Logo

Թմկաբերդը Թումանյանի հայտնի պոեմից․ որտեղ է այն գտնվում

16:07 / 14.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Թմկաբերդ

Որտե՞ղ է գտնվում Թմկաբերդը Թումանյանի հայտնի պոեմից, ի՞նչ տեսք ունի այն: Փորձենք փաստեր ներկայացնել․

Տեղանքը

Թմկաբերդը հայտնի է նաև Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի անուններով և գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։

Բերդը գտնվում է երեք բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մ երկարություն և 30 մ լայնություն` շրջապատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1,5 մ հաստություն։

Թմկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները։ Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր։ Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։

Թմկաբերդ-Թումանյան

Պատմական ակնարկ

Առաջին անգամ Թմկաբերդը հիշատակվում է 10-րդ դարի աղբյուրներում։ Այն վերահսկում էր առևտրային ուղիները, որոնք Ջավախք աշխարհը կապում էին Առաջավոր Ասիայի հետ։

10-րդ դարում արաբ զավթիչները փորձել են գրավել բերդը։ Ժամանակի ընթացքում այն մերթընդմերթ փոխանցվել է Թորելի, Մխարգրձելի-Զաքարյան, Շալիկաշվիլի, Քուաբուլիսձե և Ջաղելի իշխանական տոհմերին։

12-րդ դարի վերջերից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմկաբերդով ու Ախալքալաք (Նոր քաղաք) քաղաքով տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք և Զաքարյան տոհմի ճյուղի՝ Մխարգրձելի-Թմոգվելի իշխանական տան կենտրոնն էր։

Իր անգնահատելի ծառայությունների դիմաց Թամար թագուհին Թմկաբերդը նվիրել է հայազգի ռազմական և քաղաքական գործիչ Սարգիս Թմոգվեցուն (Սարգիս Ա Վահրամյան)։ 1578 թվականին բերդը զավթվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո անցել է Ռուսաստանին։ Այժմ պահպանվել են Թմկաբերդի ավերակները։

Հայտնի պոեմը

Հ. Թումանյան-Թմկաբերդի առումը

«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Պոեմի նյութը գրողը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուում։

Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, այցելել է բերդ, բերդի ավերակները դիտել դիմացի Գյումուրդա գյուղից և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ստեղծագործությունը։

«Թմկաբերդի առումը» Հ․ Թումանյանի երկրորդ գլուխգործոցն է «Անուշից»  հետո։ Թումանյանը փառաբանում է մարդու լավ գործը, որը անմահության հասնելու միակ գրավականն է։ Խոսքը դարեդար խոսվող գործի մասին է։

«Թմկաբերդում պատմեցին ինձ, թե մի ժամանակ բերդում իշխում էր մի հայ իշխան։ Պարսից թագավորը եկել, երկար պաշարել է այս բերդը, սակայն չի կարողացել գրավել։ Իշխանի կինը սիրահարվել է պարսից շահին և ծածուկ առել նրա հաճությունն իր հետ ամուսնանալու, թե ինքը սպանե իր ամուսնուն և բերդը հանձնե շահին։ Շահն այսպիսով տիրել է բերդին և հարցրել է մատնիչ իշխանուհուն ․«Ե՞ս եմ գեղեցիկ, թե՞ ամուսինդ»։ Եվ երբ սա պատասխանել է, թե՝ ամուսինս գեղեցիկ էր, շահը հրամայել է կապել նրան ձիու պոչից և քարշ տալ մինչև մեռնելը՝ ասելով․ «Եթե ամուսինդ շահից գեղեցիկ էր, ինչո՞ւ սպանեցիր»։
 

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ