VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնության մասնակիցներին: Հերթը Ճապոնիայինն է: Ծագող արևի երկրի հավաքականը Մունդիալում առաջին անգամ հայտնվեց 1998 թվականին: Դրանից հետո նրանք աշխարհի առաջնություն բաց չեն թողել: 2002-ին Ճապոնիան ընդունող երկիրն էր Հարավային Կորեայի հետ: Կատարը 7-րդ անընդմեջ Մունդիալն է արևելյան Ասիայի գլխավոր երկրի հավաքականի համար:
Անցած ճանապարհ
Ճապոնիան իր աշխարհամասում Մունդիալի ուղեգիր նվաճելու գլխավոր հավակնորդներից էր: Նրանք նույն խմբում էին Սաուդյան Արաբիայի, Ավստրալիայի, Օմանի, Չինաստանի ու Վիետնամի հավաքականների հետ: Այս խմբի գլխավոր ֆավորիտներն Ավստրալիան ու Ճապոնիան էին: Սակայն խումբն ունեցավ անակնկալ առաջատար՝ Սաուդյան Արաբիան:

Ճապոնիան զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 10 խաղում վաստակելով 22 միավոր: Նրանք ևս ուղիղ ուղեգիր նվաճեցին դեպի Կատար, իսկ ահա Ավստրալիան մնաց երրորդ տեղում ու միայն անցումային խաղերից հետո հայտնվեց աշխարհի առաջնությունում: Ճապոնիան, չնայած երկրորդ տեղով դուրս գալուն, շատ վստահ տեսք ուներ ու իր երկրպագուներին անհանգստության առիթ չտվեց:
Տակտիկա-խաղաոճ
Ճապոնիայի հավաքականը հիմնականում խաղում է 4-2-3-1 խաղային սխեմայով: Թիմի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն եղել է հենակետային կիսապաշտպան: Նա ժամանակին խաղացել է Ճապոնիայի հավաքականում ու հիմա էլ իր մարզչական գաղափարներով է փորձում օգնել ծագող արևի երկրի թիմին:

Ճապոնիան ամուր պաշտպանություն ունի: Ընտրական մրցաշարում նրանք ընդամենը 4 գոլ են ընդունել: Սա աշխարհամասում լավագույն արդյունքն էր Հարավային Կորեայի հավաքականից հետո: Երբեմն Մորիյասուն կիրառում է նաև 4-3-3 խաղային սխեման, սակայն ավելի օպտիմալ է 4-2-3-1-ը: Այսպես, հենակետային գոտին խորություն է ստանում:
Մարզիչը
Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն 2018 թվականից է գլխավորում ազգային թիմը: Նախորդ Մունդիալի ժամանակ Մոմիյասուն գլխավոր մարզիչ Ակիրա Նիշինոյի օգնականն էր: Ճապոնիայի հավաքականը հաղթահարեց խմբային փուլն ու 1/8 եզրափակիչում պարտվեց Բելգիային 2-3 հաշվով, թեպետ խաղի ընթացքում ուներ 2 գոլի առավելություն:
Նիշինոյի նշանակումը ժամանակավոր էր: Մունդիալից հետո նա հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Ճապոնիայի հավաքականի ղեկը վստահվեց հենց Հաջիմե Մորիյասուին: Նրան կարևորագույն առաքելություն էր վերապահված. այն էր՝ հավաքականում կատարել սերնդափոխություն: Ճապոնիայի հայտացուցակում 2018 թվականին չկար 25 տարեկանից երիտասարդ ֆուտբոլիստ: Ավելի փորձառու կազմ ընտրելով՝ նրանք ցանկանում էին արդյունքի հասնել: Սակայն ակնհայտ էր, որ սերնդափոխությունն անխուսափելի է:

Մորիյասուն այդ ուղղությամբ շատ լավ աշխատանք կատարեց ու սկսեց ազգային թիմում ներգրավել երիտասարդ ու հեռանկարային խաղացողների: Առաջին ու ցայտուն օրինակը Տակեհիրո Տոմիյասուին հրավիրելն էր: Նա հավաքականում նորամուտը նշեց 20 տարեկանում:
Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը մինչև հավաքականում օգնականի աշխատանք կատարելն ու ազգային թիմը գլխավորելը նաև ակումբային գործունեություն է ծավալել: Մորիյասուն աշխատել է ճապոնական «Սանֆրեչե Հիրոսիմայում»: Այդ ակումբի հետ նա իր նորամուտի մրցաշրջանում դարձավ Ճապոնիայի չեմպիոն: 2015 թվականին Մորիյասուն այս ակումբին առաջնորդեց նաև աշխարհի ակումբային առաջնությունում մինչև կիսաեզրափակիչ: «Սանֆրեչե Հիրոսիման» կիսաեզրափակիչում պարտվեց արգենտինական «Ռիվեր Փլեյթին»: Երրորդ տեղի համար պայքարում նրանք ուժեղ էին չինական «Գուանյու Էվերգրանդից»: Այնպես որ, Մորիյասուն թե՛ ակումբում, թե՛ հավաքականում աշխատելու փորձ ունի:
Գլխավոր աստղը
Այստեղ ընտրությունը բավականին մեծ է: Անունով, երևի թե, այդ աստղը Տակումի Մինամինոն է: Ճապոնացին խաղում էր «Լիվերպուլում»: Այս ամռանը գուցե հենց կայուն խաղաժամակ ստանալու ու Մունդիալին առավել պատրաստ լինելու նպատակով նա փոխեց ակումբը՝ տեղափոխվելով «Մոնակո»: Սակայն խաղային առումով Մինամինոյին գերազանցող ֆուտբոլիստ կա, որը ներկայացնում է Գերմանիայի Բունդեսլիգան:

Թե՛ անցած, թե՛ այս մրցաշրջանում հրաշալի տպավորություն է թողնում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դաիչի Կամադան: Այս խաղացողն Օլիվեր Գլասների թիմի առաջատարներից է: «Այնտրախտն» անցած մրցաշրջանում հաղթեց Եվրոպա լիգայում ու հայտնվեց Չեմպիոնների լիգայում: Նրանք կարողացան հաղթահարել նաև ամենահեղինակավոր եվրագավաթի խմբային փուլը: Բունդեսլիգայում Կամադան 7 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել: Բոլոր մրցաշարերում նա 22 խաղի է մասնակցել՝ խփելով 12 գոլ ու կատարելով 4 գոլային փոխանցում: Նրա խաղից շատ բան է կախված լինելու Ճապոնիայի հավաքականում:

Երիտասարդների մեջ կարելի է առանձնացնել Տակեֆուսա Կուբոյին: Նա այս ամռանը փոխեց ակումբը՝ կարիերան շարունակելով «Ռեալ Սոսիեդադում»: Կուբոն Ալգուասիլի թիմում իրեն շատ լավ է զգում: Նրա վառ խաղը կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար:
Բազմափորձ խաղացողներից հավաքականում է նաև Յուտո Նագատոմոն: «Ինտերի» երբեմնի ձախ պաշտպանն այս պահին խաղում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն ներկայացնող համանուն ակումբում: Նա հավանաբար կխաղա պաշտպանության ձախ եզրում: Երիտասարդ կազմով թիմում նրա ներկայությունն ու փորձը մեծ օգուտ կտա:
Սպասելիքներ
Ճապոնիայի հավաքականը Մունդիալների պատմության մեջ 1/8 եզրափակիչից հեռու չի գնացել: Խմբային փուլը նրանք հաղթահարել են երեք անգամ: Դա տեղի է ունեցել 2002-ին, 2010-ին և 2018-ին: Նախորդ Մունդիալում նրանք շատ մոտ էին քառորդ եզրափակիչին, սակայն Բելգիան խառնեց նրանց ծրագրերը: Այս անգամ բարդ է լինելու նույնիսկ 1/8 եզրափակիչ հասնելը:
Ճապոնիան նույն խմբում է աշխարհի նախորդ երեք չեմպիոններից երկուսի հետ: Այստեղ են 2010 թվականի չեմպիոն Իսպանիան, 2014-ի չեմպիոն Գերմանիան ու նաև Կոստա Ռիկան: Իհարկե, բացահայտ ֆավորիտները Գերմանիան ու Իսպանիան են, սակայն այս թիմերին տհաճություններ պատճառել կարելի է:
Ճապոնիայի համար բարեհաջող է դասավորվել նաև խմբի վիճակահանությունը: Առաջին տուրում նրանք խաղալու են Գերմանիայի հետ, այնուհետև մրցակիցը Կոստա Ռիկան է: Ու միայն երրորդ տուրում Մորիյասուի տղաները հանդիպելու են Իսպանիայի հավաքականի հետ: Բացառված չէ, որ երկրորդ ուղեգրի հարցը որոշվի հենց այս խաղում: Գերմանիան ամեն դեպքում խմբի առաջին ուղեգրի գլխավոր ֆավորիտն է թվում, թեպետ այսպիսի մրցաշարում ամեն ինչ էլ կարող է պատահել:
Ամեն դեպքում հստակ է, որ Ճապոնիան կռիվ է տալու բոլոր խաղերում: Նրանց համար խմբային փուլում փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար պայքար մղելն էլ մեծ նվաճում կլինի այս հավաքականների հետ: Անկախ ամեն ինչից, Մորիյասուն հրաշալի աշխատանք է կատարել ու լավ թիմ ստեղծել: Այնպես որ, պետք է սպասել ու հասկանալ, թե ինչ է տալու վերափոխված Ճապոնիան:
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը


