Logo

9-րդ անընդմեջ պարտությունը, 596 րոպե առանց գոլի. «Ուրարտու» - «Զրինսկի» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:34 / 12.07.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» պարտությամբ սկսեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով զիջելով բոսնիական «Զրինսկիին»:

VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. «Ուրարտուն» 15-րդ անգամ մեկնարկի դուրս եկավ եվրագավաթների մրցաշարերում: Հայաստանի գործող չեմպիոնը չափազանց անհաջող է անցկացրել եվրագավաթների մեկնարկային հանդիպումները՝ կրելով 12-րդ պարտությունը: Ընդ որում մեկնարկային վերջին 10 հանդիպումներում էլ թիմը պարտվել է: Միայն մեկ անգամ՝ 2006/07թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում է «Ուրարտուն» (այն ժամանակ թիմը կրում էր «Բանանց» անվանումը) հաղթանակով մեկնարկել՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնելով վրացական «Ամերիին»: Երկու անգամ էլ «Ուրարտուն» մեկնարկել է ոչ-ոքիով:

2. «Ուրարտուն» 2-րդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Առաջին մասնակցությունն անհաջող էր: 2014/15 թթ. խաղարկությունում «Բանանցը» սլովակ մարզիչ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ երկխաղյա դիմակայությունում զիջել էր Անդորրայի «Սանտա Կոլոմային» (0-1, 3-2):

3. Եվրագավաթների մրցաշարերում «Ուրարտուն» 31-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 24-րդ պարտությունը: «Ուրարտուն» ընդամենը 4 հաղթանակ է տարել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի: Ընդ որում եվրագավաթներում անցկացրած վերջին 9 խաղերում էլ «Ուրարտուն» պարտվել է: Վերջին անգամ թիմը միավոր է վաստակել 2014թ. հուլիսի 8-ին՝ Երևանում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 3-2 հաշվով հաղթելով Անդորրայի «Սանտա Կոլոմային»:

4. Եվրագավաթներում անցկացրած վերջին 6 հանդիպումներում «Ուրարտուի» ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլն «Ուրարտուն» խփել է 2018/19թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում բոսնիական «Սարաևոյի» դարպասը: Հանդիպման 34-րդ րոպեին աչքի է ընկել Վահագն Այվազյանը: Այնպես որ եվրագավաթներում «Ուրարտուի» ֆուտբոլիստների մոտ արդեն 596 րոպե տևողությամբ գոլային երաշտ է:

5. «Ուրարտուն» եվրագավաթներում 3-րդ անգամ մրցեց բոսնիական թիմի հետ: 2009/10թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» երկխաղյա դիմակայությունում զիջել էր «Շիրոկի Բրիեգին» (0-2, 1-0), իսկ 2018/19թթ. նույն մրցաշարի խաղարկությունում պարտվել էր «Սարաևոյին» (1-2, 0-3):

6. «Զրինսկին» եվրագավաթներում 2-րդ անգամ մրցեց հայկական թիմի հետ: 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում բոսնիական ակումբը երկխաղյա դիմակայությունում զիջել էր Գյումրիի «Շիրակին» (0-2, 2-1): Ընդհանուր առմամբ բոսնիացիների հետ անցկացրած 7 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը 2 հաղթանակ են տարել, կրել են 5 պարտություն, խփել են 5 գոլ, բաց են թողել 10 գնդակ:

7. Դմիտրի Գունկոն եվրագավաթներում հայկական թիմ գլխավորած 50-րդ մարզիչն է: Նրանցից միայն 11-ին՝ Խորեն Հովհաննիսյանին, Սամվել Պետրոսյանին, Օսկար Լոպեսին, Միխայ Ստոյկիցային, Վարդան Մինասյանին, Նիկոլայ Կիսելյովին, Վարդան Բիչախչյանին, Աբրահամ Խաշմանյանին, Անդրեյ Տալալաևին, Գրիգորի Միխայլուկին և Կարեն Բարսեղյանին է հաջողվել եվրագավաթներում նորամուտը նշել հաղթանակով:

8. Արտյոմ Մաքսիմենկոն, Պավել Մոգիլևեցը և Պերիշա Պեշուկիչը նորամուտը նշեցին «Ուրարտուի» կազմում: Ռուսաստանցի Մոգիլևեցն ընդգրկվեց եվրագավաթներում «Ուրարտուի» կազմում խաղացած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ նորամուտը նշելով 30 տարեկան 167 օրականում:

9. Եվրագավաթներում «Ուրարտուի» կազմում նորամուտը նշած Արաս Օզբիլիսն ընդգրկվեց թիմում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Զրինսկու» հետ խաղի օրն Օզբիլիսը 33 տարեկան 124 օրական էր:

Յայա Սանոգոն էլ (30 տարեկան 165 օրական) ընդգրկվեց եվրագավաթներում «Ուրարտուի» կազմում խաղացած ամենատարեց լեգեոնականների տասնյակում:

10. Ալեքսանդր Մելիխովը եվրագավաթներում հայկական թիմի դարպասը պաշտպանած 60-րդ դարպասապահն էր: Անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն է, որը մասնակցել է 23 հանդիպման: Իսկ դարպասն անառիկ պահած խաղերի քանակով լավագույն ցուցանիշն ունի Գևորգ Կասպարովը՝ 8

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ