Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին

Հեղինակ
Արամ Սահակյան
12:10 / 13.11.2022Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Ժամանակն է ծանոթանալ Թունիսի հետ, որը բարդագույն խմբում է ընդգրկված: Նրանց կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել է նախորդ Մունդիալից հետո: Կա նոր մարզիչ, նոր աստղեր ու հետաքրքիր խաղային պլան: Հետաքրքիր է, թե այսպիսի խաղով «Կարթագենի արծիվներն» ինչ կարող են առաջարկել մրցակիցներին: 

Պատմությունը Մունդիալում

Թունիսն աշխարհի առաջնությանը մասնակցում է 6-րդ անգամ: Նրանք Մունդիալում նորամուտը նշել են 1978 թվականին: Հենց այդ մրցաշարում «Կարթագենի արծիվները» պատմական նվաճման հասան Աֆրիկա աշխարհամասի համար: Մեքսիկային 3-1 հաշվով հաղթելուց հետո Թունիսը դարձավ աֆրիկյան առաջին երկիրը, որը հաղթանակ տարավ աշխարհի առաջնություններում: 

20 տարվա դադարից հետո Թունիսը 1998 թվականին վերադարձավ Մունդիալ: Չնայած մեծ սպասելիքներին՝ նրանք առաջնությունն ավարտեցին Անգլիայից ու Կոլումբիայից կրած պարտություններով ու Ռումինիայի հետ ոչ-ոքիով: Աֆրիկյան թիմը մասնակցեց նաև 2002 թվականին Հարավային Կորեայում ու Ճապոնիայում, ինչպես նաև 2006-ին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնություններին: 2018-ին Թունիսը վերադարձավ Մունդիալ ու կարողացավ պատմության մեջ երկրորդ հաղթանակ տանել աշխարհի առաջնությունում: Նրանք խմբում պարտվեցին Անգլիային ու Բելգիային և առավելության հասան Պանամայի նկատմամբ: Թունիսը երբեք չի հաղթահարել խմբային փուլի արգելքը: 

Անցած ճանապարհ

Թունիսի հավաքականն Աֆրիկյան գոտուց որակավորվեց Մունդիալին առանց որևէ դժվարության: Հյուսիսային Աֆրիկայի ամենակայուն հավաքականներից մեկը երկրորդ փուլում խմբից դուրս եկավ առաջին տեղով ու առանց խնդիրների: Հասարակածային Գվինեայի, Զամբիայի ու Մավրիտանիայի հետ պայքարում նրանք առաջինն էին: 

Ջալել Կադրիի թիմը որակավորման փուլի եզրափակիչ հատվածում մրցեց Մալիի հետ: Երկխաղյա դիմակայությունում Թունիսը ուժեղ էր մրցակցից: Երկու խաղերի արդյունքում հյուսիսաֆրիկացիները դժվարին հաղթանակի հասան ու որակավորվեցին Մունդիալ-2022-ի համար: 

Խաղաոճ-տակտիկա

Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչ Ջալել Կադրին հարձակողական ֆուտբոլի սիրահար է: Պատահական չէ, որ թե՛ որակավորման փուլի մրցաշարում, թե՛ Մունդիալին նախորդած ընկերական հանդիպումներում նա օգտագործում է իր սիրելի 4-3-3 խաղային սխեման: Սա նաև կարելի է պայմանավորել նրանով, որ նրա թիմում հարձակման գծում ուժեղ ֆուտբոլիստներ կան, որոնց շուրջ կարելի է կառուցել խաղը: 

Կադրին երբեմն շեղվում է իր փիլիսոփայությունից ու փոխում խաղային տակտիկան: Օրինակ «Կիրին գավաթ» մրցաշարում՝ Չիլիի հետ խաղում նա փոխեց խաղային սխեման՝ դաշտի միջին գծում օգտագործելով հինգ ֆուտբոլիստների: Այսպես նա հագեցրեց դաշտի կենտրոնն ու մրցակցին քիչ հնարավորություններ տվեց գնդակով խաղալու: Այդ խաղում Թունիսը հաղթեց 2-0 հաշվով: 

Կադրին խաղային սխեմայի փոփոխության գնաց նաև Մալիի հետ վիթխարի նշանակության խաղերում: Նա իր վինգերներին սկսեց օգտագործել եզրի ամբողջ երկայնքով՝ լատերալի դիրքում: Այդպես նա հավելյալ խորություն հաղորդեց պաշտպանությանը: Սա ևս արագորեն տվեց իր արդյունքը: 

Որքան էլ Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչը փորձում է անհրաժեշտության դեպքում փոխել խաղային սխեման, այնուամենայնիվ նրան համարում են պահպանողական մարզիչ, որը շատ հազվադեպ է հեռանում իր ֆուտբոլային գաղափարներից: Այնպես որ, Կադրին Մունդիալում նմանատիպ դրսևորումներից երևի թե հեռու կմնա: «Կարթագենի արծիվները», չնայած բարդագույն խմբին, կփորձեն խաղալ իրենց համար արդեն դասական դարձած 4-3-3-ով: Անկաշկանդ ֆուտբոլն ավելի լավ շանսեր կստեղծի նրանց մոտ: Խորը պաշտպանությունը հաստատ այս Թունիսի ուժեղ կողմերից չէ: 

Մարզիչը

Ջալել Կադրին այս տարի է գլխավորել ազգային հավաքականը: Սակայն սա չի նշանակում, որ մասնագետը նոր է ընտելանում Թունիսում մարզչական աշխատանքին: Դեռևս 2013 թվականին Կադրին եղել է ազգային թիմի մարզչական շտաբում՝ որպես օգնական: 2021 թվականին նա նույն կարգավիճակում միացավ հյուսիսաֆրիկացիների մարզչական շտաբին՝ այս անգամ կատարելով Մոնդեր Կեբայերի օգնականի պարտականությունները: Նախորդ գլխավոր մարզիչը հեռացվեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ Բուրկինա Ֆասոյի հետ խաղից հետո:

Գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց հենց Կադրին: Այս մասնագետը կարիերայի ընթացքում մոտավորապես 20 տարի աշխատել է Թունիսի ներքին առաջնությունում: Կադրին քաջ ծանոթ է այս երկրի ֆուտբոլային մշակույթին: Հավանաբար հենց այս հատկանիշներն էլ ստիպել են Թունիսի ֆեդերացիային նրան ընտրել որպես գլխավոր մարզիչ կարևորագույն մրցաշարին ընդառաջ: 

Գլխավոր աստղն ու խոստումնալից երիտասարդը

Թունիսի հավաքականի գլխավոր աստղը Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի ակումբակիցն է: «Քյոլնի» կիսապաշտպան Էլիես Սխիրին «Կարթագենի արծիվների» ամենակարևոր ֆուտբոլիստն է ոչ միայն այն պատճառով, թե որ ակումբում է խաղում, այլև, թե ինչ անկյունաքարային դերակատարում ունի ազգային թիմում: 

Սխիրին տիպիկ «բոքս-թու-բոքս» կիսապաշտպան է: Նա պաշտպանողական գործողություններում շատ է օգնում իր թիմին: Կարողանում է մաքրել ու մշակել այսպես կոչված երկրորդ գնդակները: Արդյունավետ է գործում նաև հարձակվելիս: Նրա հմտություններից է երկար փոխանցումները, որով փորձում է հարձակման կրակագծում՝ մրցակցի պաշտպանների թիկունքում, գտնել թիմակիցներին: 

Սխիրին երիտասարդ տարիքում ուներ հնարավորություն ընտրություն կատարելու Թունիսի ու Ֆրանսիայի հավաքականների միջև: Ֆուտբոլիստը ծնվել է Ֆրանսիայում, սակայն նրա վերջնական ընտրությունը կանգ է առել պատմական հայրենիքի վրա: Թունիսի հավաքականում Սխիրին մասնակցել է 48 հանդիպման: Խորհրդանշական է, որ այս Մունդիալում նա հնարավորություն կունենա հանդիպելու հենց Ֆրանսիայի հետ: 

Դաշտի կենտրոնում, իհարկե, կատաղի պայքար է լինելու, մանավանդ՝ Դանիայի ու Ֆրանսիայի հետ խաղերում: Պիեր Էմիլ-Հյոյբերգի, Քրիստիան Էրիկսենի, կամ էլ Օրելյան Չուամենիի ու Էդուարդո Կամավինգայի հետ պայքարելն ամենահեշտ գործը չէ, բայց Սխիրին պատրաստ է այս մարտահրավերներին: 

Թունիսի հավաքականում կա նաև երիտասարդ խաղացող, որից ևս սպասելիքները մեծ են: Խոսքն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 19-ամյա կիսապաշտպան Հանիբալ Մեջբրիի մասին է: Այս ֆուտբոլիստը արդեն հասցրել է նույնիսկ երեք պաշտոնական խաղի մասնակցել «Կարմիր սատանաների» կազմում: Մինչև մրցաշրջանի մեկնարկը նա մերժեց Էրիկ տեն Հագի թիմում մնալու ու Կրիշտիանու Ռոնալդուի կողքին խաղալու տարբերակը՝ միայն թե կայուն խաղաժամակ ստանար Կատարում իր տեղն ապահովելու համար: Հանիբալը հիմա «Բիրմինգեմում» է խաղում վարձակալությամբ: 

Հանիբալը խաղում է դաշտի միջին գծում: Նա կարողանում է մշտապես օգնության հասնել պաշտպաններին, բայց գրոհի ժամանակ ևս կարող է վտանգավոր լինել: Հեռանկարային կիսապաշտպանը բավականին լավ է հարվածում աջ ոտքով: Նա Մունդիալն օգտագործելու է ավելի բարձր կարգավիճակում «Օլդ Թրաֆորդ» վերադառնալու համար: 

Սպասելիքներ

Թունիսը վիճակահանության «տուժածներից» է: Նրանք հայտնվել են բարդագույն խմբում, որտեղից դուրս գալը հեքիաթի ժանրից կլինի: Մրցակիցներն են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, աստղային կազմ ունեցող ու ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրող Դանիան ու Ավստրալիան: Հյուսիսաֆրիկացիներն անկասկած այս խմբի հետնապահն են թղթի վրա, բայց այսպիսի մրցաշարերում ամեն ինչ էլ կարող է լինել:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ