«Կռիլյա Սովետովի» լեգենդ, 75-ամյա Վալերյան Պանֆիլովը վերսկսել է ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Պանֆիլովն արդեն առաջին մարզումն է անցկացրել Սամարան ներկայացնող թիմի հետ․ նա կմեկնի Կազան՝ «Ռուբինի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հանդիպման համար։ Ռուսական ակումբի տնօրենների խորհրդի անդամը հանդես կգա «75» համարի մարզաշապիկով։
Պանֆիլովը «Կռիլյա Սովետովի» պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է (413)։ Կիսապաշտպանը կարիերայի առաջին խաղն անցկացրել է 1968 թվականին։


