VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Հերթը Հարավային Կորեայի հավաքականինն է, որը Մունդիալին կմասնակցի 11-րդ անգամ, 10-րդը՝ անընդմեջ:
Աշխարհի առաջնություններում Հարավային Կորեայի հավաքականի լավագույն արդյունքը եղել է տնային ԱԱ-2002-ում (4-րդ տեղ), իսկ 2010 թվականին հարավկորեացիներին հաջողվել է հաղթահարել խմբային փուլը: Մյուս բոլոր դեպքերում ասիական թիմը դուրս չի եկել խմբից:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 28-րդ տեղը զբաղեցնող Հարավային Կորեայի հավաքականն ընդգրկված է H խմբում և կմրցի Պորտուգալիայի, Ուրուգվայի ու Գանայի հավաքականների հետ:
Անցած ճանապարհ
Հարավային Կորեայի հավաքականը մեկնարկել է Ասիայի ընտրական գոտու երկրորդ էտապից: H խմբում հարավկորեացիները 6 խաղում տարել են 5 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի և վաստակած 16 միավորով գլխավորել աղյուսակը: Երրորդ փուլում կորեացիներն ընդգրկվել են A խմբում ու մրցել Իրանի, ԱՄԷ-ի, Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի հավաքականների հետ: 10 խաղից հետո վաստակած 23 միավորով Հարավային Կորեայի հավաքականը գրավել է երկրորդ տեղն ու նվաճել Մունդիալի ուղեգիր: Առաջին տեղով Կատար ուղևորվելու հնարավորություն է ստացել Իրանի հավաքականը:
Հարավային Կորեայի հավաքականը երրորդ էտապում խփել է 13 գնդակ: 3 բաց թողած գնդակն այս ընտրական գոտու բոլոր հավաքականների շրջանում լավագույն արդյունքն է: 4-ական գոլ բաց են թողել Իրանի ու Ճապոնիայի հավաքականները:

Խաղաոճ-տակտիկա
Վերջին շրջանում Հարավային Կորեայի հավաքականը խաղում է 4-4-2 տակտիկական դասավորությամբ, սակայն հաշվի առնելով թիմի հայտացուցակը՝ նրանք, ամենայն հավանականությամբ, աշխարհի առաջնությունում ելույթ կունենան 4-2-3-1 դասավորությամբ:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբում մրցակիցների թվում են Պորտուգալիայի ու Ուրուգվայի հավաքականները, հավանականությունը մեծ է, որ հարավկորեացիները խաղան 5 պաշտպանով մարտավարությամբ:
Հարավային Կորեայի հավաքականը եվրոպական բարձրակարգ առաջնություններում ելույթ ունեցող ֆուտբոլիստներ ունի պաշտպանությունից մինչև հարձակման գիծ: Կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն շատ բարձր է գնահատվում «Նապոլիում» անցկացրած ելույթների շնորհիվ: Նա հիանալի է գործում գնդակով, իսկ խաղային դիրքը հաշվի առնելով՝ պաշտպանական գործողությունների մասին խոսելն ավելորդ է: Նրա խաղը վճռորոշ կլինի պաշտպանությունում:
Կիսապաշտպանությունում մեծ դրակատարում ունի «Օլիմպիակոսի» կենտրոնական կիսապաշտպան Հվան Ին Բոմը: Պետք է առանձնացնել նաև հենակետային կիսապաշտպան Չոն Ու Յոնին:
Հարավային Կորեայի հավաքականը հարձակողական ոճի հիանալի ֆուտբոլիստներ ունի, որոնց թվում են Սոն Հյոն Մինը («Տոտենհեմ»), Հվան Հի Չանը («Վուլվերհեմփթոն»), Լի Կան Ինը («Մալյորկա»), Հվան Իյ Ջոն («Ֆրայբուրգ»):
Հարավային Կորեայի հավաքականը շատ հասուն թիմ է, որի խաղացողներից շատերը ֆուտբոլային տարիքի ծաղկուն շրջանում են: Աստղային խաղացող Սոն Հյոն Մինի ներկայությունն էլ հավելյալ վստահություն ու մոտիվացիա կհաղորդի մյուս ֆուտբոլիստներին:

Հարավային Կորեայի հավաքականը բավական ագրեսիվ է ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի, շատ լավ պատրաստված է օդային պայքարին: Այս հավաքականը սիրում է պրեսինգի դիմել, բարձր ինտենսիվությամբ խաղալ նույնիսկ առանց գնդակի:
Երբ գնդակը մրցակցի մոտ է, թիմը նախընտրում է խաղալ 4-1-2-3 մարտավարությամբ, սակայն համեմատաբար ուժեղ մրցակիցների հետ խաղերում գործում է նաև 4-4-2 մարտավարությամբ:
Մարզիչը
Պաուլու Բենտուն Հարավային Կորեայի հավաքականի ղեկն ստանձնել է 2018 թվականի օգոստոսին: Պորտուգալացի մասնագետն ավելի վաղ որպես գլխավոր մարզիչ աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգում», Պորտուգալիայի հավաքականում, «Կրուզեյրոյում», «Օլիմպիակոսում», Չունցինի «Լիֆանում»:
53-ամյա մասնագետի գլխավորությամբ Հարավային Կորեայի հավաքականն անցկացրել է 56 խաղ, տարել 37 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 12 ոչ-ոքի: Նրա օրոք հարավկորեացիները խփել են 106 գնդակ, բաց թողել 40-ը:
Պաուլու Բենտուի նախընտրելի տակտիկական դասավորությունը 4-1-3-2-ն է: Բենտուն Պորտուգալիայի կրկնակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր է, Արևելյան Ասիայի առաջնության հաղթող:

Գլխավոր աստղը
Անկասկած, Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր աստղը «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Սոն Հյոն Մինն է: 30-ամյա խաղացողն Ասիայի հպարտությունն էր, երբ Մոհամեդ Սալահի հետ նախորդ մրցաշրջանում նվաճեց Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը»:
Անհատական որակներով նա հիասքանչ է, թիմային խաղի տեսանկյունից՝ նույնպես: Միայն ասել, որ Սոն Հյոն Մինը կլինի Հարավային Կորեայի հավաքականի սպառնալիքի հիմնական աղբյուրը, նույնն է, որ ոչինչ չասել: Հաշվի առնելով նրա փայլուն խաղն աշխարհի երևի թե ուժեղագույն ազգային առաջնությունում՝ Պրեմիեր լիգայում, սպասելիքները նրանից շատ ավելին են:
Թիմը կարող է ապավինել Սոնի որակներին: Նա ազատ տարածություններում հիասքանչ է գործում, մենապայքարներում՝ նույնպես:
Սոնն աչքի կընկնի նաև պաշտպանական գործողություններով՝ օգնելով թիմակիցներին ու օրինակ ծառայելով: Եթե առանցքային պահերին Սոն Հյոն Մինը կարողանա փայլել, ապա քիչ չէ հավանականությունը, որ Հարավային Կորեայի հավաքականը կարողանա հաղթահարել խմբային փուլը:

Սպասելիքները
Չնայած նրան, որ Պորտուգալիայի և Ուրուգվայի հավաքականներն այս խմբից դուրս գալու հիմնական հավակնորդն են, պետք չէ անտեսել Հարավային Կորեայի հավաքականին, որի ֆուտբոլիստները որակյալ են, մոտիվացված ու նվիրված: Այս հավաքականն ունի ծաղկուն շրջանում գտնվող բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնք ելույթ են ունենում ուժեղագույն լիգաներում:
Ֆավորիտներին դիմակայելն առանցքային նշանակություն կունենա, և Հարավային Կորեայի հավաքականը կգնա հենց այդ ճանապարհով ու կփորձի կրկնել 2010 թվականի հաջողությունը՝ դուրս գալով մրցաշարի 1/8 եզրափակիչ:
Կարդացեք նաև
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ճապոնիան բարդ խմբում է, բայց կռիվ է տալու լավագույն արդյունքը կրկնելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնին խոցած թիմը հրաշալի կազմ ունի նորից սենսացիա կերտելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Գերմանիայի հավաքականը կփորձի կիսել բրազիլացիների համաշխարհային ռեկորդը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մեկ քայլ է մնում Անգլիային՝ «ֆուտբոլը տուն բերելու համար»
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնը սուպերկազմով կփորձի կրկնել 60 տարվա վաղեմության սխրանքը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բելգիայի հավաքականի «ոսկե սերնդի» վերջին հնարավորությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ռոնալդուն ամեն ինչ կանի՝ վերջին փամփուշտը դիպուկ կրակելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի «ստվերային ֆավորիտը», որը հաղթում է աշխարհի չեմպիոնին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սուպերսերունդի առաջին փորձը, որը կարող է չեմպիոնական դառնալ


