Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
09:15 / 11.11.2022Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

Մունդիալի B խմբում յուրահատուկ հակամարտություն է սպասվում: Անգլիախոս երեք երկրներ կմրցեն Իրանի հավաքականի հետ: Հայաստանի հարավային հարևանի հետ նույն խմբում են Անգլիանյի, ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները:

VNews-ն արդեն հասցրել է ծանոթանալ Միացյալ Նահանգների թիմի հետ, այժմ հերթն իրանցիներինն է:

Անցած ճանապարհը

Ասիայի կոնֆեդերացիայում աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը բաղկացած է երեք փուլից: Առաջինին մասնակցում են 12 ամենաթույլ թիմերը, իսկ երկրորդում արդեն պայքարի մեջ են մտնում ուժեղագույնները: 40 թիմ բաժանվում է 5 մասնակցով 8 խմբի: Առաջին տեղ գրաված թիմը նվաճում է երրորդ փուլի ուղեգիր, իսկ մյուս 5 ուղեգիրը տրվում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով թիմերին: Իրանը C խմբում անսպասելիորեն լուրջ դիմադրության հանդիպեց իր հարևան Իրաքի կողմից: Արդյունքում վերջին տուրից առաջ «Առյուծները» 2 միավորով զիջում էին իրաքցիներին, որոնց պետք է ընդունեին սեփական խաղադաշտում: Սերդար Ազմունի խփած միակ գոլը Իրանի հավաքականին օգնեց խմբում գրավել առաջին տեղը:

Երրորդ փուլում ասիական 12 ուժեղագույն թիմերը բաժանվում են 2 խմբի, որում երկու լավագույնները Մունդիալի ուղեգիր են նվաճում, իսկ երրորդ տեղ գրաված հավաքականն անցումային հանդիպում է անցկացնում: Դրագան Սկոչիչի գլխավորած թիմը փայլուն ելույթ ունեցավ A խմբում՝ 10 խաղում տանելով 8 հաղթանակ, գրանցելով 1 ոչ-ոքի և կրելով ընդամենը 1 պարտություն, այն էլ՝ երբ արդեն ապահովել էր Մունդիալի ուղեգիրը: «Առյուծները» վաստակեցին 25 միավոր և 2-ով առաջ անցան Հարավային Կորեայից: 30 հնարավորից 25 միավորն Իրանի պատմության լավագույն ցուցանիշն է ընտրական փուլերում:

Խաղաոճ-տակտիկա

Իրանի հավաքականը հիմնականում խաղում է 4-1-4-1 սխեմայով: Գրոհների նախնական փուլում կարևոր նշանակություն ունի հենակետային կիսապաշտպանը, որի միջոցով թիմը անցնում է միջին գիծը, սակայն շատ թիմերի համեմատ այստեղ խաղի ընթացքում ռոտացիա է կատարվում: Եթե այդ դիրքի ֆուտբոլիտի խաղը լավ չի ստացվում, նա դիրքերով փոխվում է այլ ֆուտբոլիստի հետ:

Երբ թիմը հասնում է մրցակցի դարպասին, «Առյուծները» սկսում են սպասել մրցակցի պաշտպանների սխալին: Նրանք կարող են անթիվ եզրային փոխանցումներ կատարել, մինչև մեկը կստացվի: Այդ սխալին սպասելը կարող է երկար տևել, ուստի պատահական չէ, որ իրանցիների շատ խաղերում քիչ գոլեր են գրանցվում:

Հարձակման գծի ֆուտբոլիստները գլխով շատ լավ են խաղում, ցատկունակ են և ֆիզիկապես ամուր, ինչը թույլ է տալիս հաղթել դիրքային պայքարում: Այդ պատճառով եզրերից շատ փոխանցումները ֆուտբոլիստների ուժեղ կողմերի տրամաբանական օգտագործման միջոց է համարվում: 

90 րոպե շարունակ յուրաքանչյուր գնդակի համար անզիջում պայքարը իրանցիների այցեքարտն է: Այս թիմին հաղթելու համար բազմաթիվ մենապայքարներ է հարկավոր հաղթել, ինչը լուրջ փորձություն է «Առյուծների» ֆունկցիոնալ բարձր պատրաստության պատճառով:

Թիմը պրեսինգի և դիրքային պաշտպանության ժամանակ հաճախ խնդիրներ է ունենում, այդ պատճառով մարզիչները նախընտրում են ցածր բլոկով պաշտպանությունը, որպեսզի թվաքանակով վերացնեն անհատական սխալների թիվը:

Մարզիչը

Ամռանն իրանական ֆուտբոլում անսպասելի իրադարձություններ կատարվեցին: Հուլիսին ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ արեց հավաքականի գլխավոր մարզիչ Դրագան Սկոչիչին, որի գլխավորությամբ ազգային թիմը 14 պաշտոնական խաղում 12 հաղթանակ էր տարել: Որոշակի ուժեր ցանկանում էին գլխավոր մարզչի պաշտոնում տեղացի մասնագետի նշանակել: Արդյունքում, ֆեդերացիան և հավաքականի ֆուտբոլիստներից շատերը տարբեր ճամբարներում հայտնվեցին: 6 օր անց Սկոչիչը վերականգնվեց իր պաշտոնում մինչև Մունդիալի ավարտը: Օգոստոսին ֆեդերացիայում նոր ընտրություններ կատարվեցին և խորվաթ մասնագետը կրկին լքեց իր պաշտոնը: Արդյունքում, Իրանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձավ Կառլուշ Կեյրուշը:

Պորտուգալացի հանրահայտ մասնագետը 8 տարի (2011-2019 թվականներին) գլխավորել էր Իրանի հավաքականը, որին երկու անգամ դուրս էր բերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Մինչև այդ նման նվաճում Իրանի պատմության ընթացքում չէր գրանցվել:

Իրանից հեռանալուց հետո Կեյրուշը գլխավորեց Կոլումբիայի հավաքականը, որի հետ հասավ Կոպա Ամերիկայի քառորդ եզրափակիչ, այնուհետև ստանձնեց Եգիպտոսի ընտրանու ղեկը: 2022 թվականին Աֆրիկայի ազգերի գավաթում «Փարավոնները» հասան եզրափակիչ, որտեղ 11-մետրանոց հարվածաշարում պարտվեցին Սենեգալին: Ամիսներ անց այդ թիմերը վիճարկում էին նաև Մունդիալի ուղեգիրը, և կրկին 11-մետրանոցներով ավելի ուժեղ էր Սենեգալը: Կրկնակի դրամայից հետո Կեյրուշը երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը Եգիպտոսի հավաքականի հետ:

Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչը Իրան վերադառնալուց հետո ընդամենը 2 խաղի է հասցրել մասնակցել: Մեկում թիմը ոչ-ոքի (1:1) խաղաց նույն Սենեգալի հետ, ինչպես նաև 1:0 հաշվով հաղթեց Ուրուգվային: Մեկ բան պարզ է: Որքան էլ մեր հարևանների թիմում մարզչական փոփոխությունները շատ են, միևնույն է՝ նրանք նշանակել են այնպիսի մասնագետ, որն ամեն ինչ գիտի իրանցի ֆուտբոլիստների մասին:

Գլխավոր աստղը

Իրանի հավաքականի հարձակման գիծն ամենաաստղայինն ու որակյալն է: Թիմի առաջատարները խաղում են եվրոպական ուժեղ լիգաների թոփ ակումբներում: Երկար ժամանակ իրանցիների աստղն ու առաջատարը Սերդար Ազմունն էր, սակայն 2022-ին գերմանական «Բայեր» տեղափոխվելուց հետո նա կորցրել է նախկին արդյունավետությունը, ինչպես նաև չի խաղում իր հարազատ դիրքում: Բացի այդ, «Զենիթի» նախկին ֆուտբոլիստը երկրում վերջին դժգոհությունների ժամանակ քննադատների կողմն է անցել, ինչի պատճառով նրա դերը ազգային թիմում կարող է սասանվել:

Նման պարագայում Իրանի հավաքականի գլխավոր աստղն է դարձել Մեհդի Տարեմին: 30-ամյա ֆուտբոլիստը բավականին ուշ՝ 27 տարեկանում հասավ Եվրոպա: Սկզբում պորտուգալական «Ռիու Ավե», իսկ հետո տրանսֆեր «Պորտու», որի կազմում փայլում է: Իրանցին 2 տարում մասնակցել է 100-ից ավելի գոլի՝ 62 գոլ + 42 ասիստ:

Այս մրցաշրջանում նրա արդյունավետությունը նաև տարածվում է Չեմպիոնների լիգայում: Անցկացրած 5 խաղում իրանցին 5 գոլ է խփել:

Տարեմիի հիմնական արժանիքներից 187 սմ հասակի պարագայում շարժունակությունն է, ճարպկությունն ու ճկունությունը: Աթլետիզիմի շնորհիվ հարձակվողը կարող է նույնիսկ շրջադարձ հարվածով գոլ խփել, ինչպես դա արեց նախանցած մրցաշրջանում՝ գրավելով Լոնդոնի «Չելսիի» դարպասը։ Այդ գոլը ճանաչվեց լավագույնը Չեմպիոնների լիգայում:

Իրանի հավաքականի խաղը ամբողջությամբ հարմար է Մեհդիի խաղին, ինչի շնորհիվ նա ազգային թիմի կազմում արդեն 27 գոլ է խփել ու 13 ասիստ գրանցել: Եվ նրա արդյունավետությունը գնալով բարձրանում է։

Սպասելիքները

Հին աշխարհում ներկայիս Իրանի տարածքում բնակվել են մոլորակի բնակիչների կեսը: Այդ պատճառով այդ տարիների Պարսկաստանը համարվում է պատմության ամենախիտ բնակչությամբ երկիրը: Այժմ Իրանում գրեթե 87 միլիոն մարդ է բնակվում: Այդուհանդերձ, վերջին տասնամյակի ընթացքում Կառլուշ Կեյրուշը այլ երկրներում իրանական արմատներ ունեցող ֆուտբոլիստներ էր փնտրում: Այդ մարտավարությունն աշխատեց, և թիմը նախորդ 2 Մունդիալների ուղեգիր նվաճեց: Սակայն այժմ թիմում առաջատար դերակատարում ունեն նաև տեղական ֆուտբոլից դուրս եկած խաղացողները:

Թիմն ունի բնավորություն, ինչպես նաև հսկայական մոտիվացիա իրեն ցույց տալու համար: Հաշվի առնելով իրանցիների բարդ հարաբերություններն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ՝ «Առյուծները» փորձելու են իրենց պատմության լավագույն ելույթն ունենալ Մունդիալում: Դրա համար բավական կլինի խմբից դուրս գալը: Եթե Անգլիան այստեղ մրցակցությունից դուրս է, ապա անկոտրուն իրանցիներին նույնիսկ 4-6 միավորը կարող է բավարար լինել փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Դրա համար հարկավոր կլինի խաղալ անմնացորդ նվիրումով, ինչն իրանցիների հաղթաթուղթն է։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ