Այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանին շատերը խոսում են Էրլինգ Հալանդի՝ «Մանչեսթեր Սիթի», Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բարսելոնա», Դարվին Նունյեսի՝ «Լիվերպուլ», Սադիո Մանեի՝ «Բավարիա» տեղափոխությունների մասին: Գաբրիել Ժեզուսի տեղափոխությունն «Արսենալ» մնաց վերոնշյալ գործարքների ստվերում, բայց այն կարող է լինել այս տարվա լավագույն տրանսֆերը:
«Արսենալն» ու Ժեզուսը միմյանց հանդիպում են ճիշտ ժամանակին: Միկել Արտետայի նախագիծն իր ծաղկման, զարգացման փուլում է: Թիմի խաղը վերջապես ձեռագիր ու դիմագիծ է ստացել. գնդակի տոտալ վերահսկողություն, կոլեկտիվ տեղաշարժ, պրեսինգ, պաշտպանությունից արագ անցում հարձակման: Իսկ կազմը շատ երիտասարդ է՝ Աարոն Ռամսդեյլ, Վիլիամ Սալիբա, Մարտին Էդեգոր, Գաբրիել Մարտինելի, Էդվարդ Նկետիա, Բուկայո Սակա... բոլոր այս ֆուտբոլիստների տարիքը չի գերազանցում 25-ը:
Եվ ահա, այս թիմին միանում է Գաբրիել Ժեզուսը՝ տաղանդավոր ֆուտբոլիստ, որը կարող է լրացնել բոլոր այն բացերը, որ ուներ Արտետայի թիմը նախորդ մրցաշրջանում: VNews-ը ներկայացնում է այն ամենը, ինչ կտա բրազիլացի հարձակվողն «Արսենալին» և այն, թե ինչ կտա լոնդոնյան ակումբը Ժեզուսին:
«Արսենալն» ունի բարձրակարգ 9 համար
Արտետայի «Արսենալը» դեռ նախորդ մրցաշրջանում ցույց էր տալիս խաղային շոշափելի առաջընթաց: Եթե սկզբում չկային արդյունքներ, չէր նշմարվում ձեռագիր, ապա անցնող ամիսների հետ «Արսենալը» կարողանում էր ապահովել թե՛ արդյունքներ, թե՛ ցույց տալ տպավորիչ ֆուտբոլ: Բայց որքան էլ հարձակողական ու գրավիչ էր թիմի ֆուտբոլը, պակասում էր կենտրոնական հարձակվող: Օբամեյանգը հեռացել էր, Ալեքսանդր Լակազետն էլ փոխել էր խաղաոճը. ֆրանսիացին նահանջում էր, մանևրում, ազատ տարածություններ բացում թիմակիցների համար, բայց Արտետան չէր կարող հույս դնել Լակազետի վրա, երբ թիմին գոլ էր պետք: Այդ ամենի վառ վկայությունն այն է, որ թիմի լավագույն ռմբարկուն աջ եզրային հարձակվող Բուկայո Սական էր 12 գոլով՝ չնայած, որ թիմը պահեր իրացնելու խնդիրներ չուներ: Միայն Մարտին Էդեգորը 34 անգամ գոլային հնարավորություն էր ստեղծել (լավագույն ցուցանիշներից մեկը ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում):
Գաբրիել Ժեզուսը նույնպես չի սիրում մնալ տուգանային հրապարակում, բայց նրա ու Լակազետի տարբերությունն այն է, որ բրազիլացին թարմ է, արագ, կարողանում է միաժամանակ 2 խնդիր լուծել և ունի գոլային հոտառություն և հարվածի տեխնիկա: «Սիթիում» նա խփել է 95 գոլ, ինչը վատ արդյունք չէ՝ հաշվի առնելով, որ Գվարդիոլան Ժեզուսին 9 համարի դիրքում գրեթե երբեք չէր օգտագործում:
«Արսենալում» Ժեզուսն անցկացրած 3 պաշտոնական խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, «Սևիլիայի» դեմ «Էմիրեյթսի» գավաթի շրջանակում կայացած մրցավեճում էլ հեթ-տրիկ է ձևակերպել: «Արսենալը» հիմա ոչ միայն կստեղծի պահեր, այլ նաև կիրացնի դրանք:
Ժեզուսն իրեն տանն է զգում
«Արսենալի» համար այս տրանսֆերի առավելություններից մեկն այն է, որ Ժեզուսն այնքան էլ նորեկ չէ:
Առաջին հերթին՝ բրազիլացին փոխել է ակումբը, բայց չի փոխել առաջնությունը: Եթե 2017-ին 19 տարեկանում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելիս նա օվկիանոս էր կտրել, ժամանել էր նոր երկիր, պետք է հարմարվեր նոր ֆուտբոլային մշակույթին ու լեզվին, իսկ «Արսենալում» Ժեզուսը չունի այս դժվարությունները: Նա արդեն ծանոթ է անգլիական ֆուտբոլին ու հարմարվել է Անգլիայում, և բացի դա՝ ավելի հասուն է որպես ֆուտբոլիստ և որպես մարդ.
«Ժեզուսն այժմ հասուն մարդ է: Նրա կյանքում, ակնհայտորեն, շատ բան է փոխվել: Հիմա Գաբին նաև հայր է», - հայտարարել է Միկել Արտետան The Athletic-ի հետ հարցազրույցում:
Ժեզուսի արագ ադապտացիային օգնում են նաև խաղընկերները, մասնավորապես՝ հայրենակիցներ Գաբրիել Մարտինելին և Մարկինյոսը:
Այս ամենին գումարում ենք նաև այն, որ Արտետան շատ լավ է ճանաչում Ժեզուսին, որի հետ աշխատել է «Մանչեսթեր Սիթիում», երբ Գվարդիոլայի օգնականն էր: Իսպանացին շատ լավ ծանոթ է ֆուտբոլիստի առավելություններին ու թերություններին:
Ավելին, քան պարզապես հարձակվող
Շատերը կարծում էին, որ Արտետան այս ամռանը փնտրելու է դասական կենտրոնական հարձակվողի, որը պարզապես կիրացներ իր հնարավորությունները: Փոխարենը՝ Արտետայի ընտրությունը կանգ առավ Ժեզուսի վրա: Իսկ Գաբրիելը շատ ավելին է, քան պարզապես կենտրոնական հարձակվող:
Բրազիլացին իր խաղային տարբեր որակների շնորհիվ «Արսենալին» տակտիկական բազմազանություն է առաջարկում: Նա շատ է տեղաշարժվում եզրեր, հայտնվում է մրցակցի պաշտպանական շերտերի միջև, կարող է ճնշում գործադրել նրանց վրա, խաղում է կոմբինացիոն ֆուտբոլ, ինչպես նաև անհատական անցումների հաշվին ոչնչից ստեղծում է գոլեր, ինչպես եղավ Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Բորնմութի» դեմ խաղում, երբ Ժեզուսը միացրեց «Լիոնել Մեսի» կոճակը, շրջանցեց 2-3 մրցակցի, և դրա արդյունքում Էդեգորը բացեց խաղի հաշիվը: Ժեզուսը, չլինելով աշխարհի ամենաբարձրահասակ հարձակվողներից մեկը, կարողանում է նաև գնդակներ շահել օդում և գրոհներին շարունակություն տալ:
Վարակիչ չեմպիոնական բնավորություն
Երբեմն ֆուտբոլիստը նոր թիմ գալիս իր հետ չի բերում միայն այն, ինչ ներդնում է խաղադաշտում: Երբեմն նրա խաղը կամ պարզապես ներկայությունը վարակիչ է դառնում և ազդեցություն է ունենում մյուսների վրա: Ժեզուսի տրանսֆերը հենց այդ դեպքն է.
«5-6 տարի խաղալով ամենապահանջկոտ մարզչի ենթակայությամբ, խաղալ հոգեբանությամբ, որ հաղթելն այլընտրանք չունի... այդ ամենը հսկայական ու անգին փորձ է, որ ֆուտբոլիստը ձեռք է բերում և կարող է փոխանցել կողքիններին», - նշում է Արտետան:
Ժեզուսն, իսկապես, իր անցած ճանապարհով ու հոգեբանությամբ շատ է տարբերվում «Արսենալի» մյուս խաղացողներից: Բուկայո Սական, Մարտին Էդեգորը, Գաբրիել Մարտինելին, Էմիլ Սմիթ-Ռոուն ու մյուսները տաղանդավոր երիտասարդներ են, բայց դեռ լուրջ հաջողությունների չեն հասել: Իսկ Գաբրիել Ժեզուսը չեմպիոն է. նա 4 անգամ «Մանչեսթեր Սիթիի» կազմում հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Ու նա այդ փորձը բերել է «Արսենալ», փոխանցում է խաղընկերներին, օրինակ է ծառայում նրանց համար: Գաբին վերջիններից է հեռանում է մարզաբազայից, մարզումներից հետո մնում ու լրացուցիչ վարժություններ է կատարում, կատարելագործում է տուգանային հարվածներ, տեխնիկական հնարքներ.
«Ինձ համար Ժեզուսն աշխարհի լավագույն հարձակվողներից է: Ինձ համար մեծ հաճույք է խաղալ նրա կողքին: Հուսով եմ՝ միասին կհրավիրվենք Բրազիլիայի հավաքական», - ասել է Գաբրիել Մարտինելին, որի հետ Ժեզուսն արդեն շատ լավ է համագործակցում:
Ժեզուսն այստեղ աստղ է
Ժեզուսը շատ բան է տալիս և տալու «Արսենալին», բայց ակումբի փոփոխությունն էլ, մասնավորապես, «Արսենալ» տեղափոխվելն էլ Ժեզուսին է շատ բան տալիս՝ թե՛ խաղային, թե՛ անձնական առումով:
«Մանչեսթեր Սիթիում» հարձակվողը գլխավոր դերակատարներից մեկը չէր. այնտեղ առաջատարի դեր ունեին Կևին դե Բրույնեն, Բերնարդու Սիլվան, Ռիյադ Մահրեզը: Ժեզուսը նույնիսկ մեկնարկային կազմում տեղ չուներ, նա երկրորդական ֆիգուր էր Գվարդիոլայի համար: Եվ դա Ժեզուսը չընդունեց՝ անկախ այն հանգամանքից, որ «Սիթիի» հետ գրեթե յուրաքանչյուր տարի տիտղոսը երաշխավորված էր:
«Արսենալում» Ժեզուսն աստղ է ու Լոնդոն է տեղափոխվել առաջատարի կարգավիճակում: Երկրպագուների շարքում մեծ ոգևորություն կա, Ժեզուսի 9 համարի մարզաշապիկն ամենաշատն է վաճառվում «Արսենալի» համակիրների շրջանում, ինչն արտացոլվում է «Էմիրեյթսում» կայացող խաղերին. տրիբունաներում հազարավոր «Ժեզուսներ» են նստած: «Արսենալի» կազմում էլ չկա մեկ ֆուտբոլիստ, որն այս պահին թիմում իրեն կզգա ավելի կարևոր, քան Ժեզուսն է:
Խաղային առումով էլ բրազիլացին ազատություն է ստացել «Արսենալում»: Գվարդիոլան Ժեզուսին, հատկապես՝ նախորդ 2-3 մրցաշրջաններում, օգտագործում էր հարձակման աջ եզրում, նրան տալիս հստակ առաջադրանքներ: Այդ ամենը Ժեզուսի խաղը, ինչ-որ չափով, սահմանափակում էր, մինչդեռ «Արսենալում» նա ունի խաղային անսահմանափակ ազատություն: Ժեզուսը ճախրում ու սավառնում է տուգանային հրապարակի ամբողջ լայնքով, երբ ցանկանում է հնարք կիրառել՝ կատարում է, և այդ ամենը դրականորեն է անդրադառնում նրա խաղի վրա:
Այդպիսի օրինակներ շատ են եղել ֆուտբոլում, ինչպես Լուկակուն՝ «Ինտեր» տեղափոխվելիս, Յայա Տուրեն՝ «Մանչեսթեր Սիթի», Ալեքսիս Սանչեսը՝ «Արսենալ» և այլն:
Սա դեռ մրցաշրջանի սկիզբն է, Ժեզուսի համար էլ՝ մեղրամսի պես մի շրջան, երբ դեռ ոգևորությունն ու մոտիվացիան շատ մեծ են, բայց հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոնները՝ ամեն ինչ նպաստում է, որ Ժեզուսի՝ «Արսենալ» տեղափոխությունը դառնա այս տարվա լավագույն գործարքներից մեկը: