձիմիստարիշվիլիին։
Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) որակավորման փուլում 6-5 հաշվով հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին, իսկ 1/8 եզրափակիչում պարտվեց Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գարիկ Սնջոյանին՝ 1-3։
Շանթ Խաչատրյանը (72 կգ) որակավորման փուլում 8-5 հաշվով ուժեղ գտնվեց վրացի Գիորգի Չխիկվաձեից, սակայն 1/8 եզրափակիչում 6-0 հաշվով պարտություն կրեց իրանցի Ամիր Ալի Աբդիից։
Գագիկ Հակոբյանը (82 կգ) մեկնարկային գոտեմարտում 1-2 հաշվով պարտվեց հույն Իլիաս Պագկալիդիսին։
Հայկ Խլոյանը (97 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 3։6 հաշվով պարտվեց թուրք Մուստաֆա Օլգունին։
Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած մարզիկները նվաճեն եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշները հնարավորություն կստանան հոկտեմբերի 19-ին պայքարել բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանի ներկայացուցիչները կանցկացնեն 3 մեդալային գոտեմարտ։ Նախօրեին պայքարի մեջ մտած մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դուրս են եկել եզրափակիչ, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։


