Գանան այն յուրահատուկ հավաքականն է, որը Մուդնիալում նորամուտի մրցաշարում միանգամից դուրս է եկել փլեյ-օֆֆ (ԱԱ-2006), իսկ հաջորդ անգամ նույնիսկ գերազանցել այդ արդյունքը (ԱԱ-2010): Դրան հաջորդել է մեկական հետ քայլ (խմբային փուլ + Մունդիալի բաց թողում), իսկ հիմա կարծես ժամացուցյը նոր շրջան է սկսում:
Կատարում «Սև աստղերն» ընդգրկված են ամենալայն աշխարհագրություն ունեցող խմբերից մեկում, որտեղ հին հաշիվներ ունեն 3-ից 2 թիմի հետ:
VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Հաջորդ հանգրվանը Գանայի հավաքականն է:
Անցած ճանապարհը
Ինչպես վայել է Աֆրիկայի ուժեղագույն հավաքականներին, Գանան Մունդիալի ընտրական փուլում մեկնարկեց երկրորդ փուլից, որտեղ 40 թիմեր բաժանվում են 10 խմբի: Գանացիների համար վերջին պահերին փրկվելու նշանաբանով անցած ընտրական փուլը սկսվեց արդեն այդտեղ: Վերջին տուրից առաջ G խմբում Գանան վաստակել էր 10 միավոր, իսկ առաջատարը ՀԱՀ-ը` 13: Բայց վերջին տուրում այդ թիմերը պետք է հանդիպեին միմյանց: 11-մետրանոց հարվածով Անդրե Այուի խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց «Սև աստղերին»:
Ուշագրավ է, որ Յոհանեսբուրգում ՀԱՀ-ն էր հաղթել նույն հաշվով, իսկ խփած ու բաց թողած գոլերի հաշվարկում հավասարություն էր` +4: Արդյունքում, Գանան հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց մեկ գոլ ավելի խփելու շնորհիվ` 7-6:
Բայց սա դեռ սկիզբն էր: Մունդիալի ուղեգրի համար պայքարում բոլոր 10 խմբերի հաղթողները բաժանվեցին երկուական զույգի և որոշեցին 5 ընտրյալները, որոնք Աֆրիկան պետք է ներկայացնեին Կատարում: Գանայի հավաքականի մրցակիցը հզոր Նիգերիան էր:

Ահա այստեղ հարկավոր է հղում կատարել վերնագրին…
2021 թվականից Եվրոպայում և աշխարհի շատ վայրերում չեղարկվեց արտագնա գոլի կանոնը, բայց Աֆրիկայում որոշեցին չշտապել: Հին կանոնն ուժի մեջ մնաց, և դա օգնեց գանացիներին:
Մարտի 25-ին Կումասիում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: 4 օր անց Աբուջայում 60 հազար երկրպագուների ներկայությամբ հաշիվը բացեց Գանայի հավաքականի առաջատար Թոմաս Պարտին: Նիգերացիներին հաջողվեց պատասխան գոլը խփել, բայց ոչ ավելին: Իսկ հյուրերի կատարած միակ հարվածը դարպասին Մունդիալի ուղեգիր պարգևեց: Աշխատեց արտագնա գոլի կանոնը:
Խաղաոճ-տակտիկա
Գանայի հավաքականն այն քչերից է, որը դեռ հստակ ձևավորված խաղաոճ չունի: Թիմում լուրջ փոփոխություններ են կատարվել, և մարզիչը պետք է ըստ այդ նորեկների կառուցի խաղը: Մեկ տարուց ավելի է՝ աֆրիկյան երկրի ֆուտբոլային ղեկավարները գանական արմատներով ֆուտբոլիստներին ազգային թիմ բերելու լայնամասշտաբ արշավ են սկսել: Այդպես, երկար բանակցություններից հետո վերջապես հաջողվեց համեզել անգլիական «Բրայթոնի» լատերալ Տարիկ Լամփթիին, ինչպես նաև Բիլբաոյի «Աթլետիկի» առաջատար Ինյակի Ուիլյամսին: Հարձակվողը 2016 թվականին 1 ընկերական խաղ էր անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում, բայց 6 տարի առաջարկ չստանալուց հետո որոշեց օգնության հասնել իր մյուս հայրենիքին:

Գանայում փորձում էին ազգային թիմ հրավիրել «Չելսիի» վինգեր Կալում Հադսոն-Օդոյիին, որը վարձակալությամբ խաղում է գերմանական «Բայերում», ինչպես նաև «Արսենալի» հարձակվող Էդի Նկետիային, բայց անհաջողության մատնվեցին:
Բացի այդ, վնասվածք են ստացել և Կատար չեն մեկնել հիմնական երկու դարպասապահները` Ջոջո Վոլակոտը և Ռիչարդ Օֆորին:
Փոխարնեը, Ինյակի Ուիլյամսի, Ջորդան և Անդրե Այու եղբայրների, ինչպես նաև «Այաքսի» նոր առաջատարներից Մոհամեդ Կուդուսի ներկայությունը հսկայական ներուժ են տվել «Սև աստղերին», բայց մնում է դրանից ճիշտ օգտվել: Նախկինում թիմը հաջողության հասել է գրագետ տակտիկայի և մրցակցի սխալները որսալու մարտավարությամբ: Արդյո՞ք մարզիչը կկարողանա վերադասավորել խաղը և այն ավելի հարձակողական դարձնել:
Մարզիչը
2022 թվականի փետրվարից Գանայի հավաքականը գլխավորում է անվանի ֆուտբոլիստ Օտո Ադոն: Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մոտ 100 խաղ անցկացրած և Բունդեսլիգայի չեմպիոն դարձած աֆրիկացին 2009 թվականին «Համբուրգում» մարզչական աշխատանք սկսեց, այնուհետև 2013-ից դարձավ Գանայի հավաքականի սկաուտը: 3 տարի անց նա արդեն Դանիայում էր և «Նորշելանում» դարձել էր Կասպեր Յուլմանի օգնականը: Նույն Յուլմանի, որն այժմ գլխավորում է Դանիայի հավաքականը: Հետո Ադոն աշխատեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», ապա նաև Դորտմունդի «Բորուսիայում»: Հարազատ ակումբում նա սկզբում Էդին Թերզիչի օգնականն էր, իսկ 2021-ից մարզիչ-սկաուտը: Նա այդ պաշտոնը համատեղում է Գանայի հավաքականում աշխատանքի հետ:
«Սև աստղերի» թիմում Օտոն միացավ Միլովան Ռաևացի շտաբին: Գանայում շատերը սերբ մասնագետին անվանում են երկրի պատմության լավագույն մարզիչը: Նրա հետ թիմը 2010-ին հասավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, սակայն Գանա վերադառնալուց կես տարի անց Ռաևաց հեռացավ զբաղեցրած պաշտոնից, իսկ գլխավոր մարզիչ նշանակվեց Ադոն:

Նիգերիայի դեմ անցումային խաղերում հենց Օտոն էր թիմի ղեկին և առաջին լուրջ փորձությունը հաջող հանձնեց: Գերմանիայում և Դանիայում մեծ փորձ հավաքած գանացին Մունդիալի ուղեգիր նվաճելուց հետո անցավ փորձարկումների ռեժիմին: Նոր սխեմաներից էին 4-3-3-ը, 4-4-2-ը, հետո՝ 3-5-2-ը, որը ձախողվեց Ճապոնիայի դեմ ընկերական խաղում` պարտություն 1:4 հաշվով: Վերջին 4 հանդիպումներում Գանայի հիմնական սխեման 4-2-3-1-ն է: Տպավորություն կա, որ հենց իսպանական սխեմայով էլ աֆրիկացիները կսկսեն Մունդիալը:
Գլխավոր աստղը
Որքան էլ կարևոր է, որ Ինյակի Ուիլյամսի պես ֆուտբոլիստը միացել է Գանայի հավաքականին և նույնիսկ հասցրել 3 խաղի մասնակցել, միևնույն է՝ աֆրիկյան թիմի առաջատարն ու գլխավոր աստղը շարունակում է մնալ Թոմաս Պարտին:
2 տարի առաջ Լոնդոնի «Արսենալը» նրա տրանսֆերի համար 50 միլիոն եվրո էր վճարել, սակայն մեկնարկային խնդիրներից հետո արդեն այս մրցաշրջանում Թոմասը հավակնում է աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպաներից մեկի կոչմանը:
Լոնդոնում փայլուն խաղը նաև դրական է ազդում հավաքականի կազմում նրա ելույթների վրա: Պարտին «Սև աստղերի» կազմում անցկացրած վերջին 8 խաղում 5 գոլի է մասնակցել: Բայց գոլերն ու ասիստները միայն բոնուս են կիսապաշտպանի խաղում: 29-ամյա ֆուտբոլիստը թիմի ուղեղն է: Ազգային թիմի գրեթե բոլոր գրոհները Պարտիի միջոցով են զարգանում: Նա է ընտրում խաղային ռիթմը և գնդակի շարժման ուղությունը:

Առանց գնդակի նրա աշխատանքը նույնպես ահռելի է: Հատկապես հարձակողական ոճի 4 ֆուտբոլիստների առկայության պարագայում, հենց Պարտին է ստիպված ապահովագրել նրանց թիկունքը, պայքար մղել գնդակը վերադարձնելու և խաղադաշտի կենտրոնի համար: Եթե Պարտիի խաղը ստացվում է, հաճախ հաջող են ընթանում նաև Գանայի գործերը:
Սպասելիքները
ԱԱ-2022-ում Գանան ընդգրկված է H խմբում, որտեղ մրցակիցներն են Պորտուգալիան, Ուրուգվայը և Հարավային Կորեան: Եթե ասիացիների հետ գանան նախկինում հանդիպել է միայն ընկերական մրցավեճերում, ապա մյուս երկուսի հետ, տարբեր պատճառներով, հատուկ դիմակայություն է սպասվում:
Առաջին մրցակիցը Պորտուգալիան է: 15-րդ դարում պորտուգալացիները գրավել են Գանան և իրենց գաղութը դարձրել: Եվրոպացիները աֆրիկյան երկրին «Ոսկե ափեր» անվանումն են տվել և մինչև 17 դարի կեսերը օգտվել այդ երկրի հարստություններից: Պատահական չէ, որ մինչև հիմա Գանայում կանգուն են պորտուգալացիների կառուցված ամրոցները և հիմա դրանք տեսարժան վայրեր են համարվում տուրիզմի համար:
Հետո Գանան անցել է բրիտանացիների վերահսկողության տակ և մինչև օրս անգլիական հետքն այնտեղ ակնառու է: Պատահական չէ, որ անգլերենը Գանայի հիմնական լեզուներից մեկն է: Ուշագրավ է, որ երկրում պաշտոնական 11 լեզու կա, ուստի տեսականորեն հավաքականի մեկնարկային կազմում կարող են 11 տարբեր լեզուներով խոսող ֆուտբոլիստներ ընդգրկվել:
Ինչ վերաբերվում է Ուրուգվային, ապա Գանայի և հարավամերիկացիների միջև դիմակայությունը միայն մեկ էջ ունի, բայց՝ անմոռանալի: ԱԱ-2010-ի քառորդ եզրափակիչում Գանան մեկ ոտքով կիսաեզրափակիչում էր, ինչը որևէ աֆրիկյան թիմի չի հաջողվել: Քառորդ եզրափակիչի ավելացրած ժամանակի վերջին րոպեին գնդակն ընթանում էր Ուրուգվայի դարպասը, երբ հանկարծ հարձակվող Լուիս Սուարեսը ձեքերով հեռացրեց այն` դառնալով Մունդիալների պատմության ամենահիշարժան սեյվերից մեկի հեղինակը:

11-մետրանոցն Ասամոա Գյանն անհաջող իրացրեց, իսկ հետխաղյա հարավածաշարում Ուրուգվայն ավելի դիպուկ էր:
Այդ սկանդալային խաղից առաջ և հետո Գանան և Ուրուգվայը երբեք չէին հանդիպել: Այժմ նրանց ճանապարհը կխաչվեն Կատարում՝ խմբային փուլի վերջին տուրում: Ամենայն հավանականությամբ, այդ խաղից առաջ թիմերից մեկը կամ նույնիսկ երկուսն էլ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերած չեն լինի և պատմական ռևանշը կդառնա աշխարհի ուշադրության զարդերից մեկը:
Կարդացեք նաև
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ճապոնիան բարդ խմբում է, բայց կռիվ է տալու լավագույն արդյունքը կրկնելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնին խոցած թիմը հրաշալի կազմ ունի նորից սենսացիա կերտելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Գերմանիայի հավաքականը կփորձի կիսել բրազիլացիների համաշխարհային ռեկորդը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մեկ քայլ է մնում Անգլիային՝ «ֆուտբոլը տուն բերելու համար»
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնը սուպերկազմով կփորձի կրկնել 60 տարվա վաղեմության սխրանքը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բելգիայի հավաքականի «ոսկե սերնդի» վերջին հնարավորությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ռոնալդուն ամեն ինչ կանի՝ վերջին փամփուշտը դիպուկ կրակելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի «ստվերային ֆավորիտը», որը հաղթում է աշխարհի չեմպիոնին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սուպերսերունդի առաջին փորձը, որը կարող է չեմպիոնական դառնալ
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սոնն ու ընկերները կփորձեն կանգնեցնել Պորտուգալիային ու Ուրուգվային
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Փախստականներից կազմված հավաքական, որի հաջողություններն այլևս անակնկալ չեն կարող համարվել


