Շարունակելով ներկայացնել հանդիսատեսի կողմից սիրված թատրոնների ոչ պակաս սիրված ներկայացումները այս անգամ անդրադառնում ենք Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին:
Vnews-ը զրուցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ որոնք են սիրված թատրոնի այն ներկայացումները, որոնք մշտապես խաղացանկում են:
1 . Էդ. դե Ֆիլիպպո` Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը
բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի
դերերում՝ Սերգեյ Թովմասյան, Նարինե Գրիգորյան, Գագիկ Մադոյան, Ալլա Սահակյան, Անդրանիկ Էթեմեզյան, Կարեն Խաչատրյան, Վարշամ Գևորգյան, Տաթև Ղազարյան, Կորյուն Բուդուրյան

Այս երեք գործողությամբ տրագիկոմեդիան ստեղծում է Ծննդյան տոների և այդ օրերին շատ հատուկ երազելու և դրանց իրապես հավատալու տրամադրություն: Իրենք թատրոնցիներն ասում են.
«Երբ հեքիաթը գալիս է փոխարինելու իրականությանը, երբ երազանքը կպչուն միտք է դառնում, դա, միգուցե, այդքան էլ վատ չէ:
Ծննդյան տոների շեմին ամենքս էլ երազել ենք սիրում: Սակայն սենյոր Կուպելլոն չկարողացավ ժամանակին ազատվել իր երազից: Թվում է, թե ամեն ինչ իր հունով է ընթանում, չկա այլևս չքավորություն ու դժբախտություն, և միակ բանը, որ պետք է անել` մանուկ Քրիստոսի պատկերով խաղալիք պատրաստելն է:
Բայց կյանքն, այնուամենայնիվ, իրենն է թելադրում, և Կուպելլոն երազանքի համար թանկ կվճարի»:
2. Ս.Նալբանդյան՝ Հաղթանակի գենեզիս

3. Դ. Խարմս՝ Լյու- բոֆ
բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան
դերերում՝ Տաթև Ղազարյան, Անի Ղազարյան, Սերգեյ Թովմասյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան, Նարեկ Բաղդասարյան

Լյու-Բոֆ ներկայացման հիմքում Դ. Խարմսի ստեղծագործություններն են:
Թատրոնցիներն ասում են.
« Թեև Խարմսի գրական ժառանգությամբ ավարտվում է ռուս դասական ավանգարդը, սակայն այն հրատապ է մինչ օրս: Խարմսի աշխարհընկալումը, որ երբեմն հասնում է աբսուրդի, առավելագույնս փոխանցում է արդի դարաշրջանի ոգին: Տարբեր մարդկանց ճակատագրեր` ժամանակի տարբեր հատվածներում՝ շփոթված մարդկանց, որոնց Հրաշքներ են սպասվում, միայնակ մարդկանց, որ ապրում են կողք-կողքի և չեն կասկածում իրենց միջև առկա հարաբերություններին. միայնակ մոլորակների նման, որոնք ենթակա են ձգողականության ուժերին, նրանք կամ ձգում են միմյանց, կամ վանում՝ չնկատելով, որ ենթարկվում են Տիեզերքի համընդհանուր Օրենքին՝ Սիրո Օրենքին»:
4. Ա.Սիմոնյան՝ 44 աստիճանի վրա
բեմադրիչ` Զոհրապ Բեկ-Գասպարենց
դերերում՝ Վարշամ Գևորգյան, Տաթև Ղազարյան,Կարեն Խաչատրյան

Այս 1 գործողությամբ դրաման իր մեջ պարունակում է ամենաուժեղ և ամենաիրական հայրենասիրական մոտիվները:
«Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» պիեսը (ըստ Տիգրան Հայրապետյանի պատմվածքի) մեզ կարծես տանում է աշխարհի ծայրը, ուր մի հյուղակում ապրում են հայրենադարձ Մգրոն եւ նրա կինը՝ Սիրանույշը, որոնք երբեմնի հրաժարվե էին իրենց բարեկեցիկ ամերիկյան կյանքից հանուն Հայաստանի: Բայց Հայաստանն օրեցօր դատարկվում է, հեռանում են բոլորը, նույնիսկ նրանց հույսի միակ աղբյուրը…»:
5. Ա.Աղասարյան՝ Անբան Հուռի
բեմադրիչ` Հրաչյա Գասպարյան
դերերում` Արմինե Անդրեասյան, Արման Նավասարդյան, Անդրանիկ Էթեմեզյան, Գագիկ Մադոյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Տաթևիկ Ղազարյան, Նարինե Գրիգորյան, Ալլա Սահակյան

«Անբան Հուռին» Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի մանկական երաժշտական ներկայացումներից է: Դժվար թե գտնվի մեկը, որին ծանոթ չլինի Հովհաննես Թումանյանի հին ու բարի հեքիաթը, որն էլ այս ներկայացման հիմքում է:
Թատրոնցիները մշտապես ուրախացնում են նաև իրենց փոքրիկ հանդիսատեսին՝ հեքիաթը նրանց համար իրական դարձնելով:

