Logo

ԱԱ-2022. Գործող չեմպիոնը հաղթեց անգլիացիներին ու նվաճեց կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը (տեսանյութ)

01:01 / 11.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Ֆրանսիայի հավաքականը դարձավ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

Քառորդ եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 2-1 հաշվով առավելության հասավ անգլիացիների նկատմամբ:

Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, թիմերը ցուցադրեցին դիտարժան ու կոմբինացիոն ֆուտբոլ:

11-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի և Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո գլխի հարված կատարեց, սակայն Լիվերպուլի «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը որսաց գնդակը: 

6 րոպե անց հաշիվը բացվեց. մոտ 25 մետր հեռավորությունից կատարած հարվածով ֆրանսիացիներին առաջ մղեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին:

22-րդ րոպեին լավ համագործակցեցին լոնդոնյան ակումբների ֆուտբոլիստները. «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սակայի փոխանցումից հետո հարվածեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, սակայն նրա ակումբակից Ուգո Լյորիսը փրկեց ֆրանսիացիներին: 35-ամյա Լյորիսը 143-րդ հանդիպումն էր անցկացնում Ֆրանսիայի հավաքականի կազմում և սահմանեց ռեկորդ։ Մինչև այս Ֆրանսիայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը Լիլիան Թյուրամն էր (142 խաղ)։

25-րդ րոպեին Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ պայքարում Քեյնն ընկավ Ֆրանսիայի հավաքականի տուգանային հրապարակում, բայց բրազիլացի գլխավոր մրցավար Ուիլտոն Սամպայոն, չնայած անգլիացիների դժգոհությանը, չնշանակեց 11-մետրանոց հարված: 

29-րդ րոպեին Հարի Քեյնի հարվածից հետո կրկին փայլեց Ուգո Լյորիսը:

30-րդ րոպեին Անգլիայի հավաքականը կարող էր վերականգնել հավասարակշռությունը. «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո ֆրանսիացիների տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց, սակայն աշխարհի գործող չեմպիոններին հաջողվեց հեռացնել գնդակը: 

Այդ դրվագից հետո հանդիպման տեմպը մի փոքր ընկավ, թիմերը, իրական գոլային պահեր չստեղծելով, գնացին ընդմիջման:  

Երկրորդ խաղակեսի մեկնարկում անգլիացիները նետվեցին գրոհի, ու հաջողությանը մոտ էր Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, Լյորիսը կրկին հուսալի գործեց: 

 52-րդ րոպեին Բուկայո Սակայի նկատմամբ կանոնները խախտեց հանդիպման առաջին գոլի հեղինակ Օրելյեն Չուամենին, ու մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված: Նշակետին մոտեցավ Հարի Քեյնն ու հավասարեցրեց հաշիվը: 29-ամյա ֆուտբոլիստը 53-րդ գոլը խփեց ազգային թիմի կազմում ու հավասարվեց Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունիին: 

55-րդ րոպեին Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի՝ միջին տարածությունից կատարած հարվածից հետո սեյվ կատարեց Ջորդան Պիկֆորդը:  

70-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո բոլորից բարձր ցատկեց ու գլխով հարվածեց Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը, սակայն գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: 

72-րդ րոպեին փայլուն հնարավորություն կորցրեց Բուկայո Սական, որը շեղ հարվածեց նպաստավոր դիրքից:  

78-րդ րոպեին գլխի հարվածով ֆրանսիացիներին կրկին առաջ մղեց Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, որի հարվածից հետո գնդակը դիպավ Հարի Մագուայրին և, փոխելով ուղղությունը, հայտնվեց դարպասում։ Խաղում երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը։ Դա Գրիզմանի 27-րդ ասիստն էր Ֆրանսիայի հավաքականում (լավագույն ցուցանիշը վերջին 50 տարում, Թիերի Անրին ու Զինեդին Զիդանը կատարել են 26-ական աստիստ)։

84-րդ րոպեին ֆրանսիացիների դարպասին նշանակվեց երկրորդ 11-մետրանոց հարվածը. Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի նկատմամբ կանոնները խախտեց «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը: Այս անգամ Հարի Քեյնը բարձր հարվածեց ու բաց թողեց հաշիվը հավասարեցնելու հնարավորությունը:

Ֆրանսիայի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը, դուրս եկավ կիսաեզրափակիչ և դեկտեմբերի 14-ին կմրցի Մարոկկոյի հետ, որն ավելի վաղ նվազագույն հաշվով հաղթել ու պայքարից դուրս էր թողել պորտուգալացիներին: 

Ֆրանսիայի հավաքականը 21-րդ դարում առաջին թիմն է, որ գործող չեմպիոնի կարգավիճակում աշխարհի հաջորդ առաջնությունում հասնում է կիսաեզրափակիչ։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Անգլիա - Ֆրանսիա՝ 1-2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 54 (11մ.) - Օրելյեն Չուամենի, 17, Օլիվյե Ժիրու, 78

Վրիպում 11-մետրանոցից՝ Հարի Քեյն, 84 (Անգլիա) 

ԱԱ-2022. Անգլիա - Ֆրանսիա. Մեկնարկային կազմեր

ԱԱ-2022-ի մասնակիցները. Մեկ քայլ է մնում Անգլիային՝ «ֆուտբոլը տուն բերելու համար»

ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնը սուպերկազմով կփորձի կրկնել 60 տարվա վաղեմության սխրանքը

ԱԱ-2022. Անգլիա – Ֆրանսիա խաղին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ