Logo

Մադոննան՝ Հյուսթոնի փոխարեն. Այն, ինչ չգիտեք «Թիկնապահը» ֆիլմի մասին, որը նշում է 30-ամյակը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:05 / 29.07.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

2021 թվականի աշնանը լուրեր տարածվեցին Հոլիվուդի մտադրության մասին՝ վերանկարահանել 1990-ականների գլխավոր մելոդրամաներից մեկը՝ «Թիկնապահը» («The Bodyguard»)` Քևին Քոսթների և Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ։ Նոր ֆիլմի գլխավոր դերերի համար դիտարկվում են «Թոր»-ի աստղ Քրիս Հեմսվորթը և ռեփեր Քարդի Բին։

Մինչ օրիգինալ ֆիլմի երկրպագուները դեմ են ռիմեյքին, ի պատիվ սիրված ֆիլմի 30-ամյակի՝ ներկայացնում ենք օրիգինալ ֆիլմի ստեղծման պատմությունը, որը մեզ տվել է ամենագեղեցիկ սիրային պատմություններից մեկը:

Ֆիլմը նախատեսվում էր նկարահանել 1970-ականներին՝ Սթիվ ՄըքՔուինի և Դայանա Ռոսի մասնակցությամբ

Սցենարիստ Լոուրենս Կեսդանը «Թիկնապահը» գրել է դեռևս 70-ականների կեսերին: Այդ ժամանակ նախատեսվում էր, որ ֆիլմում գլխավոր դերերը կխաղան այդ ժամանակի լավագույն արտիստները՝ Սթիվ ՄըքՔուինը և Դայանա Ռոսը։ Բայց նախագծի մեկնարկն անընդհատ հետաձգվում էր, և հնարավոր չէր իրականացնել սկզբնական տարբերակը։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը 67 անգամ փորձ է արվել նկարահանել: 

Ֆիլմի պաստառի վրա Քոսթների գրկում Ուիթնի Հյուսթոնը չէ

Այս մասին հայտնի դարձավ միայն 2019 թվականին՝ ֆիլմի պրեմիերայից 27 տարի անց։ Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Քոսթներն ասել է, որ անձամբ իր հետ պաստառի համար նկարվել է ոչ թե Հյուսթոնը, այլ նրա դուբլյորը։

Դերասանի խոսքով՝ մի քանի տարբեր կադրեր են նկարահանվել, սակայն ամենահաջողը ստացվել է այն, որում Քոսթների կերպարը գրկել է իր հաճախորդին՝ երգչուհի Ռեյչել Մերոնին։ «Ես պարզապես խնդրեցի դուբլյորին թաքցնել իր դեմքը: Դա դրամատիզմ հաղորդեց նկարին»,- խոստովանել է դերասանը:

Մադոննան փորձել է գլխավոր դերը, սակայն Քոսթները հրաժարվել է նրան նկարահանել նախագծում

Թեև Քոսթները, որպես ֆիլմի պրոդյուսեր, Ռեյչել Մերոնի դերում պատկերացրել է բացառապես Հյուսթոնին, սակայն Warner Bros․-ի ղեկավարները պնդել են, որ լիարժեք քասթինգ անցկացվի։

Սկզբում կանացի գլխավոր դերին հավակնում էին Ջանեթ Ջեքսոնը, Օլիվիա Նյուտոն-Ջոնը և նույնիսկ Մադոննան։ Քոսթներն անձամբ է հրաժարվել վերջինիս նկարահանել նախագծում։

Դերասանը հիշել է փոփ թագուհու հեգնական արարքը. դա երգչուհու համերգներից մեկից հետո էր։ Քոսթները գնացել է կուլիսներ՝ հանդիպելու նրան և գովելու նրա աշխատանքը։ Մադոննան սեղմել է դերասանի ձեռքը, իսկ հետո շրջվել է ու ձևացրել, թե ուր որ է կփսխի։ Պահը ֆիքսել է տեսախցիկը, ինչն էլ տեղ է գտել «Անկողնում՝ Մադոննայի հետ» վավերագրական ֆիլմում։

Ֆիլմի գլխավոր երգը գրել և առաջին անգամ կատարել է Դոլլի Փարթոնը

Ֆիլմի գլխավոր երգը պետք է դառնար Ջիմի Ռաֆֆինի «What Becomes of the Brokenhearted»-ը, սակայն շուտով հայտնի դարձավ, որ երգն արդեն օգտագործվել է մեկ տարի առաջ՝ «Fried Green Tomatoes» ֆիլմում։ Այդ ժամանակ Քոսթները Հյուսթոնին առաջարկել է ստեղծել Դոլլի Փարթոնի «I Will Always Love You» երգի քավր տարբերակը, որը թողարկվել էր դեռևս 1974 թվականին։ 

Ֆիլմում հնչում է Փարթոնի երգի ևս մի քավր տարբերակ։ Երգը ծառայում է որպես ֆոն Ֆրենկի և Ռեյչելի ժամադրության ժամանակ, երբ նրանք պարում են բարում: Հյուսթոնի կատարման և «I Will Always Love You» երգի հանրաճանաչության շնորհիվ «Թիկնապահ»-ի սաունդթրեքը համարվում է պատմության մեջ ամենավաճառվողը՝ 17 միլիոն օրինակ ԱՄՆ-ում և 45 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։

Քանի որ «I Will Always Love You» երգը օրիգինալ ստեղծագործություն չէր, այն չէր կարող առաջադրվել «Օսկար»-ի։ Սակայն ֆիլմի ևս երկու հիթեր ստացել են իրենց անվանակարգերը «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում՝ «Run to you» և «I Have Nothing»:

Հյուսթոնի հերոսուհու առանձնատունն այն նույն առանձնատունն է, որտեղ ապրել է «Կնքահայրը» ֆիլմի հերոսներից մեկը

Եթե ​​դուք «Կնքահայրը» ֆիլմի երկրպագու եք, ապա «Թիկնապահը» ֆիլմում Հյուսթոնի հերոսուհու առանձնատունը կարող է ծանոթ թվալ: Նույն տունը հայտնվում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի լեգենդար եռերգության առաջին մասում՝ այն տեսարանում, երբ հոլիվուդյան կինոստուդիայի ղեկավար Ջեք Վոլցն իր անկողնում գտնում է արյունոտ ձիու գլուխը։

Հեռուստատեսային նախագծերի երկրպագուներին էլ կարող է թվալ, թե ծանոթ են հերոս Քոսթների տան նկուղին: Այն ծառայել է որպես «NCIS: Naval Criminal Investigative Service» սերիալի հերոսներից մեկի բնակության վայր:

Նկարահանումների ժամանակ Հյուսթոնը վիժել է, իսկ անձնակազմի անդամը՝ մահացել դժբախտ պատահարի հետևանքով

Ցավոք, ֆիլմի նկարահանումն առանց ողբերգական իրադարձությունների չի եղել։ Նկարահանումների կեսին Հյուսթոնը վիժել է: 1993 թվականին հեռուստահաղորդավարուհի Բարբարա Ուոլթերսի հետ զրույցում արտիստը խոստովանել է, որ նկարահանումների զբաղվածության պատճառով նույնիսկ հնարավորություն չի ունեցել վերապրել կորուստը. «Սարսափելի էր, ես ինձ զզվելի էի զգում, բայց հաջորդ օրը նկարահանման հրապարակում էի՝ առանց որևէ մեկին պատմելու կատարվածի մասին», - ասել է Հյուսթոնը, որը մեկ տարի անց դուստր է ունեցել՝ Քրիստինային:

Նկարահանումների ժամանակ ևս մի դժբախտ պատահար է տեղի ունեցել, որը խլել է նկարահանող խմբի անդամներից մեկի կյանքը։ Տրանսպորտի բաժնի 33-ամյա աշխատակիցը մահացել է երկու լուսատար ամբարձիչների շարքից դուրս գալու պատճառով։

Էրոտիկ տեսարանների մի մասից հրաժարվել են՝ Հյուսթոնի խնդրանքով

Բնօրինակ սցենարն ուներ ավելի բաց տեսարաններ, բայց դրանցից մի քանիսը Հյուսթոնը «հանել» է։ Նա հրաժարվել է մերկ նկարահանվել՝ կատակելով, որ «մերկ հետույքն իմ լավագույն հարստությունը չէ»։ Նաև մի շարք ռոմանտիկ տեսարաններ հանվել են արդեն վերջնական մոնտաժի ժամանակ. ռեժիսոր Միք Ջեքսոնը դրանք ավելորդ է համարել։

Հյուսթոնի դերասանական խաղի քննադատության պատճառով ֆիլմը ստիպված են եղել «դզմզել»

Ֆոկուս-խմբերի համար ֆիլմի առաջին ցուցադրությունները ձախողվել են։ Հանդիսատեսը չի գնահատել Հյուսթոնի խաղը, որին Քոսթները հենց սկզբից խնդրել էր դերասանական վարպետության դասեր չանցնել՝ բնականությունը պահպանելու համար։ Հեղինակները նաև զգացել են, որ ֆիլմի սկզբնական տարբերակում գլխավոր հերոսների միջև քիմիա չկա։ Ռեժիսորը նորից մոնտաժել է ժապավենը։

Ի դեպ, 90-ականների սկզբին ֆիլմում ռասայական հարաբերությունները հակասական արձագանք առաջացրին հասարակության մեջ։ Ոմանք նման դերասանական կազմը համարում էին կինոգործիչների «օրակարգ մշակելու» փորձ։ Բայց ինքը՝ Քոսթները, ցրեց այս վարկածը. «Մենք ոչինչ չենք դրել դրա մեջ։ Պարզապես այդպես է պատահել, որ ես սպիտակ եմ, իսկ հերոսուհին՝ սևամորթ։ Իրականում, ես պարզապես միշտ կարծում էի, որ Ուիթնին անհավանական գեղեցկուհի է, և ինձ համար դժվար էր պատկերացնել մի տղամարդու, ով չէր երազի համբուրել նրան»:

«Թիկնապահը» դարձավ 1992 թվականի երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը

25 միլիոն դոլար արժողությամբ քրեական մելոդրաման համաշխարհային կինովարձույթում հավաքեց 411 միլիոն դոլար: Նման հաջողությունն օգնեց ֆիլմին դառնալ 1992 թվականի երկրորդ ամենահաջողված ֆիլմը: Առաջին տեղը զբաղեցրել է Disney-ի անիմացիոն հիթը՝ «Aladdin»-ը։

Քոսթերը ցանկանում էր նկարահանել շարունակությունը, և գլխավոր դերի համար հրավիրել է արքայադուստր Դիանային

1997-ին Քևին Քոսթները մտածեց ֆիլմի շարունակությունը ստեղծելու մասին և գլխավոր դերում տեսնում էր արքայադուստր Դիանային, որին նա նույնիսկ հասցրեց նախագծում ներգրավել նախքան ողբերգական ավտովթարը․․․Սյուժեն պետք է հիմնված լիներ մի սիրո պատմության վրա, որը վերագրվում էր Ուելսի արքայադստերը և նրա թիկնապահ Բարրի Մաննակիին: Բայց Լեդի Դիի մահից հետո այդ նախագիծը մնաց որպես նախագիծ։

2011 թվականին Warner Bros.-ը մտածեց ռիմեյքի ստեղծման մասին, և Ռիհանան դիտարկվում էր գլխավոր դերի համար։ Բայց երգչուհին մերժել է առաջարկը՝ չցանկանալով երգչուհու դեր խաղալ էկրանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ