Կամերունական ֆուտբոլում շատ բան է փոխվել վերջին տարիների ընթացքում: Գլխավոր փոփոխությունը տեղի ունեցավ 2021-ի դեկտեմբերին, երբ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Սամուել Էտո՛օ-ն՝ Կամերունի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (56 գոլ): «Համառ առյուծները» մեկնում են Կատար՝ մասնակցելու իրենց պատմության 8-րդ աշխարհի առաջնությանը (ռեկորդային ցուցանիշ՝ աֆրիկյան երկրների համար): Թիմի ավագ Վենսան Աբուբակարն ու ընկերներն ամեն ինչ անելու են երկրի պատիվը բարձր պահելու և լավ մրցաշար անցկացնելու համար:
VNews-ը շարունակում է ներկայացնել աշխարհի առաջնության մասնակիցներին: Հերթը Կամերունի հավաքականինն է՝ G խմբից:
Անցած ճանապարհ
Կամերունն ԱԱ-2022-ի որակավորման փուլում նույն խմբում էր ընդգրկված աֆրիկյան «ծանրքաշայիններից» մեկի՝ Կոտ դ՛Իվուարի հավաքականի հետ, բայց հրաշալի խաղաց՝ անցկացրած 6 խաղում տանելով 5 հաղթանակ, ու իվուարցիներից կրած այդ միակ պարտությունը ոչինչ չորոշեց:
Հաջորդ՝ անցումային փուլում Կամերունի հավաքականի մրցակիցն Ալժիրն էր, որի հետ Սոնգի գլխավորած թիմն անցկացնելու էր երկխաղյա դիմակայություն: Առաջին խաղում Կամերունը տանը պարտվեց 0-1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը չափազանց դրամատիկ ստացվեց: Էրիկ Չուպո-Մոտինգը հավասարություն մտցրեց դիմակայությունում, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 118-րդ րոպեին Ալժիրի հավաքականի կազմում աչքի ընկավ Ահմեդ Տուբան, բայց լրացուցիչ ժամանակին մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին Կառլ-Տոկո Էկամբին, ի վերջո, հաղթանակի նժարն իր թիմի կողմը թեքեց ու կամերունցիներին Կատարի ուղեգիր պարգևեց:
/origin-imgresizer.eurosport.com/2022/01/29/3299906-67478388-2560-1440.jpg)
Խաղաոճ-տակտիկա
Աֆրիկայի ազգերի գավաթի նախորդ մրցաշարը շատ լավ ցույց է տալիս, թե ինչ խաղ է պետք սպասել Կամերունի հավաքականից Կատարում: Նրանք գնդակի վերահսկողության ցուցանիշով երրորդն էին (միջինը՝ 59 տոկոս), լավագույնն էին գոլերի քանակով (14) ու երկրորդը՝ դիպուկ հարվածներով (10):
Կամերունի հավաքականն ամենաբալանսավորված ու կոմպակտ աֆրիկյան թիմերից է, որն ունի փորձառու և հուսալի պաշտպանություն (որակավորման փուլում՝ բաց թողած ընդամենը 3 գոլ), ֆիզիկապես հզոր միջին գիծ և արագ հարձակում:
Սոնգի տղաները սիրում են խաղալ կարճ ու արագ փոխանցումներով մրցակցի տուգանայինի մատույցներում, մեծ թվով բարձրից եզրային փոխանցումներ են կատարվում՝ հաշվի առնելով, որ հարձակման գծում գործում են Կառլ-Տոկո Էկամբին, Վենսան Աբուբակարը և Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեկ հպումով դիպուկ հարվածներ կատարել: Բայց այս երեքը հազվադեպ են միասին լինում խաղադաշտում. թերևս միայն այն ժամանակ, երբ Սոնգը նախընտրում է 4-4-2 սխեման, բայց Կամերունի հիմնական տակտիկան 4-3-3-ն է, երբ Էկամբին գործում է ձախից, իսկ աջ եզրում՝ Նիկոլաս Մոումի Նգամելուն: Հարձակմանը շատ է միանում նաև եզրային պաշտպան Քոլինս Ֆաին, որի՝ եզրերից կատարած փոխանցումները նույնպես շատ վտանգավոր են:

Կամերունցիների մյուս ուժեղ կողմը դաշտի միջին հատվածն է: Սոնգը, որպես կանոն, ընտրում է ամուր ֆուտբոլիստների, որոնք կարող են ֆիզիկապես գերազանցել մրցակիցների, ինչպես նաև ընտրում է խաղացողների, որոնք շատ լավ են գնդակի հետ վարվում ու կարող են ապահովել թիմի անցումը պաշտպանությունից հարձակում:
Մարզիչը
Բացի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունից, փոխվեց նաև թիմի գլխավոր մարզիչը: Այս տարվա փետրվարին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Ռիգոբերտ Սոնգը՝ կամերունական ֆուտբոլի լեգենդը, որն ազգային հավաքականում անցկացրած խաղերի թվով ռեկորդակիր է (137 խաղ): Հայրենիքին նվիրված այս մասնագետի գլխավոր նպատակն իր ազգին ֆուտբոլային հպարտություն կրկին բերելն է՝ ԱԱ-2018-ին բացակայելուց հետո:
Ռիգոբերտ Սոնգն աստիճանաբար է հասել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին: Նախկինում նա գլխավորել է Կամերունի երիտասարդական թիմերը, այդ թվում՝ Մ23 տարիքայինների հավաքականը: 45-ամյա մասնագետն իր փորձը կփոխանցի ֆուտբոլիստներին. նա 4 անգամ մասնակցել է աշխարհի առաջնությունների՝ 1994-ից 2010-ի ընթացքում:

Սոնգը վստահ է՝ Կամերունն իր հետքը թողնելու է Կատարում կայանալիք մրցաշարում. «Որակավորման փուլում մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք: Շարունակում ենք վստահ լինել մեր ուժերին ու պատրաստվում ենք դժվարություններ ստեղծել մեր մրցակիցների համար»,- ասել է մարզիչը։
Գլխավոր աստղը
Կամերունցիների գլխավոր աստղը «Նապոլիի» կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան է՝ գուցե աշխարհում այս պահին լավագույն մարզավիճակում գտնվող կամերունցի ֆուտբոլիստը: Նախորդ մրցաշրջանում Անգիսան արդեն տպավորում էր, իսկ այս տարի դարձել է թոփ կիսապաշտպան, որն ունի ամեն ինչ՝ ֆիզիկապես ամուր, տեխնիկապես պատրաստված, արագ, կրեատիվ, հրաշալի է գործում թե՛ մրցակցի գրոհները զսպելու, թե՛ իր թիմի գրոհները կազմակերպելու հարցում, ինչի շնորհիվ էլ նա ունի երաշխավորված տեղ մեկնարկային կազմում:
26-ամյա Անգիսան այժմ շատ ավելի հասուն ֆուտբոլիստ է, եթե համեմատենք 2018-ին «Ֆուլհեմում» խաղացող կիսապաշտպանի հետ: Նրա վճռականությունն ու հզոր անհատականությունը մեծ ազդեցություն են ունենում ինչպես «Նապոլիի» (Սպալետիի թիմը գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայի իր խմբում գրավեց առաջին տեղը՝ գերազանցելով «Լիվերպուլին»), այնպես էլ՝ հավաքականի խաղի վրա:

Իհարկե՝ պետք է նշել նաև թիմի թալիսմանին ու փորձառու հարձակվողին՝ Վենսան Աբուբակարին, որը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի լավագույն ռմբարկուն՝ խփած 8 գոլով. «Մենք չենք վախենում Բրազիլիայից: Մենք նույնպես մեծ ֆուտբոլային երկիր ենք և ուժեղ թիմ ունենք, կարող ենք շատ հեռուն գնալ: Սիրում ենք, երբ մեր ֆուտբոլն է խոսում»,- հայտարարել է 30-ամյա հարձակվողը:
Սպասելիքները
Կամերունի հավաքականն ընդգրկված է G խմբում՝ Բրազիլիայի, Շվեյցարիայի ու Սերբիայի հավաքականների հետ: Եթե այս մրցաշարում կա մահվան խումբ, ապա դա հենց G խումբն է:
Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներից է, Սերբիայի հավաքականն ունի շատ հզոր թիմ (Դուշան Տադիչ, Դուշան Վլահովիչ, Լուկա Յովիչ, Ֆիլիպ Կոստիչ և այլք), ու շատ լավ որակավորման փուլ անցկացրեց՝ առաջ անցնելով Պորտուգալիայից, դե իսկ Շվեյցարիայի հավաքականն էլ այսպիսի մրցաշարերում փորձված ու նույնպես լավ կազմ ունեցող թիմ է՝ տարբեր օղակներում ունենալով թոփ ֆուտբոլիստներ: Այնպես որ՝ Կամերունի համար այս խմբից դուրս գալը դժվար է լինելու:
Բայց, եթե մի պահ պատկերացնենք, որ Կամերունը խումբը հաղթահարում է երկրորդ տեղով, ապա 1/8 եզրափակիչում նրանց մրցակիցը կարող է լինել H խմբի հաղթողը, որը նույնպես, մեծ հավանականությամբ, թոփ հավաքական է լինելու (Պորտուգալիա կամ Ուրուգվայ):
Այնուամենայնիվ, Կամերունի հավաքականն այն 3 աֆրիկյան թիմերից է, որը հասել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Կկարողանա՞ն «Համառ առյուծները» խառնել մրցակիցների ծրագրերն ու մահվան խմբից ողջ դուրս գալ...
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում


