Logo

Երբեք ավելի լավ վիճակում չի եղել. Ի՞նչ սպասել «Արարատ-Արմենիայի» մրցակցից (ֆոտո)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
19:46 / 20.07.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայկական ակումբներից ամենաուշը եվրագավաթներում մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլը նախկինում նվազագույն խնդիրը կլիներ թիմի համար, իսկ այժմ սկզբնական կետն է: Թիմը նոր գլխավոր մարզիչ ունի, իսկ ակումբի ղեկավարները խնդիր են դրել նվաճել խմբային փուլի ուղեգիր: Բայց այդ նպատակին հասնելու համար հարկավոր է սկզբում գերազանցել թիմի, որն արդեն անկանկալ է մատուցել ընթացիկ խաղարկությունում: VNews-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» մրցակից էստոնական «Պաիդեին»: 

Պատմությունը



«Պաիդեն» ներկայացնում է Էստոնիայի համանուն քաղաքը, որտեղ բնակվում է մոտ 8 հազար մարդ: Այն գտնվում է Էստոնիայի կենտրոնում, այդ պատճառով քաղաքի բնակիչները հաճախ ասում են, որ Պաիդեն իրենց երկրի սիրտն է: 

Քաղաքի գլխավոր ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1990 թվականին, սակայն որոշ ժամանակ դադարեցրել է ելույթները և վերաբացվել 2004-ին, որպես երկրի ամենահեղինակավոր ակումբի՝ «Ֆլորայի» դուստր թիմ: Բայց անկախացումը երկար չի տևել: «Լինամեսկոնդը», որը թարգմանաբար նշանակում է քաղաքային թիմ, ելույթները սկսելով Էստոնիայի 4-րդ դիվիզոնում, 3 տարի անընդմեջ կարողացել է ավելի ուժեղ դիվիզիոն բարձրանալ և 2008-ին նվաճել երկրի բարձրագույն խմբի՝ Մեիստրիլիգայի ուղեգիր: 2009 թվականին իր առաջին մրցաշրջանում «Պաիդեն» գրավեց 9-րդ տեղը և կարող էր դուրս մնալ ուժեղագույն խմբից, բայց անցումային խաղերում հաղթեց և պահպանեց տեղը: 

Հետզհետե «Պաիդեն» դարձավ Էստոնիայի կայուն միջակ թիմ և 2011-2017-ին մշտապես գրավում էր 5-7 տեղերը: 2015-ին «Քաղաքաբնակները» կարող էին առաջին լուրջ տիտղոսը նվաճել, սակայն Էստոնիայի գավաթի եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեցին «Նիմե Կալյուին»: 

2018 թվականից սկսվեց «Պաիդեի» առաջընթացը: Թիմը սկզբում գրավեց 5-րդ, հետո՝ 4-րդ տեղը, իսկ 2020 թվականին դարձավ երկրի փոխչեմպիոն: Հետաքրքիր է, որ չեմպիոնական պայքարում նրանց 16 միավորով գերազանցեց հենց «Ֆլորան»: Հաջորդ տարի «Պաիդեն» ապացուցեց, որ հաջողությունը պատահական չէր՝ գրավելով երրորդ տեղը: 

Ստադիոնը



«Պաիդեն» տնային խաղերն անցկացնում է «Պաիդե Լինաստադիոնում»: Մարզադաշտը կառուցվել է 2002 թվականին և տեղավորում է 768 հանդիսական, 500-ը կանգնելու համար նախատեսված տեղեր են, իսկ 268-ը՝ աթոռներ: 

Մինչև 2020 թվականի կորոնավիրուսային համավարակը «Քաղաքաբնակների» հանդիսականների թիվը աճում էր, իսկ 2019-ին հասավ ռեկորդայինի՝ մեկ խաղում 349 երկրպագու: Այս տարի այդ թիվը 216 է, բայց այն լավագույն ցուցանիշն է վերջին 2 տարում: 

Այդուհանդերձ, «Լինասատադիոնում» ՈւԵՖԱ-ն միջազգային խաղեր անցկացնել չի թույլատրում, այդ պատճառով «Պաիդեն» «Արարատ-Արմենիային» ընդունելու է Պարնու քաղաքի «Ռանաստադիոնում»: Այն տեղավորում է 1500 հանդիսական և վերանորոգվել է 2016 թվականին: 

Եվրագավաթային փորձ



«Պաիդեն» իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է մասնակցում եվրագավաթներին: Առաջինը մեկ տարի առաջ էր, և հետաքրքիրն այն է, որ դեռ անցած ամառ էստոնացիները կարող էին հանդիպել հայկական ակումբի: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Պաիդեն» մրցեց լեհական «Շլյոնսկի» հետ, որին հաղթելու դեպքում կմրցեր «Արարատի» հետ: Սակայն լեհերն ավելի ուժեղ էին և հաղթացին երկու խաղերում (2:0, 2:1), ինչից հետո գոլառատ հանդիպումներում գերազանցեցին նաև «Արարատին» (3:3, 4:2): 

Այս տարի «Պաիդեի» երկրորդ փորձն է և արդեն կա առաջին հաղթանակը: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում էստոնական թիմը դրամատիկ պայքարում գերազանցեց Թբիլիսիի «Դինամոյին»: Վրաստանում «Պաիդեն» հաղթեց 3:2 հաշվով: Պատասխան խաղի հիմնական ժամանակում պարտվեց 0:1, իսկ ավելացված ժամանակից հետ՝ 1:2 հաշվով: Ամեն ինչ որոշվեց 11-մետարնոց հարվածաշարում, որտեղ էստոնացիներն ավելի դիպուկ էին՝ 6:5:

Հետաքրքիր է, որ երկու խաղերում էլ «Դինամոն» ֆավորիտ էր համարվում, բայց պայքարը շարունակում է նրա մրցակիցը: 

Ելույթներն ընթացիկ մրցաշրջանում



Էստոնիայի առաջնությունն անցկացվում է գարուն-աշուն համակարգով, այդ պատճառով այժմ արդեն անցել է մրցաշարի 2/3 մասը: «Պաիդեն» 19 խաղից հետո 33 միավորով չորրորդ տեղում է, բայց արդեն գործնականում չի պայքարում չեմպիոնության համար, քանի որ 20 միավորով զիջում է առաջատար «Ֆլորային» և 18-ով՝ «Լևադիային»: Փոխարենը, «Քաղաքաբնակները» պետք է ձգտեն եվրագավաթային ուղեգիր տվող երրորդ տեղը գրավել: Այն այժմ 40 միավորով զբաղեցնում է «Կալյուն»:

Ի տարբերություն Մեիստրիլիգայի, Էստոնիայի գավաթն անցկացվում է աշուն-գարուն համակարգով: Այդ պատճառով եզրափակիչը կայանում է յուրաքանչյուր տարվա մայիսին: 2022-ին գավաթակիր դարձավ «Պաիդեն», որը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց «Կալյուին» և նվաճեց ակումբի պատմության առաջին խոշոր տիտղոսը: Հենց գավաթակրի կարգավիճակով է «Պաիդեն» այժմ մասնակցում Կոնֆերենցիաների լիգային: 

Մարզիչը



Էստոնական ակումբը մարզիչներ փոխելու մեծ սիրահար չէ: 2004-ից մինչև հիմա 18 տարվա ընթացքում թիմն ընդամենը 6 մարզիչ է գլխավորել: Հաջողությունները սկսվել են Վյաչեսլավ Զախովաիկոյի աշխատանքի ժամանակ (2016-2021թ): Էստոնիայի առաջնության պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (211 գոլ) կարիերայի վերջին տարին անցկացրել է հենց «Պաիդեի» կազմում, այնուհետև անմիջապես նշանակվել գլխավոր մարզիչ: Մինչև այդ էլ նա խաղացող-մարզիչ էր և օգնում էր Մելիս Ռոբային:

2021-ի դեկտեմբերին նա թողեց իր պաշտոնը և «Պաիդեի» նոր մարզիչ նշանակվեց Կարել Վոլայդը: 45-ամյա մասնագետը մերձբալթյան երկրի ֆուտբոլում հսկայական ճանապարհ է անցել: Նա գլխավորել է Էստոնիայի Մ15, Մ16, Մ19, Մ21 և Մ23 հավաքականները, իսկ 2019 թվականի հուլիսին նշանակվեց Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: 

«Կապույտների» հետ նա հաջողություն չհասավ. 14 խաղում 0 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: Այդ խաղերից երկուսն Ազգերի լիգայում Խոակին Կապառոսի Հայաստանի հավաքականի դեմ էր: Երևանում որոշիչ էին Ալեքսանդր Կարապետյանի և Անգուլո Վբեյմարի գեղեցիկ գոլերը, իսկ Տալինում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Այդ օրը Կամո Հովհաննիսյանը հեղինակեց կարիերայում գլխով խփած 3 գոլերից մեկը: 

2020-ի վերջում նրա պայմանագրի ժամկետը լրացավ և այն չերկարաձգվեց: Մեկ տարի հանգստանալուց հետո Վոլայդն ընդունեց «Պաիդեի» առաջարկը: Ընդամենը մի քանի ամիս անց նա ակումբի համար նվաճեց Էստոնիայի գավաթը: Այն նաև մարզչի կարիերայի առաջին տիտղոսն էր: 

Ազգային հավաքականում Կարելը նախընտրում էր հոլանդական (4-3-3) և իսպանական (4-2-3-1) դասավորությամբ սխեմաներ, բայց «Պաիդեում» հարմարվել է իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներին, որոնց համար 4-4-2 սխեման ամենաօպտիմալն է: Ճիշտ է, կարևոր խաղերում, ինչպիսիք էին, օրինակ, Էստոնիայի գավաթի կիսաեզրափակիչը կամ Թբիլիսիի «Դինամոյի» հետ եվրագավաթային դիմակայությունը, Վոլայդը ձգտում է անկանկալներ մատուցել մրցակցին: Վրացիների հետ նրանք խաղացի 4-2-3-1 սխեմայով և հաջողության հասան: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն էլ գրեթե միշտ հենց այդ դասավորությունն են նախընտրում, այնպես որ իսպանական սխեման կարող է գերակշռող լինել այս զույգում: 

Կազմը



2021 թվականի հունվարին «Պաիդեն» համագործակցության պայմանագիր կնքեց գամբիական «Ռեալ դե Բանջուլի» հետ, ուստի պատահական չէ, որ էստոնական թիմում շատ են հենց աֆրիկյան այդ երկիրը ներկայացնող լեգեոնականները: Այս պահին նրանք 4-ն են: Բայց թիմում եղանակ ստեղծող ֆուտբոլիստներն այլ են: Գլխավոր աստղը «Լիվերպուլի» նախկին կենտրոնական պաշտպան Ռագնար Կլավանն է, որը 2018-ին է հեռացել անգլիական գրանդից, իսկ 2021-ից խաղում է «Պաիդեում»: 

«Քաղաքաբնակների» լավագույն ռմբարկուն Նիդերլանդներում ծնված գանացի Դեբիես Օվուսու-Սեկիերն է: Ամստերդամի «Այաքսի» սանն այս տարի անցկացրած 23 խաղում 13 գոլ և 3 ասիստ է գրանցել: Կարևոր պահերին թիմի առաջատարի պարտականություններն իր վրա է վերցնում փորձառու էստոնացի վինգեր Սիմ Լուտցը: Հենց նա է հաղթական գոլի հեղինակ դարձել գավաթի եզրափակիչում, ինչպես նաև հուլիսի սկզբին գոլ + ասիստ գրանցել Թբիլիսիում: 

Էստոնիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սերգեյ Մոսնիկովն էլ պատասխանատու է թիմի գրոհների կազմակերպման համար: 34-ամյա ֆուտբոլիստն այս տարի արդեն դարձել է 7 գոլային փոխանցման ու 3 գոլի հեղինակ: 

«Արարատ-Արմենիա» – «Պաիդե» հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Ավանի ակադեմիայում: Մեկնարկը՝ 19:00-ին: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ