Նախորդ ամռան գլխավոր տրանսֆերներից մեկը Ռոմելու Լուկակուի տեղափոխություն/վերադարձն էր «Չելսի»: Առաջին հերթին՝ ֆինանսական տեսանկյունից ամենախոշոր տրանսֆերներից էր. լոնդոնյան ակումբը վճարել էր 115 միլիոն եվրո: Մարզական առումով էլ շատերը «բում» էին սպասում՝ հաշվի առնելով, թե ինչ խաղամակարդակի էր հասել բելգիացին «Ինտերում» անցկացրած 2 մրցաշրջաններում (95 խաղ, 64 գոլ):
Թոմաս Տուխելի «Չելսին» էլ զարգացման ընթացքում էր ու նոր էր հաղթել Չեմպիոնների լիգան: Լուկակուն կարիերայում արդեն 3-րդ անգամ էր խաղալու «Չելսիում»՝ 2 անհաջող փորձերից հետո սկզբում վարձավճարով, հետո արդեն հիմնական հիմունքներով ելույթ ունենալով այլ ակումբներում: Ու երբ թվում էր, թե հիմա արդեն ամեն ինչ նպաստում է Լուկակու - «Չելսի» հաջող համագործակցությանը, այն չէր ստացվում, այս անգամ՝ նույնպես: Big Rom-ը չտեղավորվեց Տուխելի սխեմաներում, ինչն ինքն էլ խոստովանեց.
«Տուխելի խաղային համակարգն ինձ հարմար չէ»,- հայտարարեց Լուկակուն, ինչից էլ մեծ աղմուկ բարձրացավ մամուլում, ու ոչ մեծ, բայց կոնֆլիկտ եղավ ակումբի և ֆուտբոլիստի միջև:
Այնուամենայնիվ, Լուկակուն շարունակեց խաղալ, բայց վնասվածքները խանգարում էին, արդյունավետությունն էլ հիասթափեցնող էր՝ 44 խաղ ու 15 գոլ: Ի վերջո Լուկակուն ընդամենը 1 մրցաշրջան «Չելսիում» անցկացնելուց հետո հեռանում է: Թեև վարձավճարով («Չելսին» այնքան մեծ գումար է վճարել բելգիացու համար, որ պատրաստ չէ 1 տարի անց վաճառել նրան 3 անգամ ավելի ցածր գնով), բայց Լուկակուն տեղափոխվեց «Ինտեր»՝ ակումբ, որտեղ իր լավագույն ֆուտբոլն է ցույց տվել:

Նույնն օրեր առաջ տեղի ունեցավ Տիմո Վերների հետ: 2020-ին գերմանացին Եվրոպայի ամենացանկալի հարձակվողներից էր. երիտասարդ, հրաշալի տվյալներով ու ցուցանիշներով հարձակվողի համար պայքարում էին «Ռեալը», «Լիվերպուլը», «Բավարիան» ու այլ գրանդներ, բայց «Չելսին» հաղթեց տրանսֆերային մրցավազքում: Սակայն այս տրանսֆերն էլ չաշխատեց. Տիմոն կորցրեց ինքնավստահությունը, կորցրեց տեղը մեկնարկային կազմում, իսկ YouTube-ում նրա անհավանական վրիպումներից բաղկացած մի քանի րոպե տևողությամբ տեսանյութեր կարող եք գտնել:
Այս երևույթը նորություն չէ «Չելսիի» համար. հեռանկարային կամ արդեն կայացած թոփ կենտրոնական հարձակվողները չեն կարողանում հարմարվել «թոշակառուներին»: Ակումբն արդեն երկար ժամանակ է՝ չի գտնում Դիդյե Դրոգբային արժանի փոխարինողի, թեև շատ է աշխատում այդ ուղղությամբ և միլիոններ չի խնայում: Այս դիրքն ու 9 համարը «կապույտների» համար կարծես անեծք լինեն:
VNews-ը վերհիշել է այն հարձակվողներին, որոնք եկան «Չելսի» մեծ սպասելիքներով ու հեռացան հիասթափությամբ:
Մատեյա Կեժման
Մինչև Դրոգբայի ժամանումը «Չելսիում» արդեն գործում էր 9 համարի անեծքը: Առաջին «զոհը» Մատեյա Կեժմանն էր: 2000-ականների սկզբում սերբ հարձակվողը «պատռում» էր Նիդեռլանդների առաջնությունը. 2002/03-ին՝ 43 խաղ, 40 գոլ, իսկ 2003/04-ին՝ 43 խաղ, 38 գոլ:
2004/05 մրցաշրջանը լոնդոնցի երկրպագուները երբեք չեն մոռանա: Եկավ Ժոզե Մոուրինյոն, թիմը համալրվեց մի շարք նոր աստղերով, նրանց թվում էր նաև Կեժմանը: Թվում էր՝ ոչինչ չէր կարող խանգարել տաղանդավոր ու ծաղկման տարիքում (25) հարձակվողին, որ արդյունավետ ֆուտբոլ խաղա «Չելսիում», բայց Կեժմանի թվերն այնքան հիասթափեցնող էին առաջին մրցաշրջանում (25 խաղ, 4 գոլ), որ արդեն 2005-ին նա տեղափոխվեց «Ատլետիկո», ինչից հետո Կեժմանի կարիերան միայն ու միայն անկում ապրեց. «Ֆենրեբահչե», ՊՍԺ (ու դա այն ՊՍԺ-ն չէ, որին մենք գիտենք հիմա), «Զենիթ», Չինաստան, ԲԱՏԷ... Մինչդեռ այլ ակումբ տեղափոխվելով, գուցե, Կեժմանի կարիերան այլ կերպ դասավորվեր:

Անդրեյ Շևչենկո
2006-ին, երբ Անդրեյ Շևչենկոն տեղափոխվեց «Չելսի», գրեթե ամեն ինչի արդեն հասել էր իր կարիերայում: Հաղթել էր Չեմպիոնների լիգան, նվաճել էր «Ոսկե գնդակը», գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանում խփում էր 25-30 գոլ: 30 տարեկանում Շևան ընդունեց Պրեմիեր լիգայում խաղալու մարտահրավերը, ու «Չելսին» նրա համար վճարեց 44 միլիոն եվրո:
Երկրպագուներն ու մասնագետները չէին կասկածում, որ Շևչենկոն ցանկացած առաջնությունում, ցանկացած թիմում կխփեր իր գոլերն ու հարմարվելու խնդիր չէր ունենա, բայց նույնիսկ Անդրեյը չկարողացավ գտնել իրեն «Չելսիում»: 2 անփառունակ մրցաշրջան, որոնցում նա ոչնչով չտպավորեց: Շատերը նույնիսկ չեն էլ հիշում, որ Շևչենկոն խաղացել է «Չելսիում»: 2008-ին նա վերադարձավ «Միլան», իսկ կարիերան ավարտեց հարազատ Կիևի «Դինամոյում»:

Խալիդ Բուլահրուզ, Սթիվ Սիդուել, Ֆրանկո դի Սանտո
«Չելսիում» 9 համարի մարզաշապիկը հագել են ոչ միայն թոփ ֆուտբոլիստներ, այլ նաև խաղացողներ, որոնք, մեղմ ասած, չպետք է կրեին նման ակումբի նման պատասխանատու համարի մարզաշապիկ: Առաջին հերթին այն պատճառով, որ հարձակվող չէին կամ պարզապես չէին համապատասխանում այս թիմի խաղամակարդակին: Նրանցից էին Խալիդ Բուլահրուզը, Սթիվ Սիդուելն ու Ֆրանկո դի Սանտոն:
Տարօրինակ էր տեսնել Խալիդ Բուլահրուզին 9 համարի մարզաշապիկով: Նիդեռլանդցի կենտրոնական պաշտպան, որ խաղում էր «մարդասպանի» մարզաշապիկի համարով: Բուլահրուզը տեղափոխվեց «Համբուրգից» 2006-ին: Վնասվածքների ու վատ մարզավիճակի պատճառով Խալիդն իր որակները դրսևորելու հնարավորություն չունեցավ և հեռացավ մրցաշրջանի ավարտից հետո:
Մեկ այլ տարօրինակ ու մոռացված 9 համար էր Սթիվ Սիդուելը, որն էլ 2007-ին ժամանեց «Ռեդինգից»: Սիդուելը նույնպես հարձակվող չէր: Կենտրոնական կիսապաշտպանն իր նախկին ակումբում վատ մրցաշրջան չէր անցկացրել, բայց «Չելսի» տեղափոխվելը չարդարացված ռիսկ էր նրա համար: Սիդուելը նույնպես 1 մրցաշրջան «ձգեց» Լոնդոնում՝ անցկացնելով այնտեղ 25 հանդիպում:

Ֆրանկո դի Սանտոն 2008-ին եկավ «Չելսի»: Ի տարբերություն նախորդ երկու 9 համարների՝ Դի Սանտոն հարձակվող էր, բայց այնքան անարդյունավետ, որ «Չելսիի» շատ երկրպագուներ գուցե չեն ճանաչում կամ չեն լսել այս խաղացողի մասին: Կրկին 1 մրցաշրջան, 8 խաղ ու ոչ մի գոլ:

Ֆերնանդո Տորես
Նախորդ տասնամյակի ամենամեծ ֆեյլերից մեկը Ֆերնանդո Տորեսի՝ «Չելսի» տեղափոխությունն էր:
«Էլ Նինյոն» անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում «Լիվերպուլում» ու Իսպանիայի հավաքականում, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից էր, խփում էր բազմաթիվ գոլեր ու այդ ամենն անում էլեգանտ ոճով: 2011-ի հունվարին «Չելսին» բրիտանական ռեկորդ գրանցեց՝ իսպանացու համար վճարելով 58 միլիոն եվրո:
Բայց «Չելսիում» այդ փայլուն Տորեսի կարիերան ավարտվեց: Դժվար է բացատրություններ գտնել այն խաղային անկմանը, որ ունեցավ իսպանացի հարձակվողը «Չելսի» տեղափոխվելիս: Նա դեռ 27 տարեկան էր, հրաշալի ծանոթ էր Պրեմիեր լիգային ու անգլիական ֆուտբոլին, բայց Տորեսը ոչ միայն գոլեր չէր խփում, այլև ամեն անգամ նորովի էր զարմացնում ֆուտբոլասերներին իր վրիպումներով: Ճիշտ է՝ Տորեսն ունեցավ նաև դրական պահեր «կապույտների» կազմում, որոնցից են, օրինակ, ԵԼ-ի եզրափակիչում խփած գոլն ու «Բարսելոնայի» դարպասն ուղարկած գնդակը ՉԼ-ի կիսաեզրափակիչում, բայց դա այն չէր, ինչ սպասում էին նրանից:
4 անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո Տորեսը հեռացավ, ու այլևս երբեք «հին» Տորեսին չտեսանք:

Ալեշանդրե Պատո, Ռադամել Ֆալկաո
«Չելսին» նաև անհաջող տեղ է խաղային վերածնունդ ապրելու համար: Ալեշանդրե Պատոն և Ռադամել Ֆալկաոն դրա վառ օրինակն են:
Բրազիլական ֆուտբոլի ամենահեռանկարային տաղանդներից մեկը համարվող Ալեշանդրե Պատոն, հանուն արդարության, արդեն հիասթափեցրել էր երկրպագուներին՝ լավ մեկնարկից հետո չդառնալով սպասված թոփ հարձակվողը: Բայց 2015-ին դեռ ամեն ինչ կորած չէր, և Պատոն որոշեց նոր սկիզբ ունենալ «Չելսիում», բայց դա լավ գաղափար չէր: Լոնդոնում վարձավճարով անցկացրած 1 մրցաշրջանում նա մասնակցեց ընդամենը 2 խաղի ու խփեց 1 գոլ:
![]()
2015-16-ին «Չելսիում» վարձավճարով խաղում էր նաև Ռադամել Ֆալկաոն, որի մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Կոլումբացին պարզապես ծանր վնասվածք էր ստացել, ու նրան պետք էր թիմ, որտեղ կկարողանար մարզավիճակ հավաքել: Բայց «Չելսին» այդ թիմը չէր: Լոնդոնում նա անցկացրած 12 խաղում խփեց 1 գոլ՝ թիմուն ունենալով գրեթե զրոյական դեր: Ֆալկաոն, այդուհանդերձ, իր խաղը վերագտավ «Մոնակոյում» ու 2016-17-ին թիմի հետ նվաճեց Լիգա 1-ը, Չեմպիոնների լիգայում հասավ կիսաեզրափակիչ՝ խփելով 30 գոլ:

Ալվարո Մորատա
2017-ին «Չելսին» ևս մեկ լուրջ փորձ արեց՝ երկարաժամկետ բարձրակարգ հարձակվող ունենալու համար: Լոնդոնցիները 5 տարվա պայմանագիր կնքեցին Ալվարո Մորատայի հետ՝ նրա համար «Ռեալին» վճարելով 70 միլիոն ֆունտ: Իսպանացին փայլել էր «Յուվենտուսում» վարձավճարով խաղալու տարիներին, իսկ հետո որպես Կարիմ Բենզեմային փոխարինող՝ «Ռեալում» խփել էր 20 գոլ ու նվաճել Չեմպիոնների լիգան և հաղթել Լա լիգան:
Մորատային ամեն գնով իր թիմում էր ցանկանում տեսնել Անտոնիո Կոնտեն: Երիտասարդ ֆուտբոլիստի խաղային որակները հրաշալի էին համապատասխանում Կոնտեի հակագրոհային ֆուտբոլին. Մորատան արագ էր, լավ էր խաղում գլխով և կարող էր նվազագույնը 20 գոլ ապահովել մրցաշրջանում:
Մորատայի առաջին մրցաշրջանը չտպավորեց: Իսպանացին միայն առանձին էպիզոդներում էր փայլում, իսկ ընդհանուր առմամբ նրա արդյունավետությունն անկայուն էր: Երկրորդ մրցաշրջանում Մորատան վերցրեց 29 համարը՝ փորձելով խուսափել 9 համարի անեծքից, բայց դա էլ իսպանացուն չփրկեց: 2019-ի հունվարին Մորատան տեղափոխվեց «Ատլետիկո»: «Չելսիում» նրա կարիերան տևեց 18 ամիս:
![]()
Գոնսալո Հիգուային
«Ռեալի», «Յուվենտուսի» ու «Նապոլիի» նախկին աստղը, Արգենտինայի հավաքականի կազմում ԱԱ 2014-ի եզրափակիչի մասնակից Գոնսալո Հիգուայինը նույնպես «Չելսիի» մոռացված 9 համարներից է:
Նա լոնդոնյան թիմում անցկացրեց 6 ամիս՝ 2019-ի հունվարին «Միլանից» վարձավճարով տեղափոխվելով «Սթեմֆորդ Բրիջ»: Հիգուայինը չհարմարվեց Պրեմիեր լիգայի տեմպին ու խաղաոճին և անցկացրած 18 խաղում խփեց ընդամենը 5 գոլ: Մրցաշրջանի ավարտից հետո «Պիպիտան» վերադարձավ Իտալիա:

Կենտրոնական հարձակվողների համար «Չելսին» այնպիսի վայր է, ինչպիսին սև խոռոչը տիեզերքում կամ Բերմունդյան եռանկյունին երկրի վրա: Այստեղ ամենափորձառու, անվանի ու տաղանդավոր հարձակվողները շատ դեպքերում անբացատրելի կերպով «մոռանում» են իրենց վարպետությունը:


