
1828 թ. սեպտեմբերի 9-ին ծնվել է ռուս մեծ գրող Լև Տոլստոյը։ Բոլոր ժամանակների մեծագույն այս գրողը առանձնացել է նաև իր տարօրինակ ու անսովոր կենսակերպով ու մտածողությամբ։ Այսօր առաձնացրել ենք հինգ հետաքրքիր փաստ Լև Տոլստոյի կյանքից։
Տոլստոյը շեղված էր ինքնակատարելագործման վրա
Լև Տոլստոյն իր օրագրում գրում է, որ մասամբ ոգեշնչված «Բենիամին Ֆրանկլինի 13 առաքինություններից», ինքն էլ ստեղծել է կանոնների անվերջանալի մի ցանկ, ըստ որի ձգտում է ապրել: Դրանցից ոմանք շատ հասկանալի ու կիրառելի են նաև այսօրվա ժամանակակից մարդու համար` քնել ոչ ուշ, քան 22:00-ն և արթնանալ ժամը 5:00-ին, 2 ժամ ցերեկային պարտադիր քուն, չափավոր սնունդ և ոչ մի գրամ քաղցրավենիք։ Կանոնների մյուս մեծ մասը վերաբերվում են Տոլստոյի` իր ներսի դևերի դեմ հավերժական պայքարին: Օրինակ՝ մի կանոնով ինքն իրեն պարտադրում էր սահմանափակել այցելությունը հասարակաց տներ` մինչև ամսական երկու անգամը կամ ինքն իրեն խարազանում էր թղթախաղի հանդեպ սիրո համար:
Դեռևս պատանեկան տարիներից Լեւ Տոլստոյը պահում էր «Ամենօրյա գործերի տետր», որտեղ նա ոչ միայն մանրամասն գրում էր, թե ինչպես է անցկացրել օրը, այլ նաև հստակ ծրագիր է կազմում հաջորդ օրվա համար: Ավելին, տարիների ընթացքում նա սկսեց կազմել իր բարոյական ձախողումների երկար ցանկը: Ավելի ուշ, յուրաքանչյուր ուղևորության համար նա սկսեց ստեղծել ուղեցույց, որը կարգավորում է իր ազատ ժամանակը ճանապարհորդության ժամանակ ՝ երաժշտություն լսելուց մինչև թղթախաղ:
Տոլստոյի կինը օգնեց նրան ավարտել «Պատերազմ և խաղաղությունը»
1862 թվականին, մի քանի շաբաթվա ծանոթությունից հետո, 34-ամյա Տոլստոյն ամուսնացավ 18 տարեկան Սոֆյա Բերսի հետ։ Հենց այդ տարին էլ նա սկսեց աշխատել իր «Պատերազմ և խաղաղություն» վեպի վրա, որի առաջին տարբերակն ավարտեց 1865-ին։ Սակայն, վեպը բացարձակ չէր ոգեշնչում գրողին և նա սկսեց վերաշարադրել ու վերաշարադրել։
Արտագրելու գործն իր վրա էր վերցրել Սոֆյան։ Նա շատ հաճախ խոշորացույց էր օգտագործում, որպեսզի կարողանա կարդալ ամուսնու մանր ձեռագրային ուղղումները` արված թղթի ամեն մի միլիմետրի վրա։ Յոթ տարվա ընթացքում կինն ամբողջությամբ արտագրեց վեպը ութ անգամ, որոշ հատվածներ, նույնիսկ, երեսուն անգամ։ Այդ ընթացքում նա ունեցավ իրենց 13 երեխաներից չորսին, զուգահեռ կատարում էր տնային տնտեսուհու պարտականությունները և զբաղվում ընտանիքի ֆինանսական հարցերով։
Ի դեպ, Տոլստոյն այնքան էլ չէր սիրում իր «Պատերազմ և խաղաղություն» վեպը։ Բանաստեղծ Աֆանասի Ֆետին գրած նամակում նա ասում է. «Ես այնքան երջանիկ եմ… որ այլևս չեմ գրում «Պատերազմի» պես բառաշատ հիմարություն»։
Տոլոստոյը վտարված էր եկեղեցուց
1870-ական թվականներին «Աննա Կարենինայի» հաջող հրատարակությունից հետո, Լև Տոլստոյը սկսեց ինքն իրեն ավելի ու ավելի անհարմար զգալ իր ազնվական ծագման և անընդհատ աճող հարստության համար: Գրողը հաղթահարեց մի շարք հուզական և հոգևոր ճգնաժամեր, որոնք ի վերջո խաթարեցին նրա հավատը կրոնի հաստատած դոգմաների հանդեպ։ Ամբողջ համակարգը նրան կոռումպացված և Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հակասող թվաց: Տոլստոյի` կրոնական ծեսերի մերժումը և պետության դերի ու սեփականության իրավունքի հայեցակարգի վրա հարձակումը` նրան դրեցին Ռուսաստանի ամենահզոր երկու սուբյեկտների դեմ առճակատման ուղու վրա: Չնայած արիստոկրատական ծագմանը, ցարական կառավարությունը նրա նկատմամբ ոստիկանական հսկողություն հաստատեց, իսկ ռուսասական ուղղափառ եկեղեցին 1901 թվականին Լև Տոսլտոյին վտարեց իր շարքերից:
Գանդիի ուսուցիչը
Մինչ Ռուսաստանի կրոնական և ցարական առաջնորդները հույս ունեին ստվերել Տոլստոյի ժողովրդականությունը, նա արագորեն սկսեց իր նոր հավատքի հետևորդներին ներգրավել ողջ աշխարհում։ Պացիֆիզմը, քրիստոնեական անարխիզմը և գրողի բարոյական ու ֆիզիկական ասկետիզմը` կենսակերպում հիացնում էին շատերին: Տասնյակ «տոլստոյականներ» տեղափոխվեցին գրողի կալվածք ՝ ավելի մոտ լինելու իրենց հոգեւոր առաջնորդին, իսկ հազարավոր մարդիկ համայնքներ ստեղծեցին ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհում: Չնայած դրանցից շատերը կարճ կյանք ունեցան, բայց որոշները շարունակում են գործել մինչ օրս: Այս երևույթը այնքան էլ դուր չէր գալիս Տոլստոյին։ Նա վստահ էր, որ մարդը ճշմարտությունը պետք է գտնի ինքնուրույն ՝ առանց արտաքին օգնության:
Լև Տոլստոյի ուսմունքներից ոգեշնչված` Մահաթմա Գանդին Հարավային Աֆրիկայում ստեղծեց Տոլստոյի անվան համայնք։ Նա ակտիվ նամակագրության մեջ էր գրողի հետ՝ վստահելով նրան իր սեփական հոգևոր և փիլիսոփայական էվոլյուցիան, հատկապես ներշնչված` չարիքի ոչ բռնի դիմադության տոլստոյական ուսմունքից:
Գրականության պատմության մեջ ամենավատ ամուսնությունը
Չնայած սկզբնական փոխադարձ համակրանքին ու Սոֆիայի անգնահատելի օգնությանը, այնուամենայնիվ Տոլստոյի ամուսնությունը շատ հեռու էր իդեալական լինելուց։ Ամեն ինչ սկսվեց տապալվել այն պահից, եր գրողը ստիպեց կնոջը կարդալ իր օրագրերը, որոնք լեցուն էին նրա մինչ ամուսնական սեքսուալ պատմություններով։ Այնուհետև, երբ Տոլստոյը սկսեց տարվել հոգևոր հարցերով, նա լիովին կորցրեց հետաքրքրությունը ընտանիքի հանդեպ։
Նա Սոֆիայի վրա թողեց իր անընդհատ աճող ֆինանսական խնդիրները լուծելու ողջ բեռը։ 1880 թվականին, երբ Տոլստոյի աշակերտներն ապրում էին նրա կալվածքում, իսկ Լև Նիկոլաևիչը անհոգ շրջում էր գյուղացու հագուստով ու ոտաբոբիկ։ Սոֆյա Անդրեևնան, այլևս չկարողանալով զսպել զայրույթը, պահանջեց, որ գրողն իրեն փոխանցի իր գրական ժառանգությունը՝ հետագայում ընտանիքը կործանումից փրկելու համար:
82 տարեկան հասակում Լև Տոլստոյը հոգնել էր ամեն ինչից և իրեն խորապես դժբախտ էր համարում: Գիշերվա կեսին նա դուստրերից մեկի հետ փախավ իր կալվածքից՝ մտադրվելով բնակություն հաստատել քրոջը պատկանող փոքր տնակում: Նրա անհետացումը աղմուկ բարձրացրեց, և երբ մի քանի օր անց Լև Նիկոլաևիչը հայտնվեց երկաթուղային կայարանում, նրան արդեն սպասում էին լրագրողների ու սովորական մարդկանց մեծ բազմություն։ Արդեն ծանր հիվանդ Տոլստոյը հրաժարվեց տուն վերադառնալ: Նա մահացավ 1910 թվականի նոյեմբերի 20-ին` մեկ շաբաթ տևած տանջող ցավերից հետո: