Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտվեց B խմբում, որտեղից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականները:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Անգլիայի հավաքականը բրիտանական դերբիում 3-0 հաշվով հաղթեց Ուելսին, իսկ ԱՄՆ-ը սկզբունքային խաղում 1-0 հաշվով առավելության հասավ Իրանի թիմի նկատմամբ:
Ուելսի դեմ խաղում անգլիացիների կազմում 50-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Ընդամենը մեկ րոպե անց անգլիացիների առավելությունը կրկնապատկեց «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը:
68-րդ րոպեին Ռեշֆորդը դարձավ դուբլի հեղինակ՝ դնելով խաղի վերջակետը՝ 3-0:
Անգլիայի հավաքականը 7-րդ թիմն է, որն աշխարհի առաջնություններում հատում է 100 գոլի սահմանագիծը (72 խաղում)։ Նախկինում դա հաջողվել էր Բրազիլիային, Գերմանիային, Ֆրանսիային, Արգենտինային ու Իսպանիային։
Իրան - ԱՄՆ խաղում միակ գոլը խփեց ամերիկացիների առաջատար Կրիստիան Պուլիշիչը: Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպանը 38-րդ րոպեին վնասվածքի գնով դարձավ գոլի հեղինակ, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ փոխարինվեց:
B խմբում 7 միավորով հաղթեց Անգլիայի հավաքականը, իսկ ամերիկացիները 5 միավորով գրավեցին երկրորդ տեղը։ Իրանը (3 միավոր) և Ուելսը (1 միավոր) ավարտեցին ելույթները Կատար-2022-ում:
ԱՄՆ-ը դեկտեմբերի 3-ին 1/8 եզրափակիչում կմրցի A խմբում հաղթած Նիդերլանդների հետ, իսկ Անգլիան հաջորդ օրը կհանդիպի A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Սենեգալի հետ:
ԱԱ-2022, երրորդ տուր
B խումբ
Ուելս - Անգլիա՝ 0-3 (տեսանյութ)
Մարկուս Ռեշֆորդ, 50, 68, Ֆիլ Ֆոդեն, 51
Իրան - ԱՄՆ՝ 0-1 (տեսանյութ)
Կրիստիան Պուլիշիչ, 38


