Logo

Այլևս «Ռեալին» հաղթած թիմը չէ. Ինչպես է փոխվել «Փյունիկի» մրցակիցը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
11:33 / 18.08.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Փյունիկ-Շերիֆ-2022

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» կմրցի Մոլդովայի անփոփոխ չեմպիոն «Շերիֆի» հետ: Տրիասպոլը ներկայացնող ակումբի պատմությանը, ստադիոնին ու եվրագավաթային ելույթներին VNews-ը մանրամասներորեն պատմել է դեռ մեկ տարի առաջ, երբ «Շերիֆը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում մրցում էր «Ալաշկերտի» հետ: Այժմ ներկայացնում ենք, թե այս մեկ տարում ինչ է կատարվել մոլդովական ակումբում: 

Սա «Փյունիկի» և «Շերիֆի» երկրորդ դիմակայությունն է եվրագավաթներում։ Թիմերն առաջին անգամ մրցել են Չեմպիոնների լիգայի 2006/07թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ երկխաղյա դիմակայությունում հաջողությունն ուղեկցել էր մոլդովական ակումբին (0:0, 2:0)։

Ելույթները նախորդ մրցաշրջանում

«Ալաշկերտի» դեմ դիմակայության երկու խաղերում «Շերիֆն» ավելի ուժեղ էր, բայց դժվար է գտնել մարդ, ով կարծում էր, թե դրանից հետո տիրասպոլցիները կդառնան Չեմպիոնների լիգայի գլխավոր սենսացիաներից մեկի հեղինակը: 

Խմբային փուլ մտնելուց հետո «Շերիֆն» առաջին տուրում 2:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»: Դա անակնկալ էր, բայց ոչ մեծ: Իսկ ահա ապշեցուցիչ սենսացիան գրանցվեց երկրորդ տուրում, երբ «Շերիֆը» «Սանտյագո Բեռաբեու» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»:

Փյունիկ- Շերիֆ

20 օր շարունակ «Շերիֆը» գլխավորում էր D խումբը, որում գերազանցում էր նաև իտալական «Ինտերին»: Ամբողջ Եվրոպան խոսում էր այդ թիմի մասին: Այդուհանդերձ, «Ինտերը» դարձավ այն թիմը, որը վերջ դրեց մոլդովական ակումբի հաղթանակներին: Սիմոնե Ինձագին հայտարարեց, որ շատ լուրջ են տրամադրվել խաղին, որովհետև «Շերիֆը» չէր կարող 2 խաղ պատահականորեն հաղթել: Ճիշտ տրամադրվածությունը տվեց իր արդյունքը և «Ներաձուրին» երկու անգամ անընդմեջ 3:1 հաշվով հաղթեց խմբի առաջատարին: 

Այնուհետև սխալներն ուղղելու ժամանակը «Ռեալին» էր, որը Տրիասպոլում 3 անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը՝ հասնելով ռևանշի: 

Երբ եվրոպական այդ գրանդները ցուցադրեցին իրենց իրական ուժը, Մոլդովայում արագորեն հասկացան, որ պետք է ուժերը կենտրոնացնեն խմբում երրորդ տեղը գրավելու և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու վրա: Այդ խնդիրը նրանք լուծեցին «Շախտյորի» անհաջողությունների հաշվին, իսկ վերջին տուրում ևս մեկ անգամ չզիջեցին ուկրաինական թիմին (1:1): 

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում մրցակիցը պորտուգալական «Բրագան» էր: «Շերիֆը» դրանից առաջ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն կորցրել էր 9 ֆուտբոլիստի, բայց միևնույն է՝ տանը 2:0 հաշվով հաղթեց պորտուգալական թիմին: Պատասխան խաղում արդեն «Բրագան» էր ուժեղ նույն՝ 2:0 հաշվով և ամեն ինչ որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ «Շերիֆի» մեկնարկային երեք վրիպումները ճակատագրական եղան: 

Մարզիչը

«Շերիֆյան հեքիաթի» հեղինակներից մեկը ուկրաինացի մարզիչ Յուրի Վերնիդուբն էր: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի նախկին թեկնածուն մեկ տարվա աշխատանքի ընթացքում կարողացավ ակումբին ավելի ճանաճելի դարձնել, քան նրան նախորդած բոլոր մարզիչները միասին: Բայց 2022 թվականը թիմը սկսեց առանց Վերնիդուբի: Ուկաինացուն փոխարինեց Վիկտոր Միխայլովը, որի գլխավորությամբ «Շերիֆը» խաղաց «Բրագայի» դեմ: 

Միխայլովն օգնեց թիմին 20-րդ անգամ երկրի չեմպիոն դառնալ, բայց ամռանը նա նույնպես հեռացավ: 

Փյունիկ-Շերիֆ-2

Հունիսից տիրասպոլցիներին մարզում է Ստեփան Թոմասը: Խորվաթ մասնագետը հաճախ թիմեր փոխելու սովորություն ունի, ինչով լիարժեք համապատասխանում է մարզիչներին հաճախ փոխող մոլդովական գրանդին: Վերջին 3 տարում նա 4 թիմ է մարզել: Ենթադրվում էր, որ Թոմասը կօգնի «Շերիֆին» դառնալ ավելի հարձակողական թիմ, նա դրա համար նույնիսկ ավելի համարձակ 4-3-3 սխեմայի էր անցել, բայց արդյունքները դեռ համոզիչ չեն: 9 խաղում թիմն ընդամենը 10 գոլ է խփել: 

Մեծ է հավանականությունը, որ «Փյունիկի» արգելքը չհաղթահարելու դեպքում Ստեփան Թոմասը պաշտոնանկ կարվի: 

Կազմը

Վերջին 8 ամսում «Շերիֆի» հիմնական կազմի 14 ֆուտբոլիստներ հեռացել են: Դա նույնիսկ սպասելի էր՝ հաշվի առնելով թիմի հաջողությունները: Շատ խաղացողների նկատմամբ լուրջ հետաքրքրություն սկսեցին ցուցաբերել ավելի ուժեղ լիգաների կամ ավելի հարուստ ակումբներ: 

Այդպես եզրային պաշտպան Քրիստիանո Սիլվան, որը Երևանում ոչ մի անգամ Աղվան Պապիկյանին թույլ չէր տվել շրջանցել իրեն, իսկ Մադրիդում անհատապես հսկում էր Վինիսիուս Ժունիորին, 1,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է բրազիլական «Ֆլումինենսե»: Վինգեր Ադամա Տրաորեն տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ», աջ պաշտպան Ֆերնանդո Կոստանցան խաղում է Ռուսաստանում և այդպես շարունակ: 

Այս պահին «Շերիֆում» 32 ֆուտբոլիստ է գրանցված և նրանցից միայն 12-ն են մեկ տարուց ավելի թիմում: Մյուսները նորեկներ են: Կրկին ակումբը շեշտը դրել է լեգեոնականների վրա: Թիմի նախորդ խաղում հայտացուցակում ընդգրկված 22 ֆուտբոլիստներից միայն մեկն էր մոլդովացի: 

Փյունիկ-Շերիֆ-3

Այս ֆոնին որոշակիորեն աճել է հնաբնակներից՝ հարձակվող Մոմո Յանսանեի և հենակետային կիսապաշտպան Էդմունդ Ադդոյի դերը: Նրանք նույնպես սպասում են այլ ակումբներից առաջարկների և թիմին Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս բերելու հնարավոր փաստը լուրջ հիմնավորում կդառնա հետաքրքրված ակումբների համար:

«Փյունիկ» - «Շերիֆ» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին «Հանրապետական» ստադիոնում: Մեկնարկը՝ 21:00-ին: 

 

Եվրոպա լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղին

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ