Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցի», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:28 / 15.11.2022Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Հերթը Մեքսիկայի հավաքականինն է, որն աշխարհի առաջնություններին մասնակցելու մեծ փորձ ունի: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Հյուսիսային Ամերիկայում տեղակայված երկրի ազգային հավաքականը, որն առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1930 թվականին, միայն 3 դեպքում չի նվաճել Մունդիալի հիմնական մրցաշարի ուղեգիր (1934, 1974 և 1982 թվականներին): Դրանից բացի, Մեքսիկայի հավաքականը դուրս է մնացել 1938 թվականի Մունդիալի եզրափակիչ մրցաշարից, իսկ 1990 թվականի ԱԱ-ին չի մասնակցել որակազրկման պատճառով, քանի որ խախտել էր 1988 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի հավաքականի տարիքային սահմանափակման կանոնը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 13-րդ տեղը զբաղեցնող «Եռագույններն» ընդգրկված են C խմբում և կմրցեն Արգենտինայի, Լեհաստանի ու Սաուդյան Արաբիայի հավաքականների հետ: Արաբական թիմը, իհարկե, միակն է, որ այս խումբը հաղթահարելու շանսեր գրեթե չունի: Խմբի հաղթողի գլխավոր հավակնորդն արդեն երկար ժամանակ անպարտելի Արգենտինայի հավաքականն է, իսկ լեհերն ու մեքսիկացիներն ունեն գրեթե հավասար հնարավորություններ: Այժմ Մեքսիկայի հավաքականին անդրադառնալու ժամանակն է:

Անցած ճանապարհ

Մեքսիկայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեկնարկել է Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ընտրական գոտու երրորդ էտապից: 14 խաղից հետո մեքսիկացիներն 8 հավաքականների պայքարում վաստակել են 28 միավոր ու զբաղեցրել երկրորդ տեղը՝ նվաճելով աշխարհի առաջնության հիմնական մրցաշարի ուղեգիր: Մեքսիկայի հավաքականը 14 խաղում տարել է 8 հաղթանակ, կրել 2 պարտություն, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի (խփած և բաց թողած գոլերը՝ 17:8): 

Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ին Մեքսիկայի հավաքականն ընդգրկված էր F խմբում: Թիմին հաջողվեց հաղթահարել խմբային փուլը, որից հետո՝ 1/8 եզրափակիչում, 0-2 հաշվով պարտվեց Բրազիլիայի հավաքականին: Առհասարակ, Մեքսիկայի հավաքականը 1990 թվականի ԱԱ-ն որակազրկման պատճառով բաց թողնելուց հետո մշտապես հաղթահարել է խումբը ու պայքարից դուրս մնացել 1/8 եզրափակիչում (7 անգամ): Հատկանշական է, որ Մեքսիկայի հավաքականն արդեն որակավորվել է 2026 թվականի աշխարհի առաջնությանը՝ որպես մրցաշարը համատեղ ընդունող երկիր: 

Խաղաոճ-տակտիկա

Մեքսիկայի հավաքականի միջին տարիքը 27.7 է, ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 199.60 միլիոն եվրո, ամենաթանկարժեք խաղացողն «Այաքսի» հենակետային կիսապաշտպան Էդսոն Ալվարեսն է (35 միլիոն եվրո): Մեքսիկայի հավաքականն ունի շատ հստակ ու ընդգծված մարտավարություն՝ 4-3-3 տակտիկական սխեմայով: Հավաքականի խաղաոճը կառուցված է գնդակի հսկողության, խաղին տեմպ հաղորդելու ու ագրեսիվ հակապրեսինգի շուրջ: Անկախ մրցակցից, Մեքսիկայի հավաքականը ձգտել ու ձգտում է խաղալ առաջին համարով: Այս գործոնն անցյալում շատ հարվածներ է հասցրել մեքսիկացիներին, բայց նաև պարգևել է շատ առանձնահատուկ պահեր: Մեքսիկայի հավաքականի ամեն մի խաղացողի նայելիս ակներև են երկրի պատիվը պաշտպանելու նվիրվածությունն ու հպարտությունը: Մեքսիկայի հավաքականն էներգիա, ինտենսիվություն ու ագրեսիա կբերի Կատար:

Այս թիմն ունի տաղանդավոր երիտասարդների խումբ, որ նոր է թափ հավաքում: Ընդհանուր առմամբ, Մեքսիկայի այս հավաքականը տաղանդավոր երիտասարդների ու կարգը վաղուց ապացուցած վետերանների խառնուրդ է:

Մեքսիկայի հավաքականի գլխավոր խնդիրը գնդակին տիրելու առավելությունը նպաստավոր գոլային պահերի վերածել չկարողանալն է: Անգլիական «Վուլվերհեմփթոնի» գոլահար Ռաուլ Խիմենեսը հայտավորվել է, սակայն դժվար է ասել՝ կկարողանա՞ ելույթ ունենալ անհրաժեշտ խաղամակարդակով, քանի որ շարունակում է մարզավիճակ հավաքել վնասվածքից հետո: Նրա ցանկալի վերադարձը կարող է շատ հարցերի պատասխաններ տալ, այլապես հարձակման ամբողջ բեռը կընկնի իտալական «Նապոլիի» վինգեր Իրվինգ Լոսանոյի ուսերին:

Որակավորման մրցաշարում Մեքսիկայի հավաքականը 14 խաղում բաց թողեց 8 գոլ՝ ամենաքիչը Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի ընտրական գոտու թիմերի պայքարում: Մեքսիկայի հավաքականի դեպքում գնդակին տիրելը պաշտպանության լավագույն ձևն է: 

Այնուամենայնիվ, Արգենտինայի հավաքականի դեմ խաղում մեքսիկացիները, ըստ ամենայնի, կգործեն 4-4-2 տակտիկական սխեմայով՝ հետընթացի ավելի հեշտ հնարավորություններ ստեղծելու համար: 

Մարզիչը

Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հավաքականի ղեկն ստանձնել է 2019 թվականի հունվարի 7-ին: Ավելի վաղ Տատան գլխավորել է Պարագվայի ու Արգենտինայի հավաքականները, ակումբային մակարդակում՝ «Բարսելոնան» ու այլ թիմեր: Մեքսիկայի հավաքականի ղեկին Խերարդո Մարտինոն անցկացրել է 62 խաղ, տարել 41 հաղթանակ, կրել 10 պարտություն, 11 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Նրա գլխավորությամբ Մեքսիկայի հավաքականն այդ խաղերում խփել է 123 գոլ, բաց թողել 58-ը:

Խերարդո Մարտինոն նախընտրում է հարձակողական մարտավարություն՝ 4-3-3 տակտիկական դասավորությամբ: 

Արգենտինացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում նվաճել է 7 տիտղոս (Պարագվայի քառակի չեմպիոն, MLS-ի հաղթող, Իսպանիայի սուպերգավաթակիր, Gold Cup-ի հաղթող):

Գլխավոր աստղը

Մի քանի տարի առաջ այս «պաշտոնը» բաժին կհասներ Ռաուլ Խիմենեսին, բայց քանի որ նա վնասվածքի պատճառով այժմ օպտիմալ մարզավիճակում չէ, Իրվինգ Լոսանոն այն խաղացողն է, որ պիտի առաջնորդի մեքսիկացիներին: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լոսանոն առաջատար «Նապոլիի» կազմում մասնակցել է 14 խաղի, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում, իսկ ՉԼ-ում անցկացրած 5 խաղում աչքի է ընկել 1 գոլով: Ընդհանուր առմամբ՝ Լոսանոն շատ տպավորիչ ելույթներ է անցկացնում ընթացիկ մրցաշրջանում: 

Իրվինգ Լոսանոն Մեքսիկայի հավաքականում շատ ավելի միտված է հարձակողական գործողություններ կատարելուն, խաղում է փլեյմեյքերի դիրքում, նաև մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում: 

Լոսանոն ոչ միայն Մեքսիկայի հավաքականի ամենատաղանդավոր, այլև ամենահետևողական խաղացողն է: Նրա արդյունավետությունը կենսական նշանակություն կունենա ընտրանու համար ինչպես արդյունավետ գործողությունների կատարման, այնպես էլ գոլային հնարավորությունների ստեղծման տեսանկյունից:

Չենք մոռանում նաև դարպասապահ Գիլյերմո Օչոային, որի համար այս Մունդիալը, ըստ ամենայնի, կլինի վերջինը: Երբ գալիս է աշխարհի առաջնությունը, գալիս է նաև Օչոայի «ոսկե ձեռնոցը», որով նա բազմաթիվ ֆանտաստիկ սեյվեր է կատարում՝ նոր որակ տալով ինքն իր խաղին:

Սպասելիքները

Մեքսիկայի հավաքականն աշխարհի առաջնությունում 7 անընդմեջ 1/8 եզրափակիչ փուլ հասնելուց հետո հաջորդ քայլը կատարելու նպատակ ունի, այն է՝ հասնել քառորդ եզրափակիչ, որտեղ չի խաղացել 1986 թվականից: 

Արգենտինայի հավաքականը ոչ միայն խմբի, այլև առհասարակ մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներից է: Եթե ընդունենք, որ արգենտինացիներն զբաղեցնելու են խմբում առաջին տեղը, իսկ մեքսիկացիները՝ երկրորդ, հավանականությունը մեծ է, որ Մեքսիկայի հավաքականը 1/8 եզրափակիչում հանդիպի Ֆրանսիայի հավաքականին, որն աշխարհի գործող չեմպիոնն է: Սա նշանակում է, որ մեքսիկացիների համար վերոնշյալ հաջորդ քայլը կատարելն այս դեպքում նույնպես բարդագույն խնդիր է: 

Եթե Սաուդյան Արաբիայի դեպքում Մեքսիկան մեծ շանսեր ունի, ապա Լեհաստանի հավաքականի դեմ մեկնարկային խաղն իսկապես կրիտիկական է: Լեհերը հավակնում են խմբից դուրս գալուն, ու հենց առաջին տուրի խաղը, ըստ ամենայնի, վճռորոշ դեր կխաղա: 

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ