Իրանի հավաքականի դարպասապահ Ալիրեզա Բեյրանվանդը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Անգլիայի հավաքականի դեմ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին տուրի հանդիպումը։
Խաղի սկզբնամասում Իրանի «Պերսեպոլիս» ակումբի դարպասապահն ուղեղի ցնցում է ստացել թիմակցի հետ բախման հետևանքով։ 30-ամյա Բեյրանվանդին մոտ 10 րոպե բուժօգնություն են ցուցաբերել խաղադաշտում։ 20-րդ րոպեին նա փոխարինվել է, իսկ առաջին խաղակեսին ավելացվել է 14 րոպե։ Ալիրեզա Բեյրանվանդի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 30-ամյա Հոսեյին Հոսեյինին։
Առաջին խաղակեսից հետո անգլիացիները հաղթում են 3-0 հաշվով։



