Արգենտինա – Ավստրալիա աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Արգենտինայի հավաքականի ավագը կարիերայի 1000-րդ խաղում դարձել էր գոլի հեղինակ և մեկնարկային կազմում խաղացել առանց փոխարինման: Արգենտինացիները հաղթել էին 2-1 հաշվով և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 9-ին կմրցեն Նիդերլանդների հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ դա Մեսիի առաջին գոլն էր աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում:
Կատարում շարունակվող ԱԱ-2022-ում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը խփեց երրորդ գոլը և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող էկվադորցի Էներ Վալենսիային, ֆրանսիացի Կիլիան Մբապեին, իսպանացի Ալվարո Մորատային, անգլիացի Մարկուս Ռեշֆորդին և հոլանդացի Կոդի Գակպոյին:


