2015 թվականին բոլորը ցանկանում էին գնել «Մոնակոյի» ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին՝ Անտոնի Մարսիալին: 19 տարեկանում՝ 2014/15 մրցաշրջանում, ֆրանսիացին խփել էր 12 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում, ինչի շնորհիվ նա այդ տարի նվաճեց «Գոլդեն Բոյի»՝ եվրոպական ֆուտբոլի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը:
Այդ մրցանակը Մարսիալն իր ձեռքում պահեց արդեն որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ. մանկունիական ակումբը նրա համար վճարել էր 50 մլն եվրո: Մարսիալը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը:
«Նա ամեն ինչ ունի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար, բայց պետք է ժամանակ տանք նրան: Նա շատ տաղանդավոր է, բազմակողմանի զարգացած է, խաղում է տարբեր դիրքերում և մեծ ներուժ ունի: Երբ նա իր լավագույն ֆուտբոլը ցուցադրի, ես այլևս այստեղ չեմ լինի»,- հայտարարեց «Յունայթեդն» այդ ժամանակ գլխավորող Լուի վան Գալը:
Բացի «կանխիկ» վճարված 50 մլն եվրոյից, գործարքը մի շարք բոնուսներ էր ներառում: Եթե Մարսիալը 25 գոլ խփեր մեկ մրցաշրջանում, «Յունայթեդը» ևս 10 մլն կվճարեր «Մոնակոյին»: Մոնեգասկյան ակումբը ևս 10 մլն եվրո կստանար, եթե Մարսիալը 25 անգամ հրավիրվեր Ֆրանսիայի հավաքական (այս պայմանը կատարվել է), ու ևս 10 մլն, եթե խոստումնալից ֆուտբոլիստը նվաճեր «Ոսկե գնդակը»: Ստացվում է, որ եթե Մարսիալը կատարում էր վերոնշյալ պայմանները, գործարքի ընդհանուր արժեքը հասնելու էր մինչև 80 մլն եվրոյի: «Չգիտեմ՝ արժե՞մ 80 մլն եվրո, թե՞ ոչ. չեմ կենտրոնանում թվերի վրա: Պարզ է, որ իմ տարիքի ֆուտբոլիստի համար այդքան գումար վճարելը խենթություն է, բայց փորձում եմ հաղթահարել այս ճնշումը»,- խոստովանում է Մարսիալը:
Մարսիալը կարիերան սկսել է «Լիոնում»: Ակումբ, որը եվրոպական ֆուտբոլին մի շարք տաղանդներ է տվել: 2012-ին ֆրանսիական տաղանդների մեկ այլ «արտադրամաս» «Մոնակոն» գնեց նրան 5 մլն եվրոյով ու իրականացրեց իր պատմության լավագույն գործարքներից մեկը՝ 3 տարի անց այս ֆուտբոլիստի վաճառքից ստանալով այդ գումարի ուղիղ տասնապատիկը:
«Նույնիսկ այսքան խենթ աշխարհում ու տրանսֆերային շուկայում այդքան գումարը չափազանց մեծ է երիտասարդ ֆուտբոլիստի համար»,- ընդգծում է նաև Վան Գալը:
Առաջին մրցաշրջանը վատը չէր Մարսիալի համար: Ֆրանսիացին երազանքի նորամուտ ունեցավ: «Օլդ Թրաֆորդում» նա «Լիվերպուլի» դեմ սկզբունքային խաղն սկսեց պահեստայինների նստարանից, երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ ու տպավորիչ գոլի հեղինակ դարձավ՝ օգնելով մանկունիանցիներին առավելության հասնել այդ խաղում: «Ինձ դուր եկավ նրա եզրափակումը: Իր հայացքով նա սառեցրեց դարպասապահին մինչև դիպուկ հարված կատարելը»,- Sky Sports-ի հետ անցկացրած հարցազրույցում տպավորությունները հայտնեց Թիերի Անրին, որի հետ Մարսիալին շատ էին համեմատում:
«Չեմ կարծում, թե ունենք նույն խաղաոճը: Թիերին շատ արագ էր, մինչդեռ ես ավելի շատ շեշտը դնում եմ տեխնիկայի ու ֆիզիկական տվյալներիս վրա: Բայց, իհարկե, հաճելի է, որ քեզ համեմատում են այդքան մեծ ֆուտբոլիստների հետ»,- խոստովանեց Մարսիալը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ անցկացրած հարցազրույցում:
Արդեն հաջորդ խաղում Մարսիալը նորամուտը նշեց՝ որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, ու դուբլի հեղինակ դարձավ: Մրցակիցը «Սաութհեմփթոնն» էր, որին «Յունայթեդը» նույնպես հաղթեց, այս անգամ՝ 3-2 հաշվով:
Մարսիալի դիրքի առումով մի շարք մասնագետներ տարակարծություններ էին հայտնում: Շատերը Մարսիալին տեսնում էին կենտրոնական հարձակվողի դերում, մի շարք մասնագետներ էլ՝ հարձակման ձախ եզրում:
Եթե մարզիչն ինձ օգտագործում է ձախ եզրում, դա նշանակում է, որ գուցե այնտեղ խաղալով՝ ես ավելի մեծ օգուտ եմ տալիս թիմին: Եվ ինձ համար ամենակարևորը դա է...
2015-ին փայլելուց հետո Մարսիալն առաջին անգամ հրավեր ստացավ Ֆրանսիայի հավաքականից ու թիմի հետ մասնակցեց նաև իր կարիերայի առաջին խոշոր մրցաշարին՝ ԵՎՐՈ 2016-ին.
«Մարսիալը լավ է խաղում հարձակման կենտրոնում, բայց նաև շատ լավ է բացվում եզրերում ու տարածություններ բացում խաղընկերների համար: Նրան ավելի շատ հարմար է օգտագործել ձախ եզրում, քանի որ այդպես նրա համար ավելի հարմար է կիրառել անհատական որակները, անցումներն ու կոմբինացիոն ֆուտբոլը, ինչի շնորհիվ ավելի հաճախ կկարողանա խորքից ներթափանցել մրցակցի տուգանային հրապարակ»,- նշում է Դիդյե Դեշամը, որն առաջին անգամ Մարսիալին հավաքականի կազմում հայտավորեց 2015-ի սեպտեմբերին՝ Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղում: Մինչև այժմ Մարսիալը 30 խաղ է անցկացրել «եռագույնների» կազմում:
ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Մարսիալն առաջին մրցաշրջանն ավարտեց 17 գոլ 9 ասիստ ցուցանիշով: Բայց այդ մրցաշրջանի ավարտից հետո եկավ Մոուրինյոն, ու «մոխրոտիկի հրաշքն» ավարտվեց: «Եթե Մարսիալի վատ խաղի համար ինձ եք մեղադրում, ապա եթե լավ է խաղում, ուրեմն դա էլ իմ շնորհքն է: Նրանից շատ երկար ժամանակ է պահանջվում՝ հասկանալու, թե մենք ինչ ենք ցանկանում իրենից», - վստահեցրեց Ժոզեն, որի հետ Մարսիալի թե՛ խաղը, թե՛ վիճակագրությունը խամրեցին:
Եղավ մի պահ, երբ նույնիսկ Մոուրինյոն ու Մարսիալն անձնական խնդիրներ ունեցան: 2018-ի մինչմրցաշրջանային հատվածում կայացած խաղերից մեկը Մարսիալը բաց թողեց, քանի որ հայր էր դարձել: Մոուրինյոն մեղադրեց նրան՝ անվանելով «ոչ հասուն և ուժեղ բնավորությամբ չօժտված մարդ»:
Մարսիալը Մոուրինյոյի օրոք կորավ ֆուտբոլային քարտեզից: Նրա պահանջարկն ընկավ, մի պահ աշխարհը նույնիսկ մոռացավ նրա գոյության մասին: Էական անկում ապրեց նաև նրա տրանսֆերային արժեքը: Եթե 2017-ին Transfermarkt-ը նրան գնահատում էր 65 մլն եվրո, ապա մեկ տարի անց՝ արդեն 45 մլն եվրո:
ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՍՈՒԼՇԵՐԻ ՀԵՏ
Մոուրինյոյի օրոք «Յունայթեդում» խնդիրներն օր օրի ավելանում էին: 2018-ի դեկտեմբերին, ի վերջո, Ժոզեն հեռացվեց, ու եկավ Ուլե Գունար Սուլշերը, ինչը հրաշալի նորություն էր թիմի մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում՝ Մարսիալի համար:
Նորվեգացի մասնագետն ուներ փափուկ բնավորություն, և դրանից բացի, նաև սիրում էր շատ խաղաժամանակ տալ երիտասարդներին: Անտոնի Մարսիալն աստիճանաբար վերագտավ իր խաղը:
2019/20 մրցաշրջանում «Յունայթեդն» առաջին անգամ իսկապես տպավորիչ ֆուտբոլ սկսեց ցույց տալ հետֆերգյուսոնյան ժամանակաշրջանում: Հարձակման գիծը մրցաշրջանի երկրորդ հատվածում փայլում էր, հատկապես Բրունու Ֆերնանդեշի ժամանումից հետո: Պորտուգալացին համակարգում էր թիմի գրոհները, իսկ Մարսիալ-Ռեշֆորդ-Գրինվուդ եռյակը՝ իրացնում պահերը:
Այդ մրցաշրջանի վերջնական արդյունքներով ՄՅՈՒ-ն հայտնվեց լավագույն քառյակում, Մարսիալն էլ խփեց 23 գոլ ու կատարեց 12 գոլային փոխանցում՝ գրանցելով իր մանչեսթերյան կարիերայի լավագույն ցուցանիշը: «Սա Անտոնիի տարին է, այն ֆուտբոլիստի, որին բոլորս ճանաչում էինք: Ուժեղ, դրական տրամադրված ու պատրաստ մարտնչելու», - հայտարարեց Սուլշերը:
- 2015/16 մրցաշրջան – 49 խաղ, 17 գոլ
- 2016/17 մրցաշրջան – 42 խաղ, 8 գոլ
- 2017/18 մրցաշրջան – 45 խաղ, 11 գոլ
- 2018/19 մրցաշրջան – 38 խաղ, 12 գոլ
- 2019/20 մրցաշրջան – 48 խաղ, 23 գոլ
- 2020/21 մրցաշրջան – 36 խաղ, 7 գոլ
- 2021/22 մրցաշրջան – 11 խաղ, 1 գոլ
2021-ԻՆ ՄԱՐՍԻԱԼԸ ԿՐԿԻՆ ՏԱՊԱԼՎԵՑ
2021-ի մարտին, սակայն, Մարսիալը ծնկի լուրջ վնասվածք ստացավ, ինչը կանգնեցրեց նրա լավ ընթացքը «Յունայթեդում»:
Դրանից բացի, ամռանն ակումբը գնեց Կրիշտիանու Ռոնալդուին ու Ջեյդոն Սանչոյին: Հատկապես Ռոնալդուի ձեռքբերումն ամբողջովին խախտեց Սուլշերի թիմի հավասարակշռությունը: Ամենից շատ տուժեց հենց Մարսիալը՝ կորցնելով տեղը թիմի մեկնարկային կազմում:
Դեկտեմբերին Մարսիալն արդեն սկսեց հրապարակավ հայտարարել, որ ցանկանում է հեռանալ «Յունայթեդից» հունվարյան պատուհանին, ինչը վերջնականապես փչացրեց նրա հարաբերությունները թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ: «Անտոնին չի ցանկանում մնալ թիմում: Նա այժմ պետք է մեզ հետ լիներ, բայց այստեղ չէ ու չի եկել մեզ հետ», - հայտարարեց գերմանացի մասնագետը խաղերից մեկից առաջ:
«Երբեք չեմ հրաժարվել «Յունայթեդի» խաղին մասնակցել: Այստեղ եմ եղել 7 տարի ու երբեք չեմ անարգել ակումբն ու այս թիմի երկրպագուներին»,- պատասխանեց Մարսիալը:
«Վեսթ Հեմի» դեմ տնային հաղթանակին Մարսիալը մասնակցեց՝ խաղադաշտում անցկացնելով 8 րոպե: «Մանչեսթեր Յունայթեդում», ընդհանուր առմամբ, Մարսիալն անցկացրել է 269 խաղ, խփել 79 գոլ ու կատարել 50 գոլային փոխանցում: Հաղթել է Եվրոպա լիգան, Անգլայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթն ու Անգլիայի Սուպերգավաթը:
«ՍԵՎԻԼԻԱՆ» ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ Է
Երբ թվում էր, թե Մարսիալի համար այս մրցաշրջանն արդեն ավարտված է, հայտնվեց «Սևիլիան»՝ փրկելու ֆրանսիացուն:
Անդալուզյան ակումբը կարիերան շարունակելու հրաշալի տարբերակ է Մարսիալի համար՝ հաշվի առնելով, որ այս մրցաշրջանում Լոպետեգիի թիմը բավական լավ ընթացք է հավաքել, 2-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում ու միակ թիմն է, որ դեռ չեմպիոնական պայքար է մղում «Ռեալի» հետ:
Կարող է տարօրինակ թվալ, բայց Մարսիալն այսքան վայրիվերումներով տարիներ անցկացնելուց հետո ԴԵՌ 26 տարեկան է ու ժամանակ ունի՝ դառնալու այն ֆուտբոլիստը, որին սպասում էին երկրպագուները... Բայց «Սևիլիան» նրա վերջին շանսն է...