Հունվարյան տրանսֆերային պատուհանին «Լիվերպուլի» ղեկավարությունն անսպասելի նվեր մատուցեց թիմի երկրպագուներին ու Յուրգեն Կլոպին: Մերսիսայդցիները 45 մլն եվրո վճարեցին «Պորտուին»՝ Եվրոպայի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկին՝ Լուիս Դիասին ձեռք բերելու համար: Թվում է՝ «կարմիրները» խնդիրներ չունեն հարձակման գծում. Մանե, Սալահ, Ժոտա, Ֆիրմինո... ։ Բայց Դիասը ներկայի ու ապագայի ֆուտբոլիստ է, որը դեռ շատ բան է տալու Կլոպի թիմին:
Առաջարկում ենք ավելի մանրամասն ծանոթանալ կոլումբիացուն ու նրա անցած ճանապարհին և հասկանալ՝ ինչպես կարող է նրան օգտագործել Կլոպը:
Խաղաոճը
Լուիս Դիասը խաղում է հարձակման ձախ եզրում: Նրա ուժեղ կողմերն են արագությունն ու տեխնիկան: Չնայած Դիասը վինգեր է, բայց նաև շատ լավ հարվածներ ունի ու կարողանում է հրաշալի կերպով եզրափակել իր թիմի գրոհները: Timing-ի առումով (փոխանցումների, արագության ու ժամանակի հաշվարկ) Դիասը լավագույններից է և դրանով շատ նման է «Լիվերպուլի» հարձակման գծի աստղերին, հատկապես Մանեին ու Սալահին: Դիասը չի զլանում նաև օգնել իր թիմին պաշտպանությունում, ինչը և նկատել է նրա նոր խաղընկեր Ալիսոնը. «Դիասը հրաշալի ֆուտբոլիստ է, որը մեծ ծավալի աշխատանք է կատարում նաև պաշտպանությունում: Նա Ամերիկայի գավաթի խաղարկությունում ինձ ամենից շատ տպավորած խաղացողներից է»:
Կլոպը մեծ պահանջներ ունի՝ պայմանավորված բարձր պրեսինգով, և այս առումով էլ Դիասը պատրաստված է գալիս «Լիվերպուլ», ինչը վկայում է վիճակագրությունը: Ընթացիկ մրցաշրջանում՝ մինչև այս պահը, միայն 5 ֆուտբոլիստի է հաջողվել խլել գնդակը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում: Դիասը դա արել է 15 անգամ:
Դիասը ֆիզիկապես ամուր է, տեխնիկապես՝ լավ պատրաստված, լավ է խաղում 2 ոտքով էլ ու կարողանում է բացել խիտ դասավորված պաշտպանությունները:
Կարիերայի բարդ սկիզբ ու ֆիզիկական խնդիրներ
Լուիս Դիասի կարիերայի սկիզբն ամենևին էլ հեշտ չի ստացվել. «Մի պահ մտածեցինք, որ շատ դժվար է լինելու Դիասի համար լավ կարիերա ունենալը: Նա սննդակարգի խնդիրներ ուներ, չափազանց նիհար էր ու ֆիզիկապես շատ թույլ, ինչի պատճառով պարտվում էր միկրոմենամարտերում»,- նշում է Ջոն Պոսիլյո Դիասը՝ ֆուտբոլիստի նախկին մարզիչը:
«Սկզբում Դիասը խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց գոլ չէր կարողանում խփել: Հիմա նա բավական հաճախ է գոլեր խփում, ու դա այն դեպքում, երբ խաղում է հարձակման ձախ եզրում: Նա սովորել է ավելի քիչ դիպչել գնդակին ու արագ որոշումներ կայացնել»,- նշում է Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ «Էլ Պիբե» Վալդերաման, որի կարծիքով՝ Դիասը կոլումբիացի լավագույն ֆուտբոլիստն է. «Եթե չլիներ Մեսին, ապա Ամերիկայի գավաթի խաղարկությունում լավագույնը հենց Դիասը կլիներ»:
Դիասի՝ որպես ֆուտբոլիստ ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել Նեյմարը: Բրազիլացին «Պորտուի» արդեն նախկին ֆուտբոլիստի կուռքն է եղել. «Ինձ միշտ է դուր եկել Նեյմարի խաղը: Նրա խաղամակարդակն ինձ համար նշաձող է, նրա խաղաոճն ինձ շատ հոգեհարազատ է, նրա տեխնիկան, մեկը մեկի դեմ անցումները... Նեյմարն ինձ շատ է դուր գալիս»,- խոստովանում է Դիասը:
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը... թոփ-5 լիգաներից դուրս
Բազմաթիվ երկրպագուների կարծիքով՝ Լուիս Դիասը լավագույն ֆուտբոլիստն է Եվրոպայում, որը հանդես չի (չէր) գալիս եվրոպական թոփ-5 առաջնություններում: Ակնհայտ է, որ Պորտուգալիայի առաջնությունն արդեն չափազանց «փոքր» էր Դիասի համար, որտեղ նա նվաճում էր բոլոր հնարավոր մրցանակներն ու գերազանցում բոլորին: Միայն հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին 25-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է Պրիմեյրա լիգայի լավագույն ֆուտբոլիստ, լավագույն հարձակվող, ինչպես նաև՝ ամսվա լավագույն գոլի հեղինակ. «Երջանիկ եմ անհատական մրցանակներիս համար: Ցանկանում եմ աշխատել՝ կարիերայումս նոր բարձունքներ նվաճելու համար»,- ասել էր Դիասը՝ դեռ չիմանալով, որ հունվարին տեղափոխվելու է աշխարհի լավագույն ակումբներից մեկը:
Դիասն այս մրցաշրջանում գրանցում է իր կարիերայի լավագույն թվերը: Դեռ փետրվար ամիսն է, բայց նա արդեն գերազանցել է նախկինում գրանցած ցուցանիշները՝ անցկացրած 25 խաղում խփած 15 գոլ ու 6 ասիստ: Դարվին Նունյեսի հետ այս պահին գլխավորում է Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուների անվանացանկը:
Ինչու՞ «Լիվերպուլը» գնեց Դիասին. սա մեսի՞ջ էր Մանեին ու Սալահին
«Լիվերպուլի» ուժեղագույն կողմը հարձակումն է, մասնավորապես Մանե-Ֆիրմինո-Սալահ եռյակը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ մերսիսայդցիները գնեցին Դիասի նման թոփ ֆուտբոլիստի, որն ամենևին էլ չի եկել Անգլիա՝ պահեստայինների նստարանին մնալու համար:
Առաջին հերթին՝ Դիասին գնելու պատճառն այս երեքի համար մրցակցություն ապահովելն է, ու նրանց «զգոն պահելը»: Դիասի տրանսֆերը շատ նման է Դիոգու Ժոտայի գործարքին. պորտուգալացին արեց անհնարինը. կարողացավ որոշակիորեն խախտել հզոր եռյակը և արժանի մրցակցություն ցույց տալ Ռոբերտո Ֆիրմինոյին: Դիասը խաղում է հարձակման ձախ եզրում, և Սադիո Մանեի տեղը թիմի մեկնարկային կազմում, հնարավոր է, այլևս այնքան հաստատուն չլինի, որքան մինչև այժմ էր: Սենեգալցին այս մրցաշրջանում այնքան էլ կայուն չի գործում և Պրեմիեր լիգայում խփել է 8 գոլ:
Մրցակցություն ապահովելուց բացի, Դիասին գնելն ակումբի համար ունի ստրատեգիական նշանակություն. Մանեի, Սալահի ու Ֆիրմինոյի պայմանագրերն ավարտվում է 18 ամսից՝ 2023-ի հունիսին: 3 ֆուտբոլիստների հետ էլ այս պահին ընթանում են բանակցություններ՝ գործող պայմանագրի երկարաձգման շուրջ, բայց 3-ն էլ բավական մեծ ֆինանսական պահանջներ ունեն, հատկապես Մոհամեդ Սալահը, որը, ըստ անգլիական մամուլի, պահանջում է շաբաթական 400 հազար ֆունտ: «Լիվերպուլն» այս քայլով ցույց է տալիս, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և որ իր «ձեռքը քարի տակ չէ»:
Ինչպե՞ս Կլոպը կօգտագործի Դիասին թիմում
Կասկած չկա, որ Դիասի գալով՝ «Լիվերպուլի» հարձակման գիծն ավելի ու ավելի է ուժեղանում. արդեն կան Մանեի, Սալահի, Ֆիրմինոյի ու Ժոտայի նման ֆուտբոլիստներ, կան նաև Մինամինոյի ու Օրիգիի պես պահեստայիններ: Նրանց է միացել բազմաֆունկցիոնալ խաղացող, որ կարող է հանդես գալ տարբեր դիրքերում:
Ինչպես արդեն նշվեց, Դիասը հաստիքային ձախ վինգեր է ու լինելու է Մանեի գլխավոր մրցակիցը մեկնարկային կազմի համար պայքարում: Հաշվի առնելով գոլային հոտառությունն ու բարձր արդյունավետությունը՝ 25-ամյա ֆուտբոլիստը կարող է գործել նաև հարձակման կենտրոնում, թեև այդ դիրքում Կլոպն իր տրամադրության տակ արդեն ունի Ֆիրմինոյին ու Ժոտային: Սալահի դիրքը՝ հարձակման աջ եզրը, անծանոթ է Դիասին, բայց հարկ եղած դեպքում այդ դիրքում էլ կոլումբիացին կարող է խաղալ:
Ու կա ևս մեկ՝ այլընտրանքային տարբերակ, ինչը քիչ հավանական է, բայց հետաքրքիր լուծում է: Կլոպը կարող է չդիպչել իր հարձակման եռյակին ու Լուիս Դիասին օգտագործել նրանց թիկունքում՝ խաղարկողի դիրքում: Այդտեղ խաղալով՝ Դիասն անհատական որակների շնորհիվ կկարողանա թիմի կիսապաշտպանությունը կապել հարձակմանը, թեև դաշտի կենտրոնը, իհարկե, այն դիրքը չէ, որտեղ կոլումբիացին կկարողանա օգտագործել իր տեխնիկական հնարավորությունները լիարժեք: