Այս տարի լույս տեսած գրքերին անդրադարձել ենք մի շարք հոդվածներում, գրքային տարին ամփոփող հոդվածներ կունենանք ամբողջ դեկտեմբերի ընթացքում: Իսկ այս անգամ առանձնացրել ենք գրքացանք «Անտարես» հրատարակչության ամենավերջին և թարմ տպագրություններից:
Ահա այն գրքերից մի քանիսը, որ վերջին շրջանում հրատարակել է «Անտարեսը»:
Կամիլո Խոսե Սելա, «Փեթակը»
Նոբելյան մրցանակի դափնեկիր Կամիլո Խոսե Սելայի (1916-2002) «Փեթակը» իսպանական վեպի առանձնահատուկ տեսակ է, որտեղ աշխարհն ու իրողությունները ներկայանում են լիովին նոր հայեցակետերից: Շուրջ 300 կերպար, որոնց շարժունակությունը սահմանափակվում է կոնկրետ տարածությամբ, որտեղ խռնված հազարավոր մարդիկ, առանց գոհության և առանց ապագայի հույսի, այս ու այն կողմ են վազում. սկզբունքորեն դրանք հետպատերազմյան մարդիկ են՝ տարտամ, չկողմնորոշված հայացքով և անելիքով: «Փեթակը» վեպը հետպատերազմական և բռնապետական Իսպանիայի իրականության արտացոլանքն է՝ շարադրված առօրյա խոսակցական լեզվով՝ համեմված տիպիկ իսպանական թևավոր խոսքերով, հայհոյանքներով, անեծքներվ, մադրիդյան բարբառին հատուկ արտահայտություններով և ֆրազներով, որոնք համ ու հոտ են հաղորդում վեպին:
Թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի
Իվան Նեչույ-Լեվիցկի, «Կայդաշի ընտանիքը»
Իվան Նեչույ-Լեվիցկին (1838-1918) ուկրաինացի մեծ գրող է, ուկրաինական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկը: «Կայդաշի ընտանիքը» վիպակը՝ գրված փայլուն տաղանդով, ուրույն գրելաոճով, մարդկային արատների հանդեպ ծակող սարկազմով և գրավիչ հումորով, գրողի ամենանշանավոր գործն է և բնականաբար մեծ ժողովրդականություն է վայելում ուկրաինացիների մեջ, չնայած որ այն գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ: Այն ընթերցվում է, հետազոտվում է գրականագետների կողմից, բեմականացվում է, նույնիսկ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ է դարձել «Բռնել Կայդաշին» վերնագրով, միայն թե ժամանակակից վարկածով: Քչերին է հաջողվել ուկրաինացու հոգեբանությունն ու բնավորությունը բացահայտել այնպիսի վարպետությամբ ու ճշմարտացիորեն և այնպես գունեղ, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեվիցկին: Ուստի, հրատարակելով այս գործը Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ, համարում ենք, որ այն ոչ միայն հաճույք կպատճառի հայ ընթերցողին, այլև հնարավորություն կտա ավելի սերտ ընկալել ուկրաինացուն, նրա հոգին, բնավորությունը, սովորությունները և աշխարհայեցողությունը:
Ուկրաիներենից թարգմանեց Ռաիսա Ղարագյոզյանը